Ամերիկացի քաղաքական գործիչը հրապարակավ հայտնել է իր սեռական կողմնորոշման մասին

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի սենատոր Ջիմ Ֆերլոն նախօրեին մասնակցել է հանրահավաքի, որի նպատակը նահանգում այն օրենքների խստացումն է, որոնք վերաբերում են ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հանցանքներին:

Հանհարավաքի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարել է, որ ինքը նույնասեռական է:

Նա նշել է, որ հարյուրավոր մարդիկ գիտեն իր սեռական կողմնորոշման մասին, սակայն ինքը երբեք այդ մասին պաշտոնական հայտարարություն չի արել:

Ասպիսով, Ֆերլոն միացել է նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրայան Սիմսին, որը նույնպես չի թաքցնում իր սեռական կողմնորոշումն ու որն էլ օրենսդիր մարմնի քննարկմանն է ներկայացրել օրենքների խստացման նախագիծը:

Նոր օրենքներ ընդունելու վերաբերյալ կոչերը նահանգում սկսել են հնչել այն բանից հետո, ինչ մեկ շաբաթ առաջ երեք քաղաքացու՝ երկու տղամարդու և մեկ կնոջ, մեղադրանք է առաջադրվել նույնասեռական զույգի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով: