Ազգայինն ավանդականը չի․ Մարինե Պետրոսյան

LGBTnews-ը շարունակում է զրույցների շարքը հասարակական գործիչների հետ, և այս անգամ մեր զրուցակիցն է բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը։ 

֊ Մարինե, դու շատ ես գրում Հայաստանի քո տեսլականի մասին. ի՞նչ կարգավիճակ կամ տեղ ունեն ԼԳԲՏԻ մարդիկ քո պատկերացրած ապագա Հայաստանում։

֊ Ես ապագա Հայաստանը պատկերացնում եմ որպես մեր մեծ տարածաշրջանի ամենազարգացած, առաջատար երկիրը։ Եվ զարգացած երկիր ասելով՝ նկատի չունեմ միայն տնտեսությունը, այլ նախ և առաջ մարդկային հարաբերությունները, կյանքի կազմակերպման նոր ձևերը։ Եթե ելնենք էսօրվա վիճակից՝ իմ ասածը գուցե ֆանտաստիկ թվա, քանի որ էսօրվա Հայաստանում, մասնավորապես՝ կրթության ոլորտում, ճիշտ հակառակ քաղաքականությունն ա վարվում՝ քարոզվում են պահպանողական արժեքներ, որոնք ներկայացվում են որպես ազգային արժեքների մեխը։ Սա ազգային գոյատևման ավանդական ռազմավարությունն ա, որը ինչ որ տեղ գուցե անխուսափելի էր անպետություն ժամանակներում, բայց էսօր վերածվել ա կատարյալ անախրոնիզմի։

Մեզ ոչ թե գոյատևում ա պետք, այլ զարգացում։ Իսկ զարգացումը, ոնց որ ասեցի, ենթադրում ա կյանքի կազմակերպման ձևերի նորացում։ Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ բացասական վերաբերմունքը Հայաստանում մի հիմնական մասով սնվում ա էն պատկերացումից, թե ազգայինը ավանդականն ա, թե ավանդականի խարխլումը խարխլում ա նաև ազգայինը։ Հենց էս պատկերացումն ա պետք փոխել և հասնել նրան, որ ազգայինը չնույնացվի ավանդականի ու պահպանողականության հետ։ Դրան հասնելն, իհարկե, հեշտ չի, դա ենթադրում ա հեղափոխություն կատարել ազգայինի պատկերացումների մեջ և դա, իմ համոզմամբ, հենց էն դժվար, բայց գլխավոր և պարտադիր փոփոխությունն ա, որին կհետևեն մնացած փոփոխությունները։

֊ Քո նկարագրած ազգայինը, որ թերևս ազգային-առաջադիմական կամ ազատական կարելի ա բնութագրել, ենթադրո՞ւմ է, որ ԼԳԲՏԻ մարդիկ, մյուս բոլոր մարդկանց հետ հավասար, իրանց բոլոր իրավունքներն իրացնելու հնարավորություն պիտի ունենան՝ միմյանց հետ ամուսնանալու, երեխա որդեգրելու, արյան դոնորության և այլն, իսկ տրանսգենդեր մարդիկ՝ լեգալ սեռափոխության։

֊ Այո՛, իմ պատկերացրած ապագա Հայաստանում ԼԳԲՏԻ մարդիկ կունենան քո նշած բոլոր իրավունքներն իրացնելու հնարավորություն։ Բայց դրանք օրենսդրորեն ամրագրելուց առաջ շատ կարևոր ա նախ փոխել տիրապետող պատկերացումները, վերաբերմունքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ։ Եթե պատկերացումները նույնը մնան և ընդամենը օրենսդրությունը նորացվի՝ էդ օրենսդրությունը իրականության մեջ դժվար թե աշխատի։

Ավելին՝ եթե հին պատկերացումները շարունակեն տիրապետող մնալ ու հակառակ դրան՝ հենց էսօր Հայաստանում, ասենք, օրինականացվեն ամուսնությունները նույն սեռի մարդկանց միջև, դա շատերի կողմից կդիտվի որպես դրսից մտցված մի բան, նահանջ Արևմուտքի պահանջների առաջ, ինչը կծնի հակազդեցություն և կարող ա խորացնել որոշ շերտերի մեջ եղած բացասական վերաբերմունքը ԼԳԲՏԻ մարդկանց նկատմամբ։

Ուրեմն՝ ճիշտ ճանապարհը ոչ թե էն ա, կարծում եմ, որ նայենք, թե ԼԳԲՏԻ մարդիկ դրսում ինչ իրավունքներ ունեն և դրանք բոլորը միանգամից արագ տեղափոխենք Հայաստանի օրենսդրություն, այլ էն, որ Հայաստանում ինքներս անցնենք էն ճանապարհը, որով անցել են էդ երկրները՝ հասնելով էսօրվան։ Այսինքն՝ հասնենք էն գիտակցությանը, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մեջ ոչ մի ամոթ բան չկա։ Որից հետո արդեն օրենսդրորեն քո նշած իրավունքները ամրագրելը կգա որպես բնական մի բան։

֊ Դու, փաստորեն, առաջարկում ես փոփոխությունները սկսել մարդկանց մտածողության փոփոխությունից։ Բայց քո նշած տիրապետող պատկերացումները փոխելու համար շատ կարևոր է բարձրաձայնել խնդիրը, վերհանել պրոբլեմները։ Դու ամենասուր ու կարևոր հարցերի մասին հաճախակի գրում ես՝ քո բլոգում, ֆեյսբուքում, բանաստեղծություններում, ակտիվորեն մասնակցում ես թեժ բանավեճերին։ ԼԳԲՏԻ մարդկանց դրությունը Հայաստանում ու նրանց իրավունքների վիճակի շուրջ խոսակցություններն ամենասուր թեմաներից են, բայց ես չեմ հիշում, որ դու հաճախ անդրադառնալիս լինես այս հարցին։ Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը, որ հանրայնորեն ակտիվ շատ մարդիկ, որ ընդունում են  ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների իրացման անհրաժեշտությունը, շատ հաճախ կարծես թե չեն նկատում կամ նկատում ու շրջանցում են այս թեման։

֊ Կարծեմ մի փոքր սխալ ես հիշում, ես հեռուստատեսությամբ մի քանի անգամ մասնակցել եմ էս թեմայով բանավեճերի, որից հետո, ի դեպ, ոչ միայն օնլայն հարձակումների թիրախ էի դառնում, այլև եղել ա՝ փողոցում էլ եմ արկածների հանդիպել։ Բայց ինքս, այո՛, հատուկ էս խնդրին նվիրված տեքստեր չեմ գրել։

Ինչո՞ւ չեմ գրել։ Ինքս ինձ երբեք էս հարցը չէի տվել, հիմա որ դու տվեցիր՝ փորձեմ հասկանալ, թե ինչու։ Նախ և առաջ, երևի, որովհետև ինձ շատ մեծ գիտակ չեմ համարում էս հարցում։ Ու նաև որովհետև ժամանակը անսահման չի ու ես նախընտրում եմ անդրադառնալ էն խնդիրներին, որոնց մասին, գուցե անհամեստությանս պատճառով ա ինձ տենց թվում, եթե ես չգրեմ՝ ուրիշ ոչ մեկը չի գրի։ Ինձ հուզող ամենասուր խնդիրն էսօր Հայաստանի վրա իջած հուսալքության մառախուղն ա, իմ մեծ կռիվը դրա դեմ ա, ես փորձում եմ նոր Հայաստան կառուցելու պոզիտիվ ծրագիրը խոսքի մեջ առարկայացնել, մեր հանրային կարողության նկատմամբ իմ հավատը հիմնավորել, ուրիշ բանի համար ժամանակ չի մնում։

֊ Հայաստանի վրա իջած հուսալքության մառախուղն աբստրակտ չի, կան կոնկրետ պատճառներ, մառախուղներ հենց այնպես չեն գոյանում, չէ՞։ ԼԳԲՏԻ համայնքը հասարակության մոտ 10 տոկոսն է, ու այդ մարդկանց համար քո նշած մառախուղն էլ ավելի խիտ է՝ հայտնի պատճառներով։ Հուսալքության այդ մառախուղը ցրելու լավագույն ձևը չի՞ արդյոք մարդկանց գոնե ապագայի դրական պատկերով հույս ու հավատ ներշնչելն ու ցույց տալը, որ մարդիկ կան, որոնք ասում են՝ ազգայինը սա՛ է՝ նաև ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների իրացո՛ւմն է, և հակառակն ապազգայինն է։

֊ Հայաստանում տիրող հուսալքության պատճառը ոչ թե պարզապես ծանր իրականությունն ա, այլ մարդկանց ակնկալիքների բախումն ա էդ իրականությանը։ Մարդիկ հավատացին ընդդամիդիր ուժերին, ոգևորվեցին, ոտքի կանգնեցին, ոչնչի չհասան, ու մեծ ոգևորությանը փոխարինելու եկավ նույնքան մեծ հուսալքությունը։

Ես սրանից մեկ հետևություն եմ արել՝ ռեալ փոփոխությունների հասնելու համար պետք ա ճիշտ ռազմավարություն։ Իմ պատկերացրած գլխավոր խնդիրը, արդեն ասեցի, էս ա՝ փոխել հայերիս մեջ վերջին մի քանի դարում արմատացած էն պատկերացումը, որը ազգայինը նույնացնում ա ավանդույթի հետ և ավանդույթը կոտրելը համարում ա սպառնալիք։ Սա ինքնին շատ դժվար խնդիր ա, ու եթե ընտրվի սխալ ռազմավարություն՝ դրա լուծումը անհնար կդառնա։ Եթե ես հայտարարեմ, որ ավանդական շատ պատկերացումներ մեզ խանգարում են, որ մեզ էսօր նորացում ա պետք և որպես օրինակ հենց սկզբից բերեմ նույնասեռականության հարցը՝ իմ պարտությունը երաշխավորված կլինի, որովհետև դա շատ զգայուն հարց ա և էդ հարցից սկսելով՝ ես ոչ մի բանի էլ չեմ հասնի։

Ի դեպ, ես քո նման վստահ չէի պնդի, թե ԼԳԲՏԻ համայնքի անդամները ավելի հուսահատ են, քան մնացած հայաստանցիները։ ԼԳԲՏԻ համայնքը էսօր բավական լավ կազմակերպված ա արդեն, ունի սեփական խնդիրները բարձրաձայնելու և լուծելու խողովակներ։ Իսկ հայաստանցիների մեծամասնությունը դա էլ չունի էսօր։

Զրույցը վարեց Ա․ Մինասյանը