Ալեքսանդր Արզումանյանը հորդորում է դիմել դատարան, այնինչ դատարանը խնդիրներին լուծում չի տալիս

Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանում ԼԳԲՏ անձանց խնդիրները հրատապ թեմա չի համարում: Այս մասին LGBTnews.am-ի հարցին ի պատասխան, թե ըստ պատգամավորի՝ որոնք են ԼԳԲՏ անձանց ամենալուրջ խնդիրները Հայաստանում, ասաց Արզումանյանը:

 

«Դա հրատապ թեմա չէ, և մեր Սահմանադրությամբ երաշխավորվում է բոլոր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն անխտիր»,- ասաց Արզումանյանը:

 

Անդրադառնալով իր գործընկերոջ՝ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կողմից ԼԳԲՏ անձանց և նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր կատարող անձանց նկատմամբ անթաքույց ատելության դրսևորումներին, որ արտահայտվում են թե՛ Ազգային ժողովում, թե՛ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք» թերթում, Արզումանյանն ասաց, որ դա օրենքի խախտում է:

 

«Այո՛, դա օրենքի խախտում է»,- նշեց Արզումանյանը:

 

Մեր դիտարկմանը, որ «Իրավունք» թերթում հրապարակված՝ «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը Հայաստանում. ազգի և պետության թշնամիների սև ցուցակ» հոդվածում դատարանները օրենքի խախտում չեն արձանագրել, Արզումանյանը պատասխանեց, որ հասարակությունը պետք է պայքարի և նմանատիպ բոլոր դեպքերը հասցնի դատարան:

 

«Պետք է հասնել այն բանին, որ Հայաստանում օրենքով արգելված նմանատիպ գործունեություն չիրականացվի»,- ասաց Արզումանյանը:

 

Հարցին, թե ինքը՝ որպես պատգամավոր, ի՞նչ է պատրաստվում անել, նաև ինչպե՞ս է պատրաստվում օգտագործել ԱԺ ամբիոնը, որպեսզի ԼԳԲՏ անձիք իրենց իրավունքների իրացման տեսանկյունից ունենան այնքան հնարավորություններ, ինչքան ՀՀ մյուս քաղաքացիները՝ նկատի ունենալով այն, որ դատարանները, միևնույնն է, իրենց վճիռներով խնդրին լուծում չեն տալիս, Արզումանյանը պատասխանեց, որ ինքը պատրաստվում է հետևել, որ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները կատարվեն և խրախուսվի բոլոր քաղաքացիների հավասար իրավունքների պաշտպանությունը:

 

Մեր դիտարկմանը՝ եթե պատգամավորները հետևողական են իրենց կարևորած ու ընդունած որոշումների ու օրենքների կատարման հարցում, ապա ինչպե՞ս է ստացվել, որ անկախության հռչակումից առ այսօր Հայաստանը ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային փաստաթղթերով ստանձնած իր պարտավորությունները չի կատարել, Արզումանյանը պատասխանեց.

 

«Ազգային ժողովի անելիքը եղել է այդ որոշումներն ընդունելը, մնացածը գործադիրն է անում, իսկ եթե թերանում են, թող հասարակական կազմակերպություններն ու այդ անձինք դիմեն դատարան: Ցանկացած հասարակությունում կան նման անձինք, և հասարակությունն էլ պետք է աջակցի նրանց: Պետք է հարգվի օրենքի տառը. ես հորդորում եմ, որ դիմեն դատարան»,- ասաց Արզումանյանը: