Այս պահի դրությամբ ես ԼԳԲՏ անձանց իրավունքներն առանձնապես ոտնահարված չեմ համարում. Արմեն Փամբուխչյան

«Եթե Հայաստանում կա մարդկանց մի խումբ, որը կազմում է ՀՀ բնակչության թեկուզ 1 %-ը, ապա այդ խմբի իրավունքները պետք է ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված լինեն, այլապես ստացվում է, որ այդ մարդիկ Հայաստանում տեղ չունեն: Նույնասեռական անձինք ՀՀ լիիրավ քաղաքացիներ են, ինչպես մեզնից յուրաքանչյուրն, ու այնպես չէ, որ նրանց պետք է «կախել» կամ վտարել»,- LGBTnews.am-ի hետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցին, նման կարծիք հայտնեց ակտիվ քաղաքացի Արմեն Փամբուխչյանը:

«Ես իրենց չեզոք եմ վերաբերվում: Աշխարհի բնակչության 5-ից 7 %-ը նույնասեռական է, այսինքն՝ այդ ամենը բնական երևույթ է, երևույթ, որը բնական է, ինչպես մարդու ծարավը, կույր աղիքը: Ես բացարձակապես չեմ կիսում նրանց մոտեցումները և կողմնակից եմ մեծամասնությանը, այն է, որ արական սեռի ներկայացուցիչը սիրի իգական սեռի ներկայացուցչի, այսինքն՝ ելնելով մի շարք հանգամանքներից, և հենց այն հանգամանքից, որ մարդկությունը պետք է բազմանա, ես կողմ եմ հետերոսեքուալ կողմնորոշմանը, բայց եթե նրանք կան, ու այնպես չէ, որ նրանք նոր են ի հայտ եկել, ես, կրկնում եմ, պետք է նրանց լոյալ վերաբերել: Ես միայն դեմ կլինեմ, որ նրանք մասսայական քարոզներ անեն, որովհետև նրանք պիտի ինձ նեղություն չտան: Իրենք ու իրենց անկողինը, ում հետ ուզում են՝ թող կիսեն»,- ասաց Փամբուխչյանը՝ բացատրելով, որ ինքը նկատի ունի այն, որ ինչպես ցանկացած անձի, այնպես էլ նույնասեռական անձանց կյանքն իրեն չի վերաբերում:

«Եթե իրենք անգամ երթ անցկացնեն Երևանում, ես նրանց չեմ խոչընդոտի, չեմ պայքարելու նրանց երթի դեմ. քիչ թե շատ գիտելիքներ ունցած անձը կիմանա, որ այդ երևույթը կա մարդկության ծնված օրից, և դրա դեմ պայքարես, թե ոչ՝ այն շարունակելու է գոյություն ունենալ»,- ասաց Փամբուխչյանը:

Անդրադառանով քաղաքական գործիչների մեծամասնության՝ նույնասեռական անձանց նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքին՝ Փամբուխչյանը կարծիք հայտնեց, որ նրանք պարզապես ցանկանում են սիրաշահել որոշակի ընտրազանգվածի, որը կարծում է, թե նույնասեռական անձանց դեմ պայքարը հանուն ազգային արժեքների մղվող պայքար է:

«Մեր հասարակության մի մասը նույնասեռականությունն ընկալում է որպես հիվանդություն, մի մասը՝ եվրոպական արժեք, բայց դա եվրոպական արժեքների հետ կապ չունի, դա համամարդկային երևույթ է, և անգամ կենդանիներն են լինում նույնասեռական: Ես կարծում եմ, որ եթե մարդն ունի այլ սեռական կողմնորոշում, ապա դա չի կարող քննադատության թեմա դառնալ: Ես կարող եմ սիրել մի աղջկա, որն անընդունելի լինի բոլորի կամ շատերի կողմից: Նույն իրավիճակն է. ես այդ աղջկան սիրում եմ, թեև նա շատերի սրտով չէ, բայց չէ՞ որ դա իմ անձնական կյանք է, և ինքս եմ որոշում, թե ում հետ կարող եմ երջանիկ լինել: Հետևաբար եթե տվյալ անձը սիրում է իր սեռի ներկայացուցչի, թող նրա հետ երջանիկ լինի»,- օրինակ բերեց ակտիվիստը:

Փամբուխչյանը նշեց, որ ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացու, այնպես էլ նույնասեռական անձանց խնդիրները կարող են լուծվել միայն իրավական կարգավորումների միջոցով, եթե այդ կարգավորումները գործեն: 

Հետաքրքվեցինք, թե արդյոք Փամբուխչյանը պատրա՞ստ է պայքարել հանուն նույնասեռական անձանց իրավունքների, ինչին ի պատախան նա ասաց.

«Նախ պետք է սկսել նրանից, թե իրենց իրավունքներն ինչո՞վ են ոտնահարվում: Եթե, օրինակ, նրանց աշխատանքի չընդունեն կամ նրանց հալածեն, որովհետև նրանք նույնասեռական եմ, ապա ես՝ որպես ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքները հարգող անձ, պատրաստ եմ դրան արձագանքել, սակայն միգուցե նրանց հետ չգնամ, չկանգնեմ ու չպայքարեմ նրանց իրավունքների համար, որովհետև ես ի սկզբանե նշեցի, որ, այո՛, ես նրանց ընտրությունը հարգում եմ այնքանով, որ չեմ խառնվում դրան, բայց նաև ունեմ որոշակի մոտեցումներ ու չեմ մասնակցում որոշ ակցիաների: Օրինակ՝ բնապահպանական ակցիաներին ես չեմ մասնակցում, չնայած այն հանագամանքին, որ այդ ակցիաներին մասնակցող շատ քաղաքացիների նկատմամբ մեծ հարգանք ունեմ: Նույն հաջողությամբ էլ չեմ գնա ու կանգնի, օրինակ, նույնասեռական անձանց կողքին: Բացի այդ՝ այս պահի դրությամբ ես նրանց իրավունքներն առանձնապես ոտնահարված չեմ համարում: Եթե նախկինում հատուկ տեղեր կային, որտեղ նրանք գնում էին, ապա այսօր գիշերային Երևանում կարելի է մեր՝ բոլորի կողքին տեսնել նաև նրանց, և ոչ ոք նրանց իրավուքները չի ոտնահարում: Այսինքն, կրկնում եմ, գուցե ես իրենց կողքին չկանգնեմ, բայց չեմ խոչընդոտի և նրանց նկատմամբ բռնություն չեմ գործադրի»,- խոսքը եզրափակեց Արմեն Փամբուխչյանը: