ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնությունների հարցում անդառնալիության կետն արդեն անցած է. փաստաբան Թեդ Օլսոն

Հայտնի ամերիկացի փաստաբան Թեդ Օլսոնը, որը հաջողությամբ բողոքարկել էր նույնասեռ ամուսնությունների արգելքը Կալիֆոռնիայում, հայտարարել է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը՝ ի օգուտ գեյերի ու լեսբուհիների ամուսնության արգելքի, քիչ հավանական է, քանի որ ամուսնության իրավահավասարության հարցում անդառնալիության գիծն արդեն անցած է, գրում է GayRussia-ն:

 

Հոկտեմբերի 6-ին ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է լսել ԱՄՆ 5 նահանգներում (Յուտա, Օկլահոմա, Ինդիանա, Վիրջինիա և Վիսկոնսին) գեյ ամուսնությունների արգելքը երկարացնելու մասով դիմումները:

 

Այսպիսով՝ Գերագույն դատարանը չվերանայեց դաշնային վերաքննիչ դատարանի որոշումն, ըստ որի՝ հակասահմանադրական էին ճանաչվել նույնասեռ ամուսնության արգելքները: Սա նշանակում է, որ այս 5 նահանգների իշխանությունները պարտավոր են այսուհետ ամուսնության վկայականներ տալ գեյ և լեսբի զույգերին: Գերագույն դատարանի որոշումն անուղղակիորեն անդրադառնում է 6 այլ նահանգների վրա՝ Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Արևմտյան Վիրջինիա, Վայոմինգ, Կանզաս և Կոլորադո, քանի որ վերջիններս գտնվում են միևնույն դաշնային դատական շրջանում:

 

Այսպիսով նույնասեռ ամուսնություններն օրինականացրած ԱՄՆ նահանգների թիվը 19-ից հասնում է 32-ի՝ գումարած նաև Կոլումբիայի դաշնային շրջանը՝ չնայած որ երեք նահանգ դեռևս հրաժարվում են կնքել գեյերի ու լեսբուհիների ամուսնություններրը:

 

Թեդ Օլսոնը հայտարարել է. «Ես համոզված եմ, որ սա անդառնալիության կետն է: Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը կարող է անսպասելիորեն նույնասեռ ամուսնություններն արգելող օրենքները սահմանադրական ճանաչել այն բանից հետո, երբ բոլոր այդ մարդիկ ամուսնացել են և նրանց իրավունքները փոխվել են»:

 

Նրա կարծիքով՝ «այս ամենը հետ վերցնելն, իմ կարծիքով, անմարդկային, դաժան կլիներ և դա չէր համապատասխանի այն բանին, ինչ ասել է Գերագույն դատարանն այս հարցով»:

 

71-ամյա հանրապետական փաստաբանը, ով հայտնի է այն բանով, որ ներկայացնում էր ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի շահերը 2000-ի նախագահական ընտրություններին, շոկի է ենթարկել իր բազմաթիվ պահպանողական գործընկերներին, երբ մտել էր նույնասեռ ամուսնությունների շահերը ներկայացնող իրավաբանական թիմի մեջ: