Այսօր տեղի ունեցավ ընդդեմ «Իրավունք»-ի 16 քաղաքացիների դատական հայցի քննությունը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ 16 համահայցվորների հայցի քննությունն ընդդեմ «Իրավունք» թերթի՝ հրապարակային ներողություն խնդրելու և 5 մլն դրամ գանձելու պահանջով:

 

Հիշեցնենք, որ «Իրավունք»-ում հրապարակվել էր «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերտառությամբ հոդված, որի կապակցությամբ էլ 16 քաղաքացիներ դիմել էին դատարան:

 

Այսօրվա դատական նիստի ընթացքում, ներկայացնելով հայցի առարկան՝ հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Գրիգորյանն ասաց. «2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթի կայքում հրապարակվել է «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերանգրով հոդված: Հոդվածի ներքևի հատվածում տեղադրվել են հայցվորների ֆեյսբուքյան էջից հղումներ, որոնց էլ ուղղված է վերոնշված հոդվածը: Հոդվածում նշված են մի շարք արտահայտություններ, ինչպիսիք են՝ «սրանք գեյ քարոզչության դրույթերին հավատացող զոմբի են», «յուրաքանչյուր լոբբիստ ազգի և պետության ներքին թշնամին է», և այլն»:

 

Ըստ փաստաբանի, տեքստում տեղ գտած արտահայտությունները վիրավորում են հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև իրենց մեջ պարունակում են ատելության և խտրականության կոչ: Փաստաբանը նշեց, որ 31.05.2014-ին հայցվորները հերքման պահանջով գրավոր դիմել են «Իրավունք» թերթին, սակայն ոչ միայն թերթում հերքում չի տեղադրվել, այլ թերթը շարունակել է 17.05.2014-ին սկսած հոդվածն ու տպագրել մեկ այլ հոդված՝ նոր վիրավորանքներ գրելով հայցվորների հասցեին: Փաստաբանը դատարանին տեղակացրեց, որ վերը նշված հոդվածները լայն տարածում են գտել համացանցում: Նա մեջբերեց ՀՀ-ի օրենսդրությունն, ինչպես նաև մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնցով արգելվում է խտրականությունը՝ կախված մարդու սեռից, ռասայից, կրոնական, ազգային պատկանելությունից և այլ հատկանիշներից:

 

Հայցվորների մյուս ներկայացուցիչ Նվարդ Փիլիպոսյանն էլ ասաց, որ «ազգերի և պետությունների թշնամի» հասկացությունն ընկալվում է իբրև ազգի ներքին թշնամի, որն իր հերթին նույնականացվում է պետական դավաճանության հետ, ապա նշեց, որ պետական դավաճանությունը քրեական հանցագործություն է, ինչը վիրավորանք է պարունակում:

 

Պատասխանողի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանն իր բացատրության մեջ դատարանին հայտնեց, որ հերքման տեքստը հայցվորներն ուղարկել են ոչ թե «Իրավուքն» թերթին, այլ Հայկ Բաբուխանյանին, որն «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի խմբագրական խորհրդի նախագահն է: Բաղդասարյանն ասաց, որ հոդվածով «Իրավունք» թերթը նպատակ չի ունեցել վիրավորելու հայցվորներին, այլ արտահայտել է իր կարծիքը: Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրությունը անձանց իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք է տալիս, իսկ «Իրավունք» թերթում լույս տեսած հոդվածում հեղինակը բացառապես արտահայտել է իր կարծիքն ու գնահատողական դատողություններ արել այն մասին, որ «համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք ազգի թշնամի են, զոմբի և որ վերջիններիս գործելաոճն ազգային անվտանգությանը սպառանալիք է»:

 

Բաղդասարյանը մեջբերեց Եվրոպական դատարանի նախադեպային որոշում, համաձայն որի՝ լրատվամիջոցները միայն գեղեցիկ երևույթներին չեն անդրադառնում, այլ կարող են երբեմն այնպիսի հրապարակումներ ունենալ, որոնք կցնցեն ու կանհանգստացնեն ընթերցողին: Նա նաև հայցվորներից յուրաքանչյուրից 35 հազար դրամ գումարի պահանջ ներկայացրեց՝ որպես դատական ծախսերի և փաստաբանական ծառայությունների գումար:

 

Դատական նիստի ընթացքում հայցվորների ներկայացուցիչները պատասխանողի ներկայացուցչին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան: Նրանք նկատեցին, որ Լևոն Բաղդասարյանն իր խոսքում ավելի վաղ նշել է, թե հոդվածագիրը հայցվորներից որևէ մեկին անհատապես վիրավորելու նպատալ չի ունեցել և որ նրա խոսքն անհատապես որևէ մեկին ուղղված չի եղել, ապա հիշեցրին, որ հոդվածում նշված են կոնկրետ անձանց Facebook-ի ակտիվ հղումեր և հարց ուղղեցին փաստաբանին, թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս հանգամանքը: Բաղդասարյանը ևս մեկ անգամ պնդեց, որ հոդվածագիրը չի վիրավորել որևէ մեկին և չի ունեցել նման մտադրություն, այլ արտահայտել է իր կարծիքը:

 

Հայցվոր կողմի փաստաբանները հիշեցրին նաև Գալաջյանի կողմից հրապարակած հոդվածում տեղ գտած այն միտքը, համաձայն որի՝ հայցվորների գործողություններն «ազգային անվտանգության սպառնալիք են», և հարց ուղղեցին Բաղդասարյանին, թե ինչո՞վ է դա սպառնում ազգային անվտագությանը: «Նրանով, որ երկու տղամարդ մեկ սենյակում աշխատում են, հետո պարզվում է, որ նրանք ընտանիք են կազմել»,- ասաց Բաղդասարյանն ու հավելեց, որ ինքն իր վստահորդ Գալաջյանի հետ համամիտ է:

 

Հովհաննես Գալաջյանը նույնպես բացատրություն տալու հնարավորություն ունեցավ: Նա նշեց, որ Ինգա և Անուշ Արշակյան քույրերի Facebook-ի ասուլիսի ժամանակ մի խումբ քաղաքացիներ ագրեսիվ գրառումներ են կատարել, և դրա պատճառը եղել է այն, որ Արշակյան քույրերն, արտահայտվելով «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող Կոնչիտա Վուրստի մասին, ասել են, որ իրենք «զզվում են» նման երևույթներից:

 

«Ես այդ գրառումները որակեցի որպես համասեռամոլության լոբբինգ, որովհետև մարդն, ով չունի այնպիսի կողմնորոշում, ինչպիսին Կոնչիտան, չի պաշտպանի նրա շահերը, եթե, իհարկե, ընդգրկված չլինի նրա շահերը պաշտպանող լոբբինգի մեջ»,- ասաց Գալաջյանն ու հավելեց, որ ինքը ընդհանուր գնահատողական դատաողություններ է արել 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթում հրապարակված հոդվածում, ինչպես նաև հավելեց, որ հայցվորների գործողությունները, միասին վերցված, պարունակում են ազգի և պետության հանդեպ թշնամության տարրեր:

 

Գործի դատաքննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հոկտեմբերի 30-ին: