ԱՄՆ պետդեպը ողջ աշխարհում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հարցով հանձնակատար կնշանակի

Ընթացիկ ամսվա վերջում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհայտարարի պետդեպի հատուկ հանձնակատարի նշանակման մասին, որը զբաղվելու է ԱՄՆ-ի սահմաններից դուրս ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հարցերով:

 

Այս նշանակումը նախորդելու է անցյալ շաբաթ Կոնգրեսի երկու պալատների օրակարգեր մտցված օրինագծի քննարկմանը. օրինագիծը ստացել է «Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության մասին ակտ» անունը (անգլ. International Human Rights Defense):

 

Օրենքի նախագծի հեղինակներն են Դեմոկրատական կուսակցության երկու ներկայացուցիչները՝ սենատոր Էդվարդ Մարկին և կոնգրեսական Ալան Լոուենտալը:

 

«ԼԳԲՏ անձանց իրավունքների նկատմամբ ոտնձգություններն իրականացվում են միջազգային մասշտաբով, ու մենք նրանց հետ ուս ուսի տված պետք է պայքարենք ողջ աշխարհում իրավահավասարության ճանաչման համար»,- հայտարարել են փաստաթղթի հեղինակները:

 

Օրինագծի ընդունման դեպքում միջազգային դաշտում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը կհայտնվի Պետդեպի առաջնահերթությունների ցուցակում: Պետդեպը հնարավորություն կունենա տարբեր միջոցներ կիրառել՝ ուղղված ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների նկատմամբ խտրականության ու բռնության վերացմանը:

 

Ինչպես արդեն նշվեց, նոր պաշտոնին նշանակված անձի անունը հայտնի կդառնա փետրվարի վերջին: Արդեն հայտնի է, որ պաշտոնը կզբաղեցնի Պետդեպի աշխատակիցներից մեկը, որը չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը:

 

Միացյալ Նահանգներում ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են պետքարտուղար Քերիի և Կոնգրեսի երկու ներկայացուցիչների նախաձեռնությունները: