ԱՄՆ պետդեպը մարդու իրավունքների տարեկան զեկույցում առանձին անդրադարձել է նաև ԼԳԲՏ անձանց իրավունքներին

Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձինք զինվորական ու քրեակատարողական մարմինների կողմից ենթարկվել են չարաշահումների և խտրականության. խնդրահարույց էր նաև հասարակության խտրական վերաբերմունքը նրանց հանդեպ, ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում, որը հրապարակվել է երեկ:

 

2014-ի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ պետդեպի զեկույցում առանձին անդրադարձ կա սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված բռնության դրսևորումներին, խտրականությանը և այլ չարաշահումներին:

 

 

«Խտրականության դեմ պայքարի օրենքները չեն առնչվում սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հետ: Չկային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարող օրենքներ կամ այլ քրեական դատական մեխանիզմներ, որոնք կօգնեին ԼԳԲՏ համայնքի անդամների դեմ կանխակալ դրդապատճառներով գործած հանցանքներով քրեական հետապնդում իրականացնելիս: Հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց հանդեպ շարունակում էր մնալ խիստ բացասական և հասարակությունն, ընդհանուր առմամբ, դիտարկում էր նույնասեռականությունը որպես հիվանդություն: Հասարակության կողմից սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված խտրականության դրսևորումը բացասաբար է անդրադարձել զբաղվածության, ընտանեկան հարաբերությունների, կրթության ու առողջապահական ծառայությունների հասանելիության վրա:

 

Ապրիլին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը հրապարակեց 2013թ. իր ամենամյա ուսումնասիրությունը: Ըստ հասարակական կազմակերպության, շատ պաշտոնյաներ ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանողներին դիտարկում են որպես դավաճաններ, իսկ ԶԼՄ-ներում ԼԳԲՏ անձինք ներկայացվում են որպես պետության թշնամիներ: Ըստ ուսումնասիրության, ԼԳԲՏ անձանց նկատմամբ եղել են ֆիզիկական բռնություններ, բռնության սպառնալիքներ, շանտաժ և ոտնձգություններ: Ոստիկանությունը չի արձագանքել նման չարաշահումների մասին հաղորդումներին և ժամանակ առ ժամանակ էլ իրենց կողմից է եղել ոչ իրավաչափ վերաբերմունք ԼԳԲՏ անձանց նկատմամբ:

 

Զեկույցում նշվում էին դեպքեր, երբ ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ ԼԳԲՏ անձանց բողոքներին ի պատասխան ոստիկանությունը հետապնդում էր սկսում բողոք ներկայացնողի դեմ սուտ մատնության համար: Արդյունքում հանցանքներից տուժած ԼԳԲՏ անձինք խուսափում էին ոստիկանություն հաղորդում ներկայացնել: 2013թ. ծառայությունների ոլորտում ներգրավված 500 հոգու շրջանում (փաստաբաններ, բժիշկներ, բուժքույրեր, հոգեբաններ և ուսուցիչներ) հարցում էր անցկացվել ԼԳԲՏ անձանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի վերաբերյալ և հարցվողների 45.4 տոկոսը (այդ թվում հարցված բժիշկների 57 և բուժքույրերի 47 տոկոսը) նույնասեռականությունը համարում են հիվանդություն, իսկ մնացած հարցվողների 12.6 տոկոսը (հիմնականում ուսուցիչներ) դա համարում են ոչ բարոյական: «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» հովանու ներքո իրականացված այս հետազոտությունն ընդգրկում էր չորս խոշոր քաղաքները, ներառյալ՝ Երևանը: Այն նաև մատնացույց էր անում անհանդուրժողականության բարձր մակարդակն ու հարցի վերաբերյալ անտեղյակությունը:

 

Մեկ այլ հասարակական կազմակերպության կողմից 2013թ. օգոստոսին հրապարակված հետազոտության տվյալներով, իրավապաշտպան կազմակերպությունների անձնակազմերն ունեին իրազեկվածության ցածր մակարդակ և հիմնականում բացասական տրամադրվածություն ԼԳԲՏ անձանց նկատմամբ, ընդ որում որոշ հարցվածներ կարծիք էին հայտնել, որ նույնասեռականությունը հիվանդություն է և ԼԳԲՏ անձանց օգնելու լավագույն ուղին նրանց «բուժելն» է:

 

ԶԼՄ-ները, այդ թվում իշխանամետ լրատվամիջոցներն ակտիվորեն ներգրավված են եղել գեյերի դեմ ուղղված քարոզչության մեջ: Մայիսի 17-ին «Իրավունք» օրաթերթը, որի սեփականատերն է Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, հրապարակեց 60 հոգու ֆեյսբուքյան էջերի հղումները գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերտառությամբ հոդվածում: Հոդվածում հիշատակված անձանցից քսանը (տարբեր խմբերով և անհատապես) «Իրավունքի» դեմ դատական հայց ներկայացրեցին զրպարտության համար: Չնայած մարդու իրավունքների հարցերով փաստաբանները գտնում էին, որ հոդվածը պարունակում ու տարածում է ատելության խոսք, առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 30-ին որոշում կայացրեց ի վնաս հայցվորների՝ նրանց պարտավորեցնելով վճարել 300000 ՀՀ դրամ (732 ԱՄՆ դոլար) թերթին ու խմբագրին՝ որպես իրավական ծախսերի փոխհատուցում: Հոկտեմբերի 25-ին «Իրավունք» թերթի 25-ամյակի առիթով նախագահ Սարգսյանն անձամբ բարձր պետական պարգև հանձնեց պատգամավոր Բաբուխանյանին: Նա նաև գլխավոր խմբագիր Գալաջյանին ու թերթի տնօրենին մեդալներ շնորհեց թերթի զարգացման հարցում ունեցած իրենց ներդրման համար: Այդ նույն առիթով Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական Գալուստ Սահակյանն ազգային ժողովի պատվավոր մեդալ հանձնեց Գալաջյանին: Նոյեմբերի 5-ին քաղաքացիական հասարակության 30 հայտնի կազմակերպություններ հանդես եկան որոշումն ու պարգևները դատապարտող հայտարարությամբ:

 

Ակնհայտ նույնասեռական տղամարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից՝ ենթադրաբար առաջնորդվելով այն մտահոգություններով, որ նրանք կարող են ենթարկվել դաժան վերաբերմունքի համազորայինների կողմից: Ազատումը հիմնավորվում էր հոգենյարդաբանական հետազոտման բժշկական եզրակացությամբ առ այն, որ անձի մոտ կա հոգեկան խանգարում, և այս մասին նշում էր կատարվում անձնական գործում, որը խոչընդոտ է աշխատանքի տեղավորման և վարորդական վկայական ձեռք բերելու հարցում: Զինված ուժերում ծառայող նույնասեռական տղամարդկանց հանդեպ ֆիզիկական ու հոգեբանական ոտնձգություններ են եղել: Մարդու իրավունքների ակտիվիստները նշում են, որ բանտերում ԼԳԲՏ անձինք հաճախ դառնում են նվաստացուցիչ խտրականության թիրախ, նրանց ստիպում են կատարել նվաստացնող աշխատանքներ և առանձնացնում են մյուս բանտարկյալներից»,- ասված է պետքարտուղարության զեկույցում: