Ավստրալիայի բնակչությունը կողմ է ամուսնության իրավահավասարությանը

Շուրջ երկու ամիս տևած ազգային փոստային հարցումների արդյունքները ցույց են տվել, որ Ավստրալիայի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը, գրում է CNN-ը:

Հարցման արդյունքները չորեքշաբթի օրը հրապարակել է Ավստրալիայի վիճակագրական բյուրոն. բնակչության 61 տոկոսը կողմ է արտահայտվել նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը, 38-ը՝ դեմ:

Հայտարարությունից հետո Մելբուրնի կենտրոնում, որտեղ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին՝ լսելու հարցման արդյունքները, ծիածանագույն ծխեր ու հրավառություններ են կազմակերպվել:

Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 12.7 միլիոն մարդ՝ բնակչության 79.5 տոկոսը, երկրի յուրաքանյուր նահանգում ու տարածքում «այո»-ն մեծամասնություն է գրանցել:

Սա Ավստրալիայում ամուսնության իրավահավասարության հաստատաման համար երկարատև քարոզարշավի ավարտի սկիզբն է: Արդունքներից հետո Ավստրալիայի վարչապետ Մալքոմ Թյուրնբալը հայտարարել է, որ «այո»-ն ստացել է ճնշող մեծամասնություն և կոչ է արել նույնասեռ ամուսնություններն օրինականացնել մինչև Սուրբ Ծնունդ:

«Նրանք «այո» են քվեարկել արդարության համար, նրանք «այո» են քվեարկել հավատարմության համար, նրանք «այո» են քվեարկել սիրո համար: Եվ այժմ մենք՝ Ավստրալիայի խորհրդարանը, պետք է լուծի այդ հարցը»,- ասել է վարչապետը: 

Սպասվում է, որ քաղաքական գործիչները կսկսեն քննարկել նույնասեռ ամուսնությունների մասին օրինագծի մանրասմասներն արդեն այս շաբաթ: 2015-ին Լիբերալ կուսակցության ճնշումների արդյունքնում այդ ժամանակվա վարչապետ Թոնի Աբոթը հայտարարել էր, որ երկրում ազգային քվեարկություն կամ հանրաքվե է նախատեսվում՝ որոշելու, թե արդյոք ամուսնության հավասարությունը պետք է օրինականացվի: Սակայն նա չէր կարողացել ֆինանսավորում ստանալ հանրաքվեի անցկացման համար այն բանից հետո, երբ օրինագիծը երկու անգամ մերժվել էր ավստրալական սենատում: Ներկայիս վարչապետն օգոստոսին հայտարարել էր, որ երկրում փոստային քվեարկություններ են անցկացվելու: Քվեարկությունը սկսվել էր սեպտեմբերի 12-ին ու քվեարկության համար գրանցված ավստրալացիները կարող էին իրենց որոշումը կայացնել մինչև նոյեմբերի 7-ը: