Ալան Թյուրինգի մասին պատմող «Նմանակման խաղ» ֆիլմն արժանացավ ընդամենը մեկ «Օսկարի»

Հայտնի մաթեմատիկոս, ինֆորմատիկայի ու գաղտնագրերի մասնագետ, տրամաբանող Ալան Թյուրինգի մասին պատմող «Նմանակման խաղ» (The Imitation Game) ֆիլմի սցենարի հեղինակ Գրեմ Մուրը «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի: 

 

Նշենք, որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական «Էնիգմա» ռազմական գաղտնագրման էլեկտրամեխանիկական մեքենայի ապակոդավորումը հայտնաբերած և դրանով նացիստական Գերմանիայի պարտությանը մեծապես նպաստած Թյուրինգը նույնասեռական է եղել: 

 

Ֆիլմը «Օսկարի» էր ներկայացվել ութ անվանակարգերում: Այն պայքարում էր «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական գործ», «Տղամարդու լավագույն դերակատար», «Երկրորդ պլանում կնոջ լավագույն դերակատար», «Ադապտացված լավագույն սցենար», «Ֆիլմի լավագույն երաժշտություն», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն բեմադրող նկարիչ» մրցանակների համար, սակայն, փաստորեն, նվաճեց միայն մեկ «Օսկար»: 

 

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալեխանդրո Գոնսալես Ինարիտուի Birdman ֆիլմը:

 

Հիշեցնենք, որ 1952-ին Ալան Թյուրինգը մեղավոր է ճանաչվել «կոպիտ անպարկեշտության» մեղադրանքով (այսպես կոչված «Լաբուշերի օրենսդրական լրացումը», որով Մեծ Բրիտանիայում նույնասեռականների նկատմամբ քրեական հետապնդում էր ենթադրվում), և նրան առաջարկել են ընտրություն կատարել ազատազրկման և հորմոնալ թերապիայի միջև (իբր նույնասեռականությունից բուժվելու նպատակով): Խուսափելով կալանավայրում հայտնվելուց՝ Թյուրինգն ընտրում է երկրորդը: Մեկ տարի անց գիտնականին իր տանը մահացած են հայտնաբերում: Ըստ պաշտոնական վարկածի՝ Թյուրինգն ինքնասպան է եղել ցիանիդի միջոցով՝ չդիմանալով հորմոնալ թերապիայի բացասական հետևանքներին:

 

2009-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունն իշխանության անունից հրապարակավ ներողություն է խնդրել այն բանի համար, որ Ալան Թյուրինգը ժամանակին հետապնդման է ենթարկվել իր սեռական կողմնորոշման պատճառով: 

 

2013-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հետմահու ներում է շնորհել Ալան Թյուրինգին:

 

Ալան Թյուրինգի պատվին է անվանակոչված ինֆորմատիկայի ոլորտի միջազգային ամենահեղինակավոր մրցանակը. գիտնականը համարվում է ժամանակակից համակարգիչների նախատիպերի ստեղծողը, ինֆորմատիկայի հայրը: 

 

2002-ին Թյուրինգը ճանաչվել է պատմության մեջ մեծագույն 100 բրիտանացիներից մեկը: 

 

«Նմանակման խաղ» ֆիլմում Թյուրինգի դերակատարն է բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը: Ֆիլմում նկարահանվել է նաև հանրահայտ դերասան Քիրա Նայթլին: Ֆիլմը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի 2014-ի գլխավոր մրցանակակիրն է: Այն Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի ու ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի կողմից ճանաչվել է 2014-ի 10 լավագույն ֆիլմերից մեկը: