Աութինգն՝ իբրև պայքարի միջոց. բրիտանական փորձը

2015-ին Հայաստանում Սոցիալիստական կուսակցության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի աութինգից հետո ԼԳԲՏԻ համայնքում մինչ օրս շարունակվում են քննարկումներն ու վեճերը աութինգի թույլատրելիության կամ անթույլատրելիության, այն իբրև պայքարի միջոցի կիրառման անհրաժեշտության կամ անպատեհության, թույլատրելիի սահմանների, մեթոդների շուրջ:

Աութինգի վերաբերյալ քննարկումների ընթացքում, և ոչ միայն Հայաստանում, շոշափվում են մի շարք էթիկական, իրավական, քաղաքական, սոցիալական, ինչպես նաև ռազմավարական և մարտավարական արդյունավետության հարցեր:

Հայաստանյան բանավեճերի ժամանակ հնչող տեսակետները խմբավորելու դեպքում ունենում ենք երեք հիմնական մոտեցում: Մի խմբի համար աութինգն առհասարակ անթույլատրելի է կիրառել որևէ պարագային, երկրորդ տեսակետն այն է, որ աութինգը պետք է կիրառվի բոլոր այն դեպքերում, երբ նույնասեռական անձը հոմոֆոբ մտքեր է հայտնում՝ անկախ այդ անձի զբաղեցրաց սոցիալական, հասարակական դիրքից, և երրորդ մոտեցումն այն է, որ աութինգը պետք է դիտարկել իբրև լայն իմաստով քաղաքական պայքարի միջոց և կիրառել բացառապես հասարակական, քաղաքական դաշտում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող հանրային դեմքերի նկատմամբ, քանի որ այլ դեպքերում դրա կիրառումը կա՛մ անարդյունավետ է, կա՛մ վնասակար:

Այս դիրքորոշումները հայտնողներից յուրաքանչյուրն ունի իր փաստարկներն և հակափաստարկները, որոնք, ինչպես արդեն նշվեց, էթիկական, քաղաքական, սոցիալական և այլ որոլտներից կարող են լինել:

Մեծ Բրիտանիայում աութինգն իբրև պայքարի միջոց արդյունավետորեն կիրառել է OutRage! ԼԳԲՏԻ կազմակերպությունը, որը մեծ փորձ ունի դրա թե՛ տեսական, թե՛ գործնական ասպեկտներում: LGBTnews-ը զրուցել է կազմակերպության առաջնորդ Փիթեր Թեթչելի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի՞ սկզբունքներ և մոտեցումներ է OutRage!-ը որդեգրել Մեծ Բրիտանիայում գործունեության ընթացքում: Կարծում ենք՝ այս տեղեկությունները կարող են օգտակար լինել նաև Հայաստանի ԼԳԲՏԻ համայնքի համար:

– Պարո՛ն Թեթչել, աութինգը՝ որպես հոմոֆոբիայի դեմ պայքարի միջոց, պետք է ուղղված լինի միայն հոմոֆոբ ԼԳԲՏԻ հանրային դեմքերի՞ն, թե՞ այն պետք է կիրառվի բոլոր ԼԳԲՏԻ հոմոֆոբների դեմ՝ առանց որևէ բացառության:

– Բոլոր հանրային դեմքերին, որոնք երեսպաշտ են ու անհանդուրժող, աութինգի ենթարկելու Էթիկակական հիմք կա. երբ նրանց անձնական վարքը հակասում է համոզմունքներին, որոնք նրանք հանրայնորեն հռչակում են: Այլ կերպ ասած՝ աութինգի անհրաժեշտ է ենթարկել այն ԼԳԲՏԻ-ներին, որոնք ատելություն են քարոզում և քվեարկում ԼԳԲՏԻ հավասարության դեմ, ինչպես նաև այն հետերոսեքսուալներին, որոնք քրիստոնեական ընտանեկան արժեքներ են քարոզում, սակայն դավաճանական կապեր են ունենում:

– Նպատակահարմա՞ր է, ըստ ձեզ, աութինգի ենթարկել այն ԼԳԲՏԻ-ներին, որոնք թաքցնում են իրենց սեռական կողմնորոշումը, բայց հոմոֆոբիա չեն տարածում, և կամ հանրային ազդեցություն չունեն, քաղաքական որոշումների կայացման վրա որևէ լծակ չունեն:

– Մարդիկ, իհարկե, պետք է իրե՛նք քամինգ աութ անեն, քանի որ սեռական կողմնորոշումը թաքցնելը սթրեսային անձնական բեռ է ու պաշտպանում է միտքը, թե ԼԳԲՏԻ լինելն ամոթ է: Սակայն ես կողմ չեմ աութինգի ենթարկելուն այն հանրային դեմքերին, որոնք բաց գեյ չեն, բայց հանրայնորեն հոմոֆոբ չեն: Դա՝ էթիկական պատճառներով, բայց նաև քանի որ ռիսկ կա կորցնելու ԼԳԲՏԻ անձանց, ինչպես նաև հանրային աջակցությունը, եթե դու առանց լուրջ պատճառի աութինգի ես ենթարկում մարդկանց: Ինչպես արդեն նշեցի, աութինգն իբրև պայքարի միջոց նպատակահարմար է կիրառել միայն հանրային ազդեցիկ դեմքերի նկատմամբ, որոնք ատելություն և հոմոֆոբիա են տարածում, և կամ որոնց վարքագիծն անձնական կյանքում հակասության մեջ է հանրայնորեն ներկայացվող դիրքորոշումից: Իսկ հանրային ազդեցություն չունեցողների մասին խոսելն իսկ ավելորդ է:

– OutRage!-ն ինչ-որ հստակ չափանիշներ մշակե՞լ է, թե՞ յուրաքանչյուր առանձին դեպք դիտարկվել է առանձին:

Մենք կողմ ենք, ինչպես մենք ենք կոչում դա, էթիկական աութինգին. աութինգի ենթարկել այն հանրային դեմքերին, որոնք իրենց սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը թաքցնում են, իսկ հրապարակավ ներկայանում են որպես հոմոֆոբ: Այլ կերպ ասած՝ երեսպաշտ, կեղծավոր հոմոֆոբներին: Սա է հիմնական չափանիշը:

– Ի՞նչ է ցույց տալիս ձեր փորձը. աութինգը հոմոֆոբիայի դեմ պայքարի արդյունավե՞տ միջոց է:

– Բրիտանիայում դա շատ լավ է գործել: Երբ 1994-ին մենք տասը եպիսկոպոսների անուններ հրապարակեցինք, դրանից հետո նրանցից որևէ մեկն այլևս երբեք որևէ հոմոֆոբ բան չարեց կամ չասաց: Դա նպաստեց, որ Անգլիկանական եկեղեցին հոմոֆոբիայի դեմ հռչակագիր կազմի և Լեսբի ու գեյ քրիստոնեական շարժման հետ լուրջ երկխոսություն սկսի: Աութինգի ենթարկված եպիսկոպոսներից երկուսը հետագայում ակտիվորեն սկսեցին աջակցել ԼԳԲՏԻ հարցերի առաջխաղացմանը: Մենք 1996-ին գաղտնի նամակներ գրեցինք 20 պատգամավորների՝ զգուշացնելով, որ մենք նրանց աութինգ կանենք, եթե նրանք չդադարեն խոսել կամ քվեարկել ԼԳԲՏԻ հավասարության դեմ: Շատերը չդադարեցին, և մենք նրանց աութինգի ենթարկեցինք: Իսկ մի մասը լռելյայն սկսեց աջակցել ԼԳԲՏԻ իրավահավասարությանը: Այսպիսով, աութինգը հոմոֆոբիայի դեմ և ԼԳԲՏԻ հավասարության համար պայքարում Մեծ Բրիտանիայում շատ արդյունավետ միջոց էր: