ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է «գեյ պրոպագանդայի» դեմ օրենք ընդունելու՝ Ղրղզստանի մտադրությունը

Ղրղզստանում ԱՄՆ դեսպանատունը քննադատել է «գեյ պրոպագանդայի» արգելքի մասին օրենք ընդունելու՝ Ղրղզստանի իշխանությունների մտադրությունը՝ հայտարարելով, որ այն խտրական բնույթ ունի և վնաս կհասցնի Կենտրոնական Ասիայի այդ պետության փխրուն քաղաքացիական հասարակությանը, գրում է GayRussia-ն:

 

Նշենք, որ անցած շաբաթվանից սկսվել են Ղրղզստանի խորհրդարանում «հոմոսեքսուալ հարաբերությունների մասսայականացման» և «հոմոսեքսուալ կենսակերպի պրոպագանդայի» համար պատժիչ մեխանիզների ուժեղացում նախատեսող օրինագծի քննարկումները:

 

Եթե օրենքն ընդունվի, ապա ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության մեջ մեղադրվողները կդատապարտվեն 6 ամսից մինչև 1 տարի ազատազրկման: Պատասխանատվության կենթարկվեն նաև լրագրողները, որոնք ԶԼՄ-ների միջոցով նույնասեռական հարաբերությունների քարոզչությամբ կզբաղվեն: Բացի այդ, օրինագիծն արգելում է գեյերին և լեսբուհիներին իրենց իրավունքերի պաշտպանության համար միություններ կազմել:

 

«Ոչ մեկ չպետք է զրկվի ձայնից կամ ձերբակալվի այն պատճառով, թե ով է ինքը կամ թե ում է սիրում: Օրենքները, որոնք խտրականություն են ենթարկում մարդկանց որոշակի խմբի, սպառնում են բոլոր մարդկանց հիմնարար իրավունքներին»,- ասված է Ղրղզսստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

 

Ղրղզստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել երկրի խորհրդարանականներին դեմ քվեարկել «օրինագծին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ինքնության արտահայտման համար կամ սահմանափակում է քաղաքացիական իրավունքը»: