Առցանց տիրույթում ատելության խոսքի առավել բուռն դրսևորումները վերաբերում են ԼԳԲՏ համայնքին. զեկույց

«Նոր սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունն այս տարի հրապարակել է «Ատելության խոսքի առկայությունը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ՀՀ առցանց տիրույթում» վերգրությամբ զեկույց:  Կազմակերպությունն ուսումնասիրել է ընթացիկ տարվա ապրիլից մինչև հունիսի 20-ը համացանցում հրապարակված մոտ 5 հազար նյութ, այդ թվում՝ լրագրական նյութեր, տեսակենտներ – գրառումներ սոցցանցերում, նյութերի մասին առցանց տարածքում հայտնված կարծիքներ, ԶԼՄ-ների կողմից պարտադրված տեսանյութեր, ձայնագրություններ, որոնք կրկին քննարկվել են առցանց տարածքում: 

 

«Ուսումնասիրության արդյունքում տեսանելի է դառնում, որ ատելության խոսքը սերմանելը լայն տարածում ունի հայաստանյան առցաց տիրույթում, ինչը խոսում է այլակարծության, բազամազանության, խղճի և դավանանքի ազատության իրավունի դրսևորման սահմանափակումների, ինչպես նաև իրավունքի, օրենքների վերաբերյալ տեղեկացվածության պակասի մասին: Հաճախ ատելության խոսքը հանդիպում է զրպարտանք պարունակող հրապարակումներում` հենց իրենից ներկայացնելով զրպարտանք, մարդու արժանապատվության ոտնահարում, ազատ արտահայտվելու իրավունքի խախտում և այլն»,- ասված է կազմակերպության կայքում զետեղված զեկույցում: 

 

Հատկանշական է, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ատելության խոսքի առավել բուռն դրսևորումները վերաբերում են ԼԳԲՏ համայնքին, իսկ նման դրսևորումների գագաթնակետն է եղել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի անցկացման ժամանակահատվածը: 

 

Հիշեցնենք, որ այս տարի Եվրատեսիլում հաղթեց Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստը, ինչը հայաստանյան առցանց տիրույթում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: 

 

Հատկանշական է նաև, որ հենց Եվրատեսիլում Կոնչիտայի հաղթանակի վերաբերյալ հայաստանցի երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանների աղմկահարույց բացասական գնահատականները, դրանց հետևած՝ «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսը՝ երկու քույրերի մասնակցությամբ, և ֆեյսբուք սոցցանցի օգտատերերի գրառումները լրատվամիջոցի բացաց ֆեյսբուքյան միջոցառման էջում առիթ դարձան «Իրավունք» թերթում ԼԳԲՏ համայնքի իրավունքները պաշտպանողներին վերաբերող ու ատելության խոսք պարունակող հոդվածաշարի հրապարակման, ինչն էլ իր հերթին հանգեցրեց հասարակական կազմակերպությունների ու մի խումբ քաղաքացիների կողմից ընդդեմ «Իրավունք»-ի դատական հայցի ներկայացման: 

 

Զեկույցի վերջում ասվում է, որ կատարված հետազոտության տվյալներով՝ առցանց տիրույթում ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ նյութերի 80-85%-ը պարունակում են անհանդուրժողականություն և ատելության խոսք, 15 %-ը ներկայացնում են համեմատաբար անաչառ տեղեկատվություն, և միայն մոտ 5%-ն է օբյեկտիվ կերպով ներկայացնում հայաստանյան ԼԳԲՏ համայնքի հիմնախնդիրները: