Ազգային ժողովն ԼԳԲՏ անձանց խնդիրների լուծման հարցում լուրջ անելիքներ ունի. նախկին օմբուդսմեն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրված թեկնածու, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Արմեն Հարությունյանը, ով եղել է Հայաստանի Մարդու իրավունքների երկրորդ պաշտպանը, վստահ է, որ «Իրավունք» թերթում հրապարակված «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածում ակնհայտ է ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումը: 

 

Հիշեցնենք, որ 2014-ի մայիսի 17-ին «Իրավունք» թերթի կայքում հրապարակվել է «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված: Հոդվածի ներքևի հատվածում տեղադրվել են մի խումբ անձանց ֆեյսբուքյան էջից հղումներ, որոնց էլ ուղղված է վերոնշված հոդվածը: Նյութում առկա են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «սրանք գեյ քարոզչության դրույթերին հավատացող զոմբի են», «յուրաքանչյուր լոբբիստ ազգի և պետության ներքին թշնամին է» և այլն, որոնք այդ քաղաքացիները համարում են իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, ինչպես նաև վստահ են, որ այդ արտահայտություններն իրենց մեջ պարունակում են ատելության և խտրականության կոչ: Ընդդեմ «Իրավունք»-ի դատական հայց են ներկայացրել 16 քաղաքացիներ՝ մի հայցով և 3 քաղաքացիներ՝ մեկ այլ, ինչպես նաև մի հասարակական կազմակերպություն: 16 քաղաքացիների հայցը մերժել է ինչպես առաջին ատյանի, այնպես էլ՝ վերաքննիչ դատարանը: Իսկ 3 քաղաքացիների և հ/կ-ի հայցերով առաջին ատյանի դատարանը դեռևս վճիռներ չի կայացրել: 

 

«Անկախ այն բանից, թե ինչ վճիռ է կայացրել դատարանը կամ ինչ է կայացնելու, եթե ինձ եք հարցնում, ապա ես կարող եմ ասել, որ հոդվածը վառ խտրականության օրինակ է: Մարդն ունի մասնավոր կյանքի իրավունք, և նա ապրում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում»,- ասաց Հարությունյանը:

 

Նա լուրջ և մտահոգիչ ցուցանիշ համարեց այն հանգամանքը, որ Հայաստանում ԼԳԲՏ անձանց հիմնարար իրավունքների ու ազատությունների զգալի մասն ուղղակի կամ անուղղակի կերպով ոտնահարվում ու սահմանափակվում են և կարծիք հայտնեց, որ եկել է ժամանակը, որ պետությունը միջոցներ ձեռնարկի՝ այդ անձանց իրավունքները պաշտանելու ուղղությամբ:

 

Մեր դիտարկմանը, որ պետությունը ներկայացնող շատ պաշտոնյաներ պարզապես ի վիճակի չեն լուծել ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների հետ կապված խնդիրները, քանի որ կամ տեղյակ չեն դրանց, կամ խուսափում են, կամ, որ ավելի մտահոգիչ է, հենց իրենք են հրաժարվում ԼԳԲՏ անձանց ճանաչել որպես ՀՀ լիարժեք քաղաքացիներ, Հարությունյանն ասաց.

  

«Ես չեմ ցանկանում առանձին պատգամավորներին գնահատականներ տալ, սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ Ազգային ժողովն այս խնդիրների լուծման հարցում լուրջ անելիքներ ունի, իսկ Ազգային ժողովի անելիքները հենց պատգամավորների անելիքներով են պայմանավորված»:

 

Միաժամանակ Հարությունյանը նշեց, որ իր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակահատվածում ԼԳԲՏ բազմաթիվ անձինք իրենց նկատամբ խտրական վերաբերմունքի առիթով դիմում էին օմբուդսմենի գրասենյակ, սակայն հետագայում չէին ցանակնում, որ իրենց հարցերի մասին բարձրաձայնվի:

 

«Բայց մենք գիտեինք, որ նրանց նկատմամբ այդ խտրական վերաբերմունքը կա, և կարծում եմ՝ հիմա էլ ոչինչ չի փոխվել»,- ասաց Հարությունյանը: