Ավստրալիայի խորհրդարանը նույնպես կողմ է քվեարկել նույնասեռ ամուսնությունների օրինականացման օգտին

Ավստրալիայի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրում նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքը: 

Խորհրդարանի որոշումը ծափարահություններով է ընդունվել: Խորհրդարանի անդամները երգել են ”I Am Australian երգը”, որը երկրում «երկրորդ հիմն» է համարվում: 

Դեկտեմբերի 9-ին օրենքին պետք է հավանություն տա Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Փիթեր Քոսգրովը, որից հետո այն ուժի մեջ կմտնի կառավարության կողմից նշանակված օրը կամ 28 օր անց: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին պարզ դարձավ, որ ըստ շուրջ երկու ամիս տևած ազգային փոստային հարցումների արդյունքների՝ Ավստրալիայի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 61 տոկոսը կողմ է արտահայտվել նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը: Քվեարկությունը սկսվել էր սեպտեմբերի 12-ին ու քվեարկության համար գրանցված ավստրալացիները կարող էին իրենց որոշումը կայացնել մինչև նոյեմբերի 7-ը: