ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է նույնասեռ զույգի ամուսնության համար ծաղիկ չվաճառած կնոջ դատավճիռը

Երկուշաբթի ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել ծաղկի խանութի սեփականատեր Բարոնել Ստուցմանի նկատմամբ կայացրած դատավճիռը: Ստորադաս դատարանը տուգանել էր նրան ԼԳԲՏԻ մարդկանց ծաղիկներ վաճառել հրաժարվելու համար:

Գործի նյութերի համաձայն՝ Ստուցմանը, որը Ռիչլենդում (նահանգ Վաշինգտոն) Arlene’s Flowers and Gifts ծաղիկների խանութի տերն է, 2013-ին հրաժարվել էր ծաղիկներ վաճառել իր երկու հին հաճախորդներին՝ Ռոբերտ Ինջերսոլին և Քուրթ Ֆրիդին, որոնք որոշել էին ամուսնանալ: Ստուցմանը բացատրել էր, որ բապտիստ է և տվյալ պարագայում չի կարող կատարել իր աշխատանքը, քանի որ այն կհակասի իր կրոնական համոզմունքներին և կշեղի նրան Քրիստոսի ուղուց: Սա աշխատանքային 37 տարիների ընթացքում ամուսնության միակ արարողությունն էր, որը Բարոնելան հրաժարվել էր սպասարկել:

Հատկանշական է, որ Ստուցմանը լավ ճանաչել է 45-ամյա Ռոբերտ Ինգերսոլին, տեղյակ է եղել նրա սեռական կողմնորոշման մասին և առնվազն 20 անգամ առանց որևէ առարկության նրան ծաղիկներ է վաճառել: Զույգը նրանից ծաղիկներ է գնել իրենց բացահայտ հարաբերությունների ինը տարիների ընթացքում:

Իր դատավճռի բողոքարկման մեջ Ստուցմանը պնդել է, որ նրա ծաղկային կոմպոզիցիաները արվեստի գործեր են և որ նույնասեռ զույգերի համար դրանց պատրաստումը կխախտի իր՝ ազատ խոսքի և կարծիքի արտահայտման իրավունքը:

Ստուցմանի փաստաբան Քրիսթեն Ուոգները, ով աշխատում է Արիզոնայի Alliance Defending Freedom գրասենյակում, Ստուցմանին «խղճով նկարիչ» է անվանում, որը չի կարող տարանջատել իր մասնագիտական հմտություններն իր ներաշխարհից:

Ստորադաս դատարանում դատավարության ընթացքում Ստուցմանի արարքը որակվել էր իբրև մի քանի հիմքերով խտրականություն: Այնինչ Գերագույն դատարանը նշել է, որ ամուսնության արարողության համար ծաղիկներ վաճառելուց հրաժարվելը կամ համաձայնելն ինքնին հավանություն կամ դատապարտում չի արտահայտում հանդիսավոր արարողության փաստի վերաբերյալ։

Նշենք, որ ավելի վաղ դատարանում քննվում էր նմանատիպ մեկ այլ գործ, որով պատասխանողը Կոլորադոյից հացթուխ Ջեք Ֆիլիպսն էր: Նրան նույնպես պաշտպանում էին Alliance Defending Freedom-ի փաստաբանները: Ֆիլիպսը պնդում էր, որ իրեն հնարավոր չէ ստիպել վաճառել իր ապրանքները նույնասեռկաններին, քանի որ դա կլինի իր ստեղծագործության և ազատ արտահայտման իրավունքի խախտում: Հունիսի չորսին դատարանը որոշում կայացրեց չեղարկել խտրականության մեղադրանքը։