Աութինգի ենթարկված Ռոբերտ Ահարոնյանը դատի է տվել Araratnews լրատվամիջոցին

«Հայաստանի Սոցիալիստական շարժման» առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը, որը մի քանի ամիս առաջ «Բացահայտե՛նք հոմոֆոբ գեյերին» նախաձեռնության կողմից աութինգի էր ենթարկվել ու որը հանրությանը հայտնի է հատկապես հոմոֆոբ հայտարարություններով ու գործողություններով, դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Մակարուն Էմ Էյ» ՍՊԸ-ի՝ Araratnews.am էլեկտրոնային լրատվական կայքում աութինգի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման համար։ 

 

Դատալեքսում առկա տեղեկությունների համաձայն՝ համապատասխան հայցադիմումը ներկայացվել է ընթացիկ տարվա հունվարի 27-ին։ Ահարոնյանը պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել երկու միլիոն ՀՀ դրամ և «պատասխանողին պարտավորեցնել ինտերնետային կայքից ջնջել իր անունը, պատիվը և արժանապատվությունը ոտնահարող նյութերը»։ 

 

Նշանակված է նախնական դատական նիստ, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա ապրիլի չորսին, Շենգավիթի համապատասխան դատարանում։ 

 

Նշենք, որ Araratnews.am-ը հրապարակված նյութերից մեկում մասնավորապես գրել էր․ «Ահարոնյանը նաեւ բավականին ագրեսիվ կեցվածք էր որդեգրել կանանց եւ փոքրամասնությունների  նկատմամբ, արդեն Վանաձոր քաղաքում: 

 

Ի դեպ, համացանցում տարածված տեսանյութում սեռական «խրախճանքին» մասնակցում է նաեւ մեկ այլ երիտասարդ: Նրա ինքնությունը չնայած պարզված չէ, սակայն այդ երիտասարդին շատ նման մեկին կարելի է տեսնել մեկ այլ տեսանյութում՝ Ահարոնյանին ուղեկցելիս: 

 

Araratnews.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ահարոնյանը պնդեց, որ այդ տեսանյութերը «սարքված են», ինքը սեռական նորմալ, ավանդական կողմնորոշում ունի՝ կին, երեխա, անգամ՝ սիրուհի: 

 

Թե որքանով  է «ավանդական» տղամարդու պահվածք դրսեւորում Ահարոնյանի «նմանակը»՝ առաջարկում ենք դիտել տեսանյութում»։ 

 

Հիշեցնենք, որ «Բացահայտե՛նք հոմոֆոբ գեյերին» նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրությունում առկա տեսանյութը հրապարակել էր նաև LGBTnews.am-ը։ Թեև Ահարոնյանին հաջողվել էր տեսանյութի վերաբերյալ YouTube-ին գանգատներ ներկայացնելով` այն ջնջել ցանցից, այն դեռևս պահպանվում է  google-ի սոցիալական ցանցում։ 

  

Հիշեցնենք նաև, որ Ահարոնյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում գանգատվել էր, թե ցանկանում է դատի տալ նաև LGBTnews.am-ին, սակայն ոչ մի կերպ չի կարողանում հայտնաբերել այս լրատվական կայքի հիմնադիրներին։