Ամոթ է Փաստաբանների պալատի նման նախագահ ունենալը․ Վահե Գրիգորյան

Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (ԵՓԻՄԽ) և Հայաստանի Փաստաբանների պալատի՝  նախօրեին  կազմակերպած միջացառման ժամանակ փաստաբան Վահե Գրիգորյանը բարձրացրեց Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հոմոֆոբ լինելու հարցը:

Նշենք, որ Արա Զոհրաբյանը մեկ անգամ չէ, որ իր ելույթներում հայտնել է իր ոչ դրական վերաբերմունքը ԼԳԲՏԻ անձանց, նրանց ամուսնության և նրանց առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

2015 թվականին Panorama. amին տված հարցազրույցում, օրինակ, Արա Զոհրաբյանն ասել է բառացիորեն հետևյալը․

«Բնական է, երբ տղամարդը ընտանիք է կազմում հակառակ սեռի ներկայացուցչի` կնոջ հետ: Բնական է, քանի որ այդ միությունն ապահովում է Մարդ տեսակի նոր ծնունդ և մեր մահկանացու էության շարունակականությունը` ժառանգների միջոցով: Երկու տղամարդու կամ երկու կնոջ միությունն անբնական է, քանի որ ֆիզիոլոգիական հատկանիշներով նրանց ինքնին չի օժտում որդեծնությամբ: Իհարկե, կարող են հակադարձել, որ կորդեգրեն այլ բնական միությունից ծնված երեխաներ, բայց այս դեպքում ո՞վ է պաշտպանելու երեխաների իրավունքները: Եթե չափահաս նույնասեռականը ինքն է որոշում իր ճանապարհը, ապա անչափահաս երեխայի փոխարեն ո՞վ է որոշելու և ո՞վ է պատասխան տալու երեխայի ապագայի համար: Կարծում եմ, որ չի կարելի քանդել ընտանիք հասկացությունը: Ես, որպես ազատ քաղաքացի, խնդիր չունեմ նույնասեռականների կամ նրանց իրավունքների հետ, բայց որպես ազատ քաղաքացի կարող եմ չընդունել նույնասեռականների վարքը` իմ պատկերացումների սահմաններում: Գործող Սահմանադրությունը տեղ չի թողնում նույնասեռ ամուսնությունների համար և ապագա Սահմանադրությունը, ընդունվելու դեպքում, նույնպես չպետք է տեղ թողնի»:

2017 թվականին լրագրողների հետ զրույցում, դարձյալ անդրադառնալով ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների խնդրին, Զոհրաբյանն, իր խոսքով ասած, կոպիտ օրինակ է բերել․

«Կարող է՝ մարդիկ լինեն, ովքեր որոշեն գոմաղբ ուտել ու սկսեն շարժումներ: Օրինակ՝ գոմաղբ ուտողների միություն ստեղծեն, փողոց դուրս գան, գնան դպրոցներ ասեն՝ ճիշտն այսպես է եւ փորձեն քարոզ անել»,- ասել է Զոհրաբյանն ու շարունակել, թե «հարկավոր է արգելել անբնական բաները մարդկանց և հատկապես երեխաներին քարոզելը»:

Միջոցառմանը, որի ընթացքում Զոհրաբյանի ներկայությամբ բարձրացվեց նրա հոմոֆոբ լինելու հարցը, ներկա էին Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև վերը նշված փաստաբանական կազմակերպությունների անդամներ: Քննարկման առանցքում փաստաբանի էթիկան, մասնագիտության առաջ ծառացած խնդիրներն ու մարտահրավերներն էին, դրանց առնչությամբ առկա միջազգային փորձը:

Նշենք, որ ծրագիրը, որը Հայաստանում իրականանցնում է Եվրոպայի խորհրդը, նպատակ ունի աջակցել Հայաստանի իշխանություններին` իրականացնելու դատական ոլորտի բարեփոխումները:

Փաստաբան Վահե Գրիգորյանը նախ խոսեց Հայաստանի ոչ ժողովրդավար լինելու մասին, ապա դիրքորոշում հայտնեց, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իշխանությունների գրպանում է: Վահե Գրիգորյանը նշեց, որ Փաստաբանների պալատը հետևողականորեն պայքարում է այն փաստաբանների դեմ, ովքեր տարիներ շարունակ ակտիվորեն ներգրավված են եղել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին առնչվող դատավարություններին:

«Փաստաբանները չպետք է պարտադրված լինեն լինել մի կազմակերպության անդամներ, որը, բոլոր միջազգային և ազգային ստանդարտների անտեսմամբ, ոտնահարում է իրենց մասնագիտական ազատությունն ու այն սկուտեղի վրա մատուցում իշխանություններին: Որևէ փաստաբան, որ իրապես իր մասնագիտական ազատությունը գերադասում է ստրկամիտ կոնֆորմիզմի նյութական բարիքներից, պարտադրված չպիտի լինի մաս կազմել մի կազմակերպության, որը hայաստանյան հասարակությունում բառի բուն իմաստով ռեգրեսի աղբյուր է: Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ ես նկատի չունեմ կոնսերվատիզմը. ես նկատի ունեմ ռեգրեսը, որը դրսևորվում է ընդհուպ հոմոֆոբ արտահայտություններով՝ տարված Փաստաբանների պալատի անունից»,- հայտարարեց Վահե Գրիգորյանը:

Միջոցառման ավարտին LGBTnews-ի հետ զրույցում Վահե Գրիգորյանը կարճ անդրադարձավ Զոհրաբյանի պահվածքին
 

«Ես միայն կարող եմ ասել, որ ամոթ է Փաստաբանների պալատի նման նախագահ ունենալը: Կարծում եմ, որ փաստաբանների պալատն արժանի է ունենալ ավելի իրավագիտակից նախագահ»,- ասաց Գրիգորյանը:

Նշենք, որ թեև Արա Զոհրաբյանն անդրադարձավ միջոցառման ընթացքում Վահե Գրիգորյանի ելույթին, որևէ կերպ չարձագանքեց իր՝ հոմոֆոբ լինելու վերաբերյալ փաստաբանի արած հայտարարությանը: