Այս պահի դրությամբ ես նման բան չեմ զգում. Նավակ ճոճողը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտման մասին

LGBTnews.am-ը զրուցել է բոլորովին վերջերս հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, մինչ այդ քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում ակտիվ մասնակցություն ունեցած Վիլեն Գաբրիելյանի հետ (առավել հայտնի է իբրև Նավակ Ճոճողը):

 

-Վիլե՛ն, հանուն մարդու իրավունքների պայքարող քաղաքացիների շրջանում քիչ չեն անձինք, որոնք շարունակ խոսում են իրավունքի գերակայության մասին, սակայն երբ խոսքը վերաբերվում է ԼԳԲՏ անձանց իրավունքներին, նրանք հրաժարվում են այդ թեմայի մասին խոսել կամ քայլեր ձեռնարկել՝ այդ անձանց իրավունքների պաշտպանության համար: Ինչպե՞ս եք դուք վերաբերում ԼԳԲՏ անձանց:

 

– Ես ԼԳԲՏ անձանց նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեմ, ընդհանուր առմամբ անտարբեր եմ: Իրենք էլ են մարդ, ինձ ոչ մի բանով նեղություն չեն տալիս և իմ ազատությունը ոչ մի կերպ չեն սահմանափակում: Առհասարակ ես ՀՀ քաղաքացիներին չեմ տարբերակում ըստ իրենց հակումների կամ նախասիրությունների, քաղաքացիներն ինձ համար մեկ այլ սկզբունքով են դասվում. նրանք լինում են օրինապաշտ և ոչ օրինապաշտ:

 

-Ինչպե՞ս եք գնահատում ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակը Հայաստանում և իշխանությունների ջանքերն՝ այդ իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Արդյոք նույնասեռական անձանց իրավունքներն ավելի կամ պակաս խախտվա՞ծ եք համարում, քան ՀՀ մյուս քաղաքացիների իրավունքները:

 

– Հայաստանում քաղաքացիների մեծամասնության իրավունքն է խախտված՝ անկախ իրենց ով լինելուց, ըստ այդմ՝ խախտված եմ նաև այս կամ այն փոքրամասնության իրավունքները:

 

– Ձեր դիտարկմամբ, օրինակ, Հայաստանի օրենդիր մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ նույնպիսի բացասական ծաղրական կամ անտարբեր վերաբերմունք ունի, որքան ԼԳԲՏ անձանց նկատմա՞մբ: Չէ՞ որ բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես ԱԺ պատգամավորների մեծ մասը կա՛մ առհասարակ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր չի ձռնարկում, կա՛մ, որ ավելի վատ է, խախտում է այդ անձանց իրավունքները:

 

– ԱԺ պատգամավորների 90 տոկոսը զբաղված է թալանով և Սերժի Սարգսյանի հրամանաով «կնոպկա սեղմելով», և սրանով ամեն ինչ ասված է:

 

– ԼԳԲՏ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքը, սակայն, չի սահմանափակվում Ազգային ժողովով. նրանց նկատմամբ բացասական վերաբերմունք ունի նաև հասարակության մեծամասնությունը, այդ իսկ պատճառով՝ հասարակությունն իր մեծամասնությամբ, ևս պատրաստ չէ կանգնել ԼԳԲՏ անձանց կողքին՝ ի պաշտպանության նրանց իրավունքների:

 

-Այո՛, ես նույնպես չեմ կարծում, որ հասարակությունը պատրաստ է պայքարել որևէ փոքրամասնության իրավունքի համար, որովհետև հասարակության անդամները մեծամասամբ իրենց իսկ իրավունքների պաշպանությամբ են շատ հազվադեպ զբաղվում, էլ ուր մնաց` սեռական, ազգային, կրոնական կամ այլ փոքրամասնությունների իրավունքներով զբաղվեն։

 

-Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց իրավունքները լիարժեք կերպով հարգված ու պաշտպանված կլինեն:

 

– ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց իրավունքները լիարժեք կերպով հարգված ու պաշտպանված կլինեն այն դեպքում, երբ ունենանք լեգիտիմ իշխանություն, որն ամենից վեր կդասի ՀՀ Սահմանադրությունը և օրենքները:

 

– Դուք պատրա՞ստ եք կանգնել ԼԳԲՏ անձանց կողքին՝ ի պաշտպանություն նրանց իրավունքների:

 

– Եթե իսկապես զգամ, որ նրանց իրավունքները ոտնահարվում են, անշուշտ կպաշտպանեմ: Իսկ այս պահի դրությամբ ես նման բան չեմ զգում: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ նույնպես իրավունք ունեն բարձրաձայնելու իրենց ոտնահարված իրավունքների մասին, եթե այդպիսիք կան: Իսկ ինչ վերաբերում է այն անձանց, որոնք կտրականապես դեմ են ԼԳԲՏ անձանց, ապա նրանք, ըստ իս, ավելի շատ նպաստում են երևույթի զարգացմանը, քան խոչընդոտում: Պարզ օրինակ բերեմ. եթե նույնասեական անձինք որոշեն երթ անել, ես, որքան էլ համացանցին կապված մարդ եմ, գուցե դրա մասին տեղյակ էլ չլինեմ, եթե այդ երթի ընթացքում նրանց նկատմամբ բռնություն չլինի։ Բայց եթե նրանց նկատմամբ բռնություն գործադրվի, դա ինձ միանշանակ կմտահոգի, քանզի ցանկացած քաղաքացու նկատմամբ ցանկացած բռնություն դատապարտելի է, և դա ոչ միայն ես եմ ասում՝ որպես մարդ, այլ դա ՀՀ բարձրագույն օրենքի՝ ՀՀ Սահմանսդրության սկզբունք է: