Աբսուրդ է բռնանալ մարդու սիրուն. Հովհաննես Իշխանյան

Pink Armenia հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված «Լսի’ր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքի մասին է: Ֆիլմում ԼԳԲՏԻ համայնքի 10 անդամ տեսախցիկի առջև պատմում է իր պատմությունը: 

LGBTnews-ը զրուցել է ֆիլմի սցենարիստ Հովհաննես Իշխանյանի հետ:

– Ո՞րն է, ըստ ձեզ, ֆիլմի այն արժեքը, ինչի համար այն պիտի ստեղծվեր:

– Երբ մի ամբողջ խմբի մասին բացասական կարծիք է տարածված, այդ կարծիքը ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ աբստրակտ մի զանգվածի մասին է. չի գիտակցվում, որ անհատականություններ կան, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն, իր կյանքն ունի: Այս Ֆիլմը հնարավորություն է տալիս տեսնելու, թե ովքեր են այն մարդիկ, որոնք հայաստանյան հասարակությունում ընդհանրապես ընդունված չեն, ովքեր ամենախոցելին են այս երկրում:

– Այսինքն՝ ակնկալվում է, որ ֆիլմի հերոսները մարդկանց մտածելու տեղիք կտան և կփոխեն վերաբերմունքը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ:

– Եթե մարդիկ իրենք իրենց հարցեր տալիս են և ոչ թե իրենց համար փակել են ուսումնասիրելու մարդկային հատկությունն, ապա, բնականաբար, ֆիլմը պիտի մտածելու տեղիք տա: Օրինակ՝ վերջին հետազոտությունը, որը «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է Pink Armenia-ն, ցույց տվեց, որ նույնասեռականների հանդեպ ատելությունը հիմնականում ավելի արտահայտված է այն մարդկանց մոտ, որոնք նրանց չեն ճանաչում, անմիջականորեն չեն առնչվել: 

– Ֆիլմի հերոսները տասը անձինք են, որոնք իրենց պատմություններն են պատմում տեսախցիկի առաջ: Տասը ա՞նձ է խոսելու ցանկություն հայտնել, թե՞ ընտրվել են ցանկություն հայտնողներից 10-ը: 

– Մենք ի սկզբանե մի սկզբունք էին ընտրել, այն է՝ ֆիլմի ստեղծմանը կմասնակցեն այն մարդիկ, ովքեր դեմ չեն լինի ցույց տալ իրենց դեմքը: Ուզում էինք, որ ֆիլմում մարդը երևա: Երբ ֆիլմի ռեժիսորի`Գագիկ Ղազարէի հետ սկզբում քննարկում էինք ֆիլմի ձևաչափը, մտածում էինք, թե ինչ լուծում կարելի է գտնել, որ հերոսների դեմքերը չերևան, որովհետև մտավախություն ունեինք, որ մարդիկ չեն համաձայնի խոսել բաց դեմքերով: Բայց երբ «Ծիածան» ֆորումի ժամանակ ներկայացրի նախագիծը, մի քանի հոգի միանգամից ոգևորված ասացին, որ իրենք պատրաստ են բաց խոսել տեսախցիկի առաջ և պատմել իրենց պատմությունը: Եվ մենք ընտրեցինք նրանց, ովքեր համաձայնեցին խոսել՝ չթաքցնելով դեմքը: 

– Ինչո՞ւ հենց «Լսի՛ր ինձ»: 

– Ռեժիսորի`Գագիկ ՂազարԷի միտքն էր, որը ես էլ շատ հավանեցի… Ձայնազրկության մասին է, մարդու, ով ուզում է պոռթկալ: Բանն այն է, որ ԼԳԲՏԻ անձանց ուղղված բոլոր բացասական մտքերը, հայհոյանքները, ատելության խոսքն անընդհատ շրջանառության մեջ են, և այդ աղմուկում ԼԳԲՏԻ անձանց խոսքը չի լսվում: Դա կարող է լինել վախից կամ մեկ այլ պատճառով: Երևի նորմալ է, որ մարդը չի ցանկանում այդքան հայհոյանքների ներքո իր խոսքը հնչեցնել, մինչդեռ շատ կարևոր է, որ այս մարդկանց խոսքը լսվի: 

– Ո՞րն է, ըստ ձեզ, ֆիլմի շարժիչ ուժը: 

– Կերպարների քաջությունն է: Գուցե եթե Հայաստանում չլինեինք, այլ մեկ ուրիշ`ավելի նորմալ միջավայրում, քաջությունը շարժիչ ուժ չլիներ: Բացի այդ՝ կերպարներն էլ լի կյանքով են ապրել և խարիզմատիկ մարդիկ են: Ֆիլմում ինձ գրավում է այն, որ 10 հերոսներից յուրաքանչյուրն անհատականություն է՝ մեկը մյուսից տարբեր:  

Բազմազանություն կա ֆիլմում, որը ցույց է տալիս, թե ԼԳԲՏԻ մարդիկ ինչ անհատականություններ են: Եվ երբ նրանց բոլորին բերում և մի կաթսայի մեջ են տեղավորում՝ հայտարարելով, որ պետք է բոլորին վառել… Երբ կաթսայում վառելու մարդիկ չկան… Ֆիլմը, կարծես, ցույց է տալիս, թե ում են ուզում վառել ատելություն տարածողները: 

– Ո՞ւմ եք առաջին հերթին ակնկալում տեսնել որպես ֆիլմի հանդիսատես: 

– Կարևորում եմ, որ պատգամավորները տեսնեն ֆիլմը: Հայտնի է, որ Հայաստանի իշխանությունների շատ կարկառուն ներկայացուցիչներ հոմոֆոբ են, ու ես հուսով եմ, որ ֆիլմը դիտելուց հետո նրանք գոնե մի փոքր կմտորեն: Չնայած խնդիրը միայն ներքին հոմոֆոբիան չէ, մյուս կողմից էլ սա քաղաքականություն է: Նրանց մի մասը կարծում է, որ ԼԳԲՏԻ անձանց իրավունքները պաշտպանելու դեպքում ընտրազանգված կկորցնեն, և արդյունքում ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Մարդիկ կան, որոնք անգամ բաց տեքստով ասում են այս ամենը: Ուզում եմ, որ ֆիլմը տեսնեն նաև իմ այն ընկերները`մանկության, պատանեկության, ուսանողական տարիների կամ ավելի ուշ ձեռք բերած, որոնց հետ այս թեմայով հաճախ եմ վեճի բռնվում: Մի բան է, որ այդ ամենը ես եմ ասում և մեկ այլ բան, երբ կոնկրետ մարդու կերպարն է հայտնվում իրենց առաջ և կոնկրետ մարդն է խոսում իրենց հետ: 

– Հոկտեմբերի 11-ին ֆիլմի առաջին՝ փակ ցուցադրությունը եղավ, որին հետևեցին այլ ցուցադրություններ ևս: Հրավիրվե՞լ էիք իրավասու անձանց, որոնք պարտավոր են զբաղվել ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: 

– Մենք առաջին ցուցադրությանը հրավիրել էինք համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների, որոնք մեր համոզմամբ առնչություն ունեն այդ խնդրի հետ: Նրանք, սակայն, չէին եկել: Հրավիրել էինք նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի անդամների, և ոմանք եկել էին: 

– Նպատակ ունեցե՞լ եք ֆիլմով նաև ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներին ինչ-որ ասելիք տեղ հասցնել: 

– Ես ձեր այս հարցի մասին երբեք չէի մտածել: Բայց, իսկապես, ֆիլմի հերոսները բոլորն էլ ինչ-որ մի տարիքում ինքնամերժման փուլում են եղել ու խնդիրներ են ունեցել, դեպրեսիայի, ծանր վիճակի մեջ են եղել, մտածել, որ պիտի իրենց փոխեն, ինչն իրականում անհնար է: Ֆիլմում կա մարդ, ով խոսում է այն մասին, որ այդ տարիքում անզորությունից ինքնասպանության մասին է մտածել: Հիմա մենք չգիտենք, թե ովքեր են այն մարդիկ, որոնք գուցե ունեն այդ նույն խնդիրները, ինչ ֆիլմի հերոսներն են ունեցել իրենց կյանքի տարբեր փուլերում, բայց եթե նրանք դիտեն ֆիլմը, գուցե դա օգնի, որ ավելի հեշտ անցնեն այդ ճանապարհը: Նմանին գտնելը օգնում է: Մարդն իր արտաքին կյանքը հեշտացնելու համար չպիտի բարդացնի իր ներքին կյանքը: Վերջերս մտածում էի, որ ԼԳԲՏԻ անձանց պատմությունը հաճախ նույն այն իրավիճակն է, երբ աղջիկներին վաղ տարիքում առանց իրենց ցանկության ամուսնացնում են կամ նույն «Ռոմեո և Ջուլիետ»-ի պատմությունն է, երբ ընտանիքները չեն թողնում, որ այդ մարդիկ միմյանց սիրեն: ԼԳԲՏԻ անձանց դեպքում էլ նույն բանն է. մարդկանց չեն թողնում, որ իրենք սիրեն իրենց ընտրած մարդուն: Սա 21-րդ դարում աբսուրդ է՝ բռնանալ մարդու սիրուն: Չէ՞ որ հայհոյանքներն ու ատելության խոսքը հենց այն բանի համար են հնչեցվում, որ մարդուն արգելվի սիրել նրան, ում ինքը ուզում է սիրել: