Անհանդուրժողականությանը հակազդող լրատվամիջոցներ մենք կարծես թե չունենք. Բորիս Նավասարդյան

Հայաստանում նույնասեռականների իրավունքների հարցը դիտվում է իբրև քարոզչամիջոց՝ կապված արտաքին քաղաքական առաջնայնությունների հետ: Այդ հարցն օգտագործվում է այն անձանց ու խմբերի կողմից, որոնք դեմ են Հայաստանի եվրաինտեգրմանը, իսկ ԼԳԲՏ անձանց դեմ հրապարակումներն ու գործելաոճը գործիք են՝ վարկաբեկելու Հայաստանի եվրոպական կուրսը, LGBTnews.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: Նա նշեց, որ իրենց առաջ Հայաստանի եվրոպական կուրսը վարկաբեկելու նպատակ դրած անձիք օգտվում են Հայաստանի հասարակության որոշակի հատվածի՝ պահպանողական հայացքներ ունենալու հանգամանքից:

 

«Հայաստանում այդ պահպանողական հայացքները կապված են ընտանիքը որպես կարևոր արժեք դիտելու հետ, ուստի, ըստ նրանց, դատապարտելին է ցանկացած երևույթ, որն, ըստ նրանց ընկալման, կարող է վնաս հասցնել հայ ավանդական ընտանիքին: Իսկ երբ խոսքը գնում է ավանդական պատկերացումների, ընտանիքի, տղամարդու և կնոջ դերակատարության մասին, ապա նույնասեռականներին ընդունելը պահպանողական հայացներ ունեցող անձանց համար դիտվում է որպես տղամարդու դերի նվազեցում»,- նկատեց Նավասարդյանը և կարծիք հայտնեց, որ դա պրիմիտիվ մոտեցում է, քանի որ յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում՝ ինչպես ապրել, և դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է:

 

«Յուրաքանչյուր ոք պետք է իր ընտրության իրավունքն ունենա և այն որևէ կերպ չպետք է սահմանափակվի: Այսինքն՝ եթե մարդը ցանկանում է ավանդական ընտանիք ստեղծել, դա իր ընտրությունն է, եթե ցանկանում է մեկ այլ կերպ ապրել, դա դարձյալ իր ընտրությունն ու իրավունքն է: Հենց այդ ընկալումն է, որ, ցավոք, հասարակության մեջ դժվար է ձևավորվում, քանի որ այդ ընկալման ձևավորման դեմ, ինչպես արդեն նշեցի, կիրրառվում են հզոր քարոզչական մեթոդներ»,- ասաց Նավասարդյանը:

 

Անդրադառնալով լրատվամիջոցների կողմից ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության համար կատարվող քայլերին՝ Նավասարյանը կարծիք հայտնեց, որ որևէ լրատվամիջոց իր առջև ԼԲԳՏ անձանց իրավունքների պաշտպանության խնդիր չի դնում:

 

«Ավելին, կան լրատվամիջոցներ, որոնք բավականին ակտիվ ձևով հակառակն են անում, այսինքն՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ագրեսիվ ու անհանդուրժող վերաբերմունք են դրսևորում, և, փաստորեն, ստացվում է, որ հակառակ դիրքերից հանդես եկող կամ գոնե որոշ չափով այդ անհանդուրժողականությանը հակազդող լրատվամիջոցներ մենք կարծես թե չունենք: Երևի նրանք խնդրի սրությունն ու կարևորությունը այնքան էլ լավ չեն ընկալում, որովհետև եթե ընկալեին, ապա իրենց առաջ կդնեին ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության խնդիր, և այդ դեպքում հնարավոր կլիներ գնահատել նրանց կողմից ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով կատարված քայլերը»,- ասաց Բորիս Նավասարդյանը: