ԱՄՆ Վիսկոնսին նահանգի իշխանություններն ընդունել են հունիսին գրանցված ավելի քան 500 նույնասեռ ամուսնությունները

Ավելի քան 500 նույնասեռ զույգեր, որոնք այս տարվա հունիսին կնքել էին իրենց ամուսնությունները ԱՄՆ Վիսկոնսին նահանգում, իրենց իրավական կարգավիճակի առումով այլևս առկախ վիճակում չեն գտնվի, գրում է GayRussia-ն:

 

Նահանգապետ Սքոթ Ուոլքերը հայտարարել է, որ նահանգն ընդունում է նույնասեռ զույգերի այն ամուսնությունները, որոնք կնքվել են Շրջանային դատարանի՝ նույնասեռ ամուսնությունների վրա դրված արգելքը հակասահմանադրական ճանաչելու որոշման և դրան հետևած՝ այդ որոշումն ի կատար ածելը հետաձգելու որոշման միջանկյալ ժամանակահատվածում:

 

Գեյերի ու լեսբուհիների զույգերը, որոնք ամուսնացել են հունիսին, այժմ կարող են ստանալ ամուսնությամբ սահմանված բոլոր առավելությունները, այդ թվում՝ համատեղ հարկային հայտարարագրերի գրանցումը և միմյանց փոխարեն բժշկական որոշումների կայացումը: