Առնվազն 15 անօթևան ԼԳԲՏ անձ Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ կացարան կունենա

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը «Նոր սերունդ» մարդասիրական հ/կ-ի հետ 30 հազար եվրո արժողությամբ ծրագրի պայմանագիր է կնքել, որն ուղղված է Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը:

 

«Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում և խթանում» ծրագիրը նախատեսում է պայքար՝ բնակչության շրջանում այս համայնքի ներկայացուցիչների նկատմամբ դրսևորվող խտրականության և արհամարհանքի դեմ, ասված է Գերմանիայի դեսպանության մամուլի հաղորդագրության մեջ:

 

Ծրագիրը ենթադրում է կացարանի ստեղծում առնվազն 15 անօթևան ԼԳԲՏ անձանց համար, ընդհանուր անվճար իրավախորհրդատվություն և իրավական օգնություն: 

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև անցկացնել հնգօրյա սեմինար, որի ընթացքում Հայաստանի 10 մարզից 15 իրավապաշտպան վերապատրաստման հնարավորություն կստանա խտրականության դեմ պայքարի ոլորտում: 

 

Սեմինարի ընթացքում Հայաստանի 10 մարզերից կվերապատրաստվի 10 ԼԳԲՏ ներկայացուցիչ:

 

Կկազմակերպվի նաև երկու հանրային քննարկում՝ հայաստանյան հասարակության շրջանում ԼԳԲՏ անձանց վիճակի վերաբերյալ:

 

 

«Մարդու իրավունքները համապարփակ և անբեկանելի են: Մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականությունն, անշուշտ, իր մեջ ներառում է նաև ԼԳԲՏ անձանց իրավունքները: Սեռական կողմնորոշման կամ սեռական ինքնության  նկատմամբ պետական կամ ոչ պետական մակարդակներում ցուցաբերվող հետապնդումը և խտրական վերաբերմունքը և/կամ հոմոֆոբ ոտնձգությունները ոտնահարում են մարդու տարրական իրավունքները, ինչպես բացատրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պակտում:

 

Քաղաքացիական հասարակության քաջալերումը, հատկապես՝ իրավապաշտպաններին առաջարկվող պաշտպանությունն ու աջակցությունը, գերմանական և եվրոպական իրավապաշտպան քաղաքականության կենտրոնական թեմաներից է: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հանդես է գալիս սեռական կողմնորոշման հանդեպ խտրական բոլոր դրսևորումների դեմ և հետևողականորեն պայքարում ընդդեմ լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների, տրանսսեքսուալների և ինտերսեքսուալների հանդեպ խտրականության: Ուստի երկկողմ համագործակցության շրջանակում ԳԴՀ արտգործնախարարության կողմից, ինչպես կոնկրետ այս դեպքում, աջակցություն են ստանում են նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների բարելավմանն ուղղված ծրագրերը»,- ասված է Գերմանիայի դեսպանության հաղորդագրությունում: