Այլևս ոչ ոք չի կարող իրեն հեռու պահել հանդուրժողականության խնդիրներից. Նիդեռլանդների դեսպան

Հանդուրժողականության միջազգային օրը՝ նոյեմբերի 16-ին, «Եվրասիա համագործակցության հիմնադրամը» և Նիդեռլանդների Թագավորության դեսպանությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկում էին կազմակերպել՝ մշակույթի, կրթության և գրականության համատեքստում խոսելու հանդուրժողականության մասին: Միջոցառմանը ելույթ ունեցան Նիդեռլանդների Թագավորության դեսպան Յոս Դաուման, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և Կրթության և գենդերային հարցերի փորձագետ Նվարդ Մանասյանը:

Դեսպանն իր ելույթում հղում կատարեց Նիդեռլանդների Սահմանադրության առաջին հոդվածին, ըստ որի՝ Նիդեռլանդներում բոլոր անձինք պետք է հավասար վերաբերմունք ստանան՝ հավասար հանգամանքներում: Կրոնական, քաղաքական, ռասայի, սեռի կամ այլ հողի վրա խտրականությունը չպետք է թույլատրվի: Դեսպանը պատմական ակնարկ կատարեց՝ ինչպես է Նիդեռլանդները հասել հանդուրժողական հասարակության ներկայիս մակարդակին:

Դեսպանը նաև իր խոսքում նշեց. «Մենք 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ենք, այլևս ոչ ոք չի կարող իրեն հեռու պահել հանդուրժողականության խնդիրներից. այդ խնդիրներն ամեն օր ավելի կոնկրետ են դառնում»:

Կրթության և գենդերային հարցերի փորձագետ Նվարդ Մանասյանը խոսեց հանդուրժողականության մասին՝ մանկության և կրթության համատեքստում: ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը  խոսեց հայ գրականության մեջ հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումների մասին:

Պատասխանելով LGBTnews-ի հարցին, թե արդյոք պատկերացնելի՞ է ունենալ հակախտրական օրինագիծ, որում սեռական կողմնորոշման հիմքով խտրականության արգելքի մասին հիշատակված չի լինի և արդյոք դա խտրականություն չի՞ լինի ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ, դեսպանը կրկին հղում արեց Նիդեռլանդների Սահմանադրության առաջին հոդվածին՝ նշելով, որ դրանից կարելի է ենթադրել, թե ինչ դիրքորոշում ունի ինքն այդ հարցում:

 «Դո՛ւք պետք է դատեք, դա ձե՛ր հակախտրական օրենքը պետք է լինի, դա ինչ-որ անանուն կառավարության օրենք չէ, դա ձե՛ր օրենքը պետք է լինի, և եթե դա ձերը չէ, ապա ինչ-որ բան այն չէ հայաստանյան հասարակության հետ, մենք դա պետք է քննարկենք: Այսպիսով՝ եթե դուք միասին կարծում եք, որ դա՝ սեռական կողմնորոշման հիմքով խտրականության արգելքը, պետք է ներառվի նման օրինագծում, ուրեմն պետք է ներառել»:

Նվարդ Մանասյանը LGBTnews-ի հարցին ի պատասխան նշեց, որ իր կարծիքով՝ հակախտրական օրինագիծ մշակելիս՝ դրանում սեռական կողմնորոշման հիմքով խտրականության արգելքը նույնպես պետք է ներառվի: Տիկին Մանասյանին հարցը զարմանալի թվաց. ըստ նրա՝ տվյալ հարցին դրական կպատասխանեին նույնիսկ ամենապահպանողական անձինք: 

Լուսանկարը՝ ԵՀՀ ֆեյսբուքյան էջից