Ադրբեջանական ԼԳԲՏ կազմակերպությունը Եվրոպական խաղերին ընդառաջ լայնածավալ արշավ է սկսել

Հունիսի 12-28-ը հարևան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում առաջին անգամ կայանալիք «Եվրոպական խաղեր 2015»-ին ընդառաջ երկրում վերջերս ձևավորված՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Nefes կազմակերպությունը լայնամասշտաբ արշավ է ծրագրում, որի նպատակը «եվրոպական ու համաշխարհային հանրությունների ուշադրության սևեռումն է երկրում ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակի ուղղությամբ»:

 

Կազմակերպության նախագահ Ջավիդ Նաբիևը ադրբեջանական ԶԼՄ-ների էլեկտրոնային հասցեներին հաղորդագրություն է ուղարկել՝ կոչ անելով աջակցել “Compete 4 Equility” խորագրով արշավին: Կազմակերպությունը ԼԳԲՏ անձանց և նրանց իրավունքների պաշտպաններին առաջարկում է ծիածանագույն դրոշով լուսանկարներ ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին: Յուրօրինակ ֆլեշմոբի կոչը բացասական արձագանք է գտել ադրբեջանական լրատվամիջոցներում: 

 

Նաբիևը նաև նշել է ֆլեշմոբի թիրախ խումբը. դրանք են՝ Եվրախորհրդարանը, Օլիմպիական միջազգային կոմիտեն, ILGA World և ILGA Europe կազմակերպությունները, Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարությունները, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: 

 

Ադրբեջանական լրատվամիջոցները «սադրանք» են որակել այս նախաձեռնությունը, որը, դատելով կազմակերպության պաշտոնական կայքից, շատ հաջող մտածված ակցիա է: