Ադրբեջանցի երկու ԼԳԲՏ ակտիվիստ սպառնալիքների պատճառով լքել է երկիրը

Ադրբեջանի երկու ԼԳԲՏ ակտիվիստներ սպանության սպառնալիքների պատճառով լքել են երկիրը, գրում է Gayby.net-ը:

 

Սպառնալիքները Բաքվի գեյերի նկատմամբ սկսվել են այն բանից հետո, երբ վերջիններս սոցիալական ցանցերում տեղադրել են իրենց նշանադրության արարողությունից արված լուսանկարներ:

 

«Մենք հոմոֆոբների թիրախը դարձանք այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հայտնվեցին Facebook-ի իմ էջից ֆոտոներ, որոնք արվել էին մեր փոքրիկ նշանադրության արարողության ժամանակ»,- ասել է Ջավիդ Նաբիևը՝ սպառնալիքների զոհերից մեկը:

 

Հայտնի դառնալուց հետո միասեռականները սպառնալիքների ու վիրավորանքների թիրախ են դարձել: 25-ամյա Նաբիևը հայտնել է, որ ինքը և իր զուգընկերը լքել են երկիրը և պլանավորում են առաջիկա ժամանակահատվածում արտասահմանում գտնվել: Նրանց գտնվելու երկիրը չի հստակեցվում:

 

ԼԳԲՏ ակտիվիստների դժգոհությունն ավելի շատ առաջացնում է հասարակությունը, քան իշխանության ներկայացուցիչները, սակայն վերջինները նույնպես անհանգստության պատճառ կարող են լինել: Ադրբեջանում գոյություն ունեն ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության մի շարք կազմակերպություններ, սակայն դրանցից և ոչ մեկը գրանցված չէ որպես հասարակական կազմակերպություն:

 

«Սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնության գործադրման պաշտոնական տվյալներ չկան, սակայն իրավապահ մարմինները ոչ միշտ են ընդունում այդ դիմումները՝ նախապաշարմունքային վերաբերմունքով պայմանավորված»,- նշում է «Ազատ ԼԳԲՏ» կազմակերպության ակտիվիստ Գյուլնարա Ազիմզադեն:

 

Նրա խոսքով՝ ոստիկանություն դիմելը «հիմնականում անիմաստ է, քանի որ իրավապահ մարմիններում մեզ ստորացուցիչ կերպով են վերաբերում»: