Առկա է սեգրեգացիայի կոչ, ատելության խոսք, խտրական վերաբերմունք. «Հավասարության խորհրդի» եզրակացությունը՝ «Իրավունք»-ի հոդվածի վերաբերյալ

Խտրականության վեճերի հարցերով զբաղվող «Հավասարության խորհուրդը», որի կազմում են մի խումբ փաստաբաններ և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի փաստաբան Մարո Խաչատուրյանի դիմումի հիման վրա եզրակացություն է տվել այն մասին, որ 2014-ի մայիսի 17-ին «Իրավունք» թերթում հրապարակված՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածում առկա է խտրական վերաբերմունք:

 

Խորհուրդն իր կողմից տրված եզրակացությունից առաջ վերլուծություն է կատարել հոդվածում տեղ գտած խնդրահարույց մի շարք արտահայտությունների վերաբերյալ՝ նշելով, որ հոդվածում

 

1. Հեղինակը սեգրեգացիայի կոչ է արել: 

 

Մասնավորապես, անդրադառանալով այն հանագամանքին, որ հոդվածում դրա հեղինակը կոչ է անում մարդկանց որոշակի խմբի ամբողջությամբ առանձնացնել հասարակությունից և նրանց ենթարկել հասարակական պարսավանքի՝ «Հավասարության խորհուրդը» նշել է, որ դա ոչ այլ ինչ է, քան սեգրեգացիայի կոչ, որը չի կարող պաշտպանվել մարդու իրավունքների պաշտպանության որևէ կառուցակարգով:

 

«Այս իմաստով խիստ մտահոգիչ է, որ նույն փաստական հիմքերով մեկ այլ դատական ակտում (քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2042/02/14) դատարանը հոդվածում արտահայտված մտքերը որակել է որպես «կարծիք» կամ «գնահատող դատողություն», իսկ հոդվածագրի հրապարակային կոչը՝ «լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին» համապատասխանող։ Խորհուրդը գտնում է, որ ատելության քարոզը, սեգրեգացիայի կոչը, որն իր բնույթով խտրականության հրահրում է, որևէ կերպ չի կարող համապատասխանել լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին»,- նշված է վերլուծության մեջ: 

 

2. Հոդվածագիրը չարաշահել է ազատ արտահայտվելու իր իրավունքը և խախտել քաղաքացիների՝ խտրականության արգելքի, արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքները:

 

3. Հոդվածում առկա է նաև ատելության խոսք:

 

«Բոլոր քաղաքակիրթ ազգերը մերժում են ատելության քարոզը՝ որպես արտահայտվելու ազատության անիրավաչափ եղանակ։ Ատելության քարոզը մերժում է ժողովրդավարական արժեքները և ճանապարհ բացում դեպի ծայրահեղականության ու անհանդուրժողականության»,- ասված է վերլուծության մեջ, որում Խորհուրդը, մեջբերելով Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից «ատելության քարոզում» եզրույթի սահմանումը, նշում է, որ ատելության քարոզումը պետք է հասկանալ որպես արտահայտման բոլոր ձևերն ընդգրկող երևույթ, որը տարածում է, հրահրում է, խրախուսում կամ արդարացնում է ռասայական ատելությունը, այլատյացությունը, անտիսեմիտիզմը և ատելության այլ ձևերը, որոնք հիմնված են անհանդուրժողականության վրա: 

 

Խորհրդի վերլուծության մեջ նշված է, որ նույնասեռական անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ «զրո հանդուրժողականություն» ցուցաբերելու կոչն ատելության խոսքի դրսևորում է և անիրավաչափ

 

Ինչպես հայտնի է, հոդվածի հեղինակ, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը պարբերաբար կրկնում է, որ ինքն օրենք չի խախտել, քանի որ Հայաստանում ատելության խոսքի տարածումը քրեորեն պատժելի արարք չէ: Մինչդեռ «Հավասարության խորհուրդը» վերլուծության մեջ հիշեցրել է Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունը՝ ակտիվորեն մասնակցելու խտրականության դեմ պայքարին, ինչպես նաև մեջբերել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում, համաձայն որի՝ եթե հրապարակային հայտարարությունը հնարավոր չէ որակել ատելության խոսք՝ այդ հասկացության քրեաիրավական իմաստով, ապա, միևնույն է, այն կարելի է որակել որպես ատելության խոսք՝ այդ հասկացության կոնվենցիոն, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության իմաստով:

 

4. Ահա այս ամենի համակցություն է, որ «Հավասարության խորհրդին» հիմք են տվել գալ այն եզրահանգման, որ հոդվածում առկա խտրական վերաբերմունք: 

 

Անդրադառնալով հոդվածում առկա խտրականության դրսևորումներին՝ Խորհուրդը նախ մեջբերել է խտրականության վերաբերյալ ՄԻԵԴ-ի սահմանում, համաձայն որի՝ «Խտրականությունը տարբերակված վերաբերմունքի դրսևորումն է համեմատաբար նույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ` առանց որևէ օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորման»: Ըստ որում՝ Խորհուրդն ընդգծել է, որ խտրականության հրահրումը նույնպես համարվում է խտրականություն: 

 

«Համեմատելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը խտրական է, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում, այլ կերպ ասած՝ եթե այն չի հետապնդում օրինաչափ նպատակ կամ եթե առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերություն օգտագործված միջոցների և հետապնդվող նպատակի միջև»,- ասված է խորհրդի վերլուծության մեջ, որում նշված է նաև, որ որոշակի անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունք ցուցաբերելով՝ հոդվածագիրը պետք է հիմավորեր իր այդ քայլը: 

 

Խորհուրդը հիշեցնում է, որ մոտ 20 երկրներում օրենքով կարգավորվում է նույնասեռականների իրավունքների պաշպանությունը: 

 

«Նույնասեռական անձի կյանքն իրենից ներկայացնում է անձնական իրավունք, և չպետք է միջամտել նրանց անձնական կյանքին: Հոդվածում առկա լոգոտիպը և հոդվածի բովանդակությունը, որոշակի թվաքանակով անձանց անձնական էջերի մասին ցուցակի հրապարակումը սերմանում են ոչ միայն ատելության խոսք՝ ուղղված սեռական կողնորոշման պաշտպանված հիմքով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին և նրանց հետ առընչվող անձանց և կազմակերպություններին, այլ նաև՝ գենդերային հավասարության, գենդերային ինքնության հետ առընչվող անձանց և կազմակերպություններին: 

 

«Հավասարության խորհուրդը», ծանոթանալով ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Մարո Խաչատուրյանի կողմից ներկայացրած գրության և 2014 թվականի մայիսի 17-ին Iravunk.com ինտերնետային լրատվական կայքում հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածի բովանդակությանը, վերլուծելով ապացույցների ողջամիտ՝ հիմնավոր կասկածից վեր լինելու հանգամանքի առկայությունը, կատարելով ապացույցների բավարար համակցում՝ թույլատրելիության և վերաբերելիության սահմաններում՝ եզրահանգեց, որ 2014 թվականի մայիսի 17-ին Iravunk.com ինտերնետային լրատվական կայքում հրապարակված՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածում առկա է խտրական վերաբերմունք»,-եզրակացրել է «Հավասարության խորհուրդը»: