Ատելության քարոզի նվազման հարցում մեծ ներդրում կարող են ունենալ հեղափոխությունն առաջնորդողները․ Մամիկոն Հովսեփյան

LGBTnews-ի զրուցակիցն է Pink Armenia հասարակական կազմակերպության տնօրեն Մամիկոն Հովսեփյանը։ 

– Շուռնուխում տեղի ունեցած բռնության դեպքից հետո սոցցանցերում ծավալված քննարկումների ալիքի ընթացքում թերևս ամենաշատ տրվող հարցն այն էր, թե ինչու են ակտիվիստները քվիր հավաք անցկացնելու համար ընտրել մի հեռավոր գյուղ, երբ հայտնի է, թե որքան պահպանողական է Հայաստանում անգամ խոշոր քաղաքների բնակչությունը և ըստ այդմ որքան ռիսկային կարող է լինել նման հավաքի անցկացումը մասնակիցների համար։

– Հասկանալի են անվտանգության հարցերը, նորություն չէ, որ Հայաստանում, և ոչ միայն, կան վայրեր, որոնք համեմատաբար ավելի անվտանգ են և կան վայրեր, որ ռիսկային են՝ թե՛ ԼԳԲՏԻ մարդկանց համար, թե՛ տուրիստների, թե՛ կանանց կամ այլ խմբերի։ Անգամ ընտանեկան պիկնիկի մեկնելիս՝ մարդիկ նկատի են ունենում այդ հարցերը, սա բնական է։ Մեր կազմակերպությունն էլ, միջոցառումներ անցկացնելիս, հատկապես ԼԳԲՏԻ թեմայով, մշտապես քննարկում է այնպիսի կարևոր հարցեր, ինչպես, օրինակ, վայրը, ժամանակը, տևողությունը և այլն։

Եկեք, սակայն, տարբեր հարցեր չխառնենք․ նմանատիպ բռնությունը որևէ արդարացում չի կարող ունենալ, մենք ոչ թե պետք է սևեռվենք այս կամ այն դետալի վրա՝ ուղղակի կամ անուղղակի արդարացնելով բռնությունը և երկրում, քաղաքում, մարզում, համայնքում ու այլուր առկա իրավիճակը, այլ պետք է փոխենք իրականությունը, դարձնենք այն ավելի լավը՝ բարելավելով օրենքները, աշխատելով իրավապահ մարմինների հետ, լուսավորելով հանրությանը և այլն։

Մենք անընդհատ պետք է ձգտենք բարելավել մեր միջավայրը, ոչ թե ասենք՝ այս վայրը վտանգավոր է՝ եկեք չգնանք, այն վայրն անվտանգ է՝ եկեք գնանք։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ ողջ տարածքի համար առկա են ընդհանուր Սահմանադրություն և սկզբունքներ, դրանք ունիվերսալ են ողջ պետության տարածքում, բոլոր մարդկանց համար և պետք է կիրառվեն ըստ այդմ՝ լինի դա Շուռնուխում, Երևանում կամ մեկ այլ համայնքում։ Հայաստանի ողջ տարածքում ցանկացած մարդ ազատորեն պետք է հնարավորություն ունենա իրացնելու իր սահմանադրական իրավունքներն և ազատությունները։

– Pink Armenia-ի ներկայացուցիչները դեպքի օրը մեկնեցին Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, դուք բավական արագ արձագանքեցիք տեղի ունեցածին, այնինչ հայաստանյան իրավապաշտպան հանրույթը հիմնականում բավական պասիվ էր առաջին երկու-երեք օրը, և որոշ կազմակերպությունների հրապարակային արձագանքը եղավ միայն այն ժամանակ, երբ սոցցանցերում քննարկումների մեծ ալիք բարձրացավ։ Ինչո՞վ է, ըստ ձեզ, պայմանավորված այս հանգամանքը։

– Այդ և հաջորդող օրերին ես զբաղված էի տեղի ունեցածի փաստագրմամբ, տուժողներին աջակցության տրամադրմամբ և դեպի հետ կապված այլ հարցերով և, ճիշտն ասած, ժամանակ չեմ ունեցել հետևելու առաջին օրվա արձագանքներին։ Եթե արձագանքը եղել է պասիվ, դրա պատճառը գուցե այն էր, որ շաբաթվա հանգստյան օրերն էին, հասանելիություն չունեին սոցիալական մեդիային և ԶԼՄ-ներին կամ գուցե փորձում էին ավելի հստակ տեղեկություններ ճշտել տեղի ունեցածի վերաբերյալ՝ համարժեք արձագանքելու համար։ Չգիտեմ, գուցե ենթադրությունս ընդամենը գործընկերներիս արդարացնելու փորձ է։ Չեմ բացառում, որ ընտրողական մոտեցումն էլ կարող էր դեր խաղալ․ դուք գիտեք, որ շատերը խուսափում են ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներին վերաբերող հարցերի բարձրաձայնումից։ Կարճ ասած՝ դժվարանում եմ հստակորեն ասել, այնուամենայնիվ ոչ օպերատիվ արձագանքը նման դեպքերում, երբ մարդկանց կյանքի և առողջության հարցեր կան, առնվազն մտահոգիչ ու ցավալի է։

– Սոցցանցերում բարձրացած աղմուկում ամենաշատը հնչող տեսակետներից մյուսն էլ այն էր, որ այժմ ժամանակը չէ բարձրացնելու ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը՝ նկատի ունենալով քաղաքական իրավիճակը և այլ հանգամանքներ։ Ի դեպ, այս պնդումը հնչում է մշտապես ու անընդհատ․ բավական հաճախ ենք լսում «հիմա ժամանակը չէ», «ավելի կարևոր հարցեր կան» տիպի ձևակերպումներ, երբ խոսքը վերաբերում է ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցերի բարձրաձայնմանը։

– Մարդու արժանապատվության, ընդհանրապես մարդու իրավունքների ու, իհարկե, նաև ԼԳԲՏԻ մարդկանց պրոբլեմների դեպքում ժամանակի խնդիր դնելն իրավական և բարոյական տգիտություն է: Մարդու իրավունքներն ու ընդհանրապես մարդը, իր կյանքի իրավունքը, առողջության իրավունքը, խտրականությունից զերծ մնալու իրավունքը չեն կարող ժամանակի հետ կապված լինել: Պատկերացրեք՝ մարդն ինչ-որ խնդիր ունենա, ասենք՝ տունը հրկիզեն, իսկ դու ասես՝ հիմա ժամանակը չէ, արի՛ սպասենք մի ամիս, մի տարի, տասը տարի, հետո նոր քո առողջության, գույքի և այլ հարցերով կզբաղվենք: Սա զավեշտալի մոտեցում է։

Այո՛, շատ հաճախ ենք լսում այդ արտահայտությունները, երբ խոսքը վերաբերում է ԼԳԲՏԻ մարդկանց խնդիրներին, նրանց իրավունքներին, և ամենացավալին այն է, որ լսում ենք երբեմն նաև իրավապաշտպանների, ակտիվիստների և անգամ ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների շուրթերից։ Ժամանակը չէ Արսինե Խանջյանի հետ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների մասին հարցազրույց հրապարակելու, ժամանակը չէ ԼԳԲՏԻ հավաք կազմակերպելու, ժամանակը չէ քաղաքական գործիչներին հարցեր հղելու․․․ Ի՞նչ է նշանակում՝ ժամանակը չէ․ ամեն ինչի համար ժամանակ կա, հենց հերթը հասնում է այս համայնքի խնդիրներին՝ հանկարծահաս ժամանակի մասի՞ն են հիշում։

Այս դեպքում մարդկանց հանդեպ բռնություն է կիրառվել, կյանքին և առողջությանն անմիջական վտանգ է սպառնացել, տեղի է ունեցել ապօրինություն, և ի՞նչ են առաջարկում․ լռե՞նք, չբարձրաձայնե՞նք, հանրությանը չտեղեկացնե՞նք դեպքի մասին, հետևողական չլինե՞նք, որ մեղավորները պատասխանատվության կանչվեն։ Ի՞նչ է նշանակում՝ ժամանակը չէ։ Եթե իրենց հարազատին, ասենք, դանակահարեին կամ քարով հարվածեին գլխին, ինչ-որ մեկը կկանգներ ու կասեր՝ դե լավ, աղմուկ չբարձրացնե՞մ, հետո՞ ինչ, որ դանակահարել են, տանեմ, տանը պահե՞մ, մինչև որ ժամանակը գա, մինչև պատեհ քաղաքական իրավիճակ ստեղծվի կամ աստղերը երկնքում ավելի հարմար դասավորվեն։ 

Սա աբսուրդ է, երբ որևէ մարդու կյանքը, առողջությունը, արժանապատվությունը կարող է մղվել հետին պլան այն հիմնավորմամբ, թե հիմա ժամանակը չէ։ Ազգայնամոլական քննարկումների, միլիտարիստական պրոպագանդայի, ատելության, անհանդուրժողականության և նման այլ բաների համար ժամանակ կա, իսկ մարդու իրավունքների պաշտպանության համար՝ ո՞չ։

– Այդ նույն փաստարկը, թե հիմա ժամանակը չէ, օգտագործում էր նախորդ իշխանությունը, երբ մարդիկ ոտքի էին կանգնում իշխանափոխություն իրականացնելու կամ սոցիալական այս կամ այն խնդիրը բարձրացնելու համար։ Ասում էին՝ Ղարաբաղի հարց ունենք, պատերազմի մեջ ենք, հիմա ժողովրդավարության, իրավունքների, սոցիալական հարցերի բարձրաձայնման ժամանակը չէ․․․

– Այո՛, մշտապես մի այլ թեմա է առաջ մղվում, որ իբր համազգային կարևորություն ունեցող հարց է, իսկ մնացյալ հարցերը մղվում են հազարերորդ դաշտ։ Եվ սա այն դեպքում, երբ համազգային կարևորության, համամարդկային կարևորության, հասարակական կարևորության թիվ մեկ առանցքը մարդիկ են՝ իրենց իրավունքներով ու ազատություններով։ Այդ մեթոդը՝ հետին պլան մղելու մարդկանց ու իրենց խնդիրները՝ դրա փոխարեն առաջ բերելով այլ հարցեր, նոր մի բան չէ, ավտորիտար մտածողությամբ մարդկանց սիրելի գործիքն է․ այդպիսով հեշտ է մարդկանց կառավարելի և հպատակ դարձնել, փակել բերանները։

– Ինչպիսի՞ն էր միջազգային հանրության արձագանքը տեղի ունեցած բռնության դեպքի առնչությամբ։

– Այն սկզբում բավական պասիվ էր, սակայն մենք մեր միջազգային գործընկերներին ամբողջական տեղեկություններ ու փաստեր տրամադրեցինք տեղի ունեցածի վերաբերյալ, ինչից հետո հայտարարություններ եղան ինչպես դեսպանատների, այնպես էլ միջազգային իրավապաշտպան մի շարք կառույցների կողմից։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք տեղեկացնել մեր գործընկերներին դեպքի քննության ընթացքի, իրավապահների գործողությունների վերաբերյալ։

– Ինչպես նախորդ անգամները, այս անգամ նույնպես տեղի ունեցած բռնության առնչությամբ քննարկումները սոցցանցերում ուղեկցվեցին ատելության խոսքով, ընդ որում՝ այս անգամ դրա չափաբաժինը կարծես բավական մեծ էր։ Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել՝ նվազեցնելու ատելության քարոզը ԼԳԲՏԻ մարդկանց հանդեպ։

– Շատ կարևոր է ունենալ ատելության խոսքն արգելող օրենք։ Մինչ դրա հնարավոր ընդունումը, սակայն, որը հայտնի չէ, թե երբ տեղի կունենա, կարող են լինել բազմաթիվ դեպքեր, որոնց կապակցությամբ ոչ միայն ատելության, այլ նաև բռնության կոչերի ալիքներ լինեն։ Ուստի մենք չպետք է նստենք և սպասենք բացառապես իրավական փաստաթղթերի ընդունմանը, թեև, իհարկե, արդեն իսկ առկա իրավական բազան հնարավորություն է տալիս պատասխանատվության կանչելու ատելության ու բռնության քարոզիչներին, և մենք օգտվում ու օգտվելու ենք այդ հնարավորությունից։

Այս հերթական ալիքի ժամանակ ես մի նրբություն նկատեցի․ սպանդի, հաշվեհարդարի, երկրից վտարելու կոչ անող օգտատերերի շրջանում քիչ չէին տեղի ունեցած հեղափոխությանը սատարող մարդիկ, որոնց ֆեյսբուքյան հաշիվներում «Դուխով» գրառմամբ պաստառներ և հեղափոխական լուսանկարներ, գրառումներ կային։ Դրանք մարդիկ են, որոնք ողջունել են հեղափոխությունը՝ սիրո և հանդուրժողականության լոզունգով իրականացված, կարծես ոգևորված են հեղափոխությամբ, ուստի նաև հեղափոխական առաջնորդներով, կառավարության առաջին դեմքերի ելույթներով ու կերպարներով։

Ուստի, վստահ եմ, ատելության քարոզի նվազման հարցում մեծ ներդրում կարող են ունենալ հեղափոխությունն առաջնորդող անձինք և անձամբ Նիկոլ Փաշինյանը, եթե կոչ անեն դադարեցնել բռնությունը, թշնամանքը, ագրեսիան, եթե ևս մեկ անգամ սիրո և համերաշխության ուղերձ հղեն հանրությանը՝ ավելի հանգամանորեն բացատրելով այդ լոզունգի գաղափարական հենքը։ Սա շատ կարևոր քայլ կլիներ իրենց կողմից։

– Ի դեպ, սոցցանցերում քննարկումների ժամանակ ոմանք գրում էին, թե տեղի ունեցածը այսինչ կամ այնինչ մարդու կամ ուժի սադրանքն էր նոր իշխանության դեմ, որ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցն արհեստականորեն է նետվել քննարկումների դաշտ, որ ԼԳԲՏԻ մարդկանց և նրանց խնդիրները օգտագործվում են՝ հարվածելու համար իշխանությանը և այլն։

– Այդ խոսակցություններն էլ նոր չեն․ այո՛, նախկին իշխանությունները պարբերաբար սադրանքներ էին իրականացնում՝ օգտագործելով ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը՝ շեղելու համար հանրությանն այս կամ այն խնդրից։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ համայնքի ցանկացած հարցի բարձրաձայնում անպայմանորեն ինչ-որ արհեստական հիմքեր ունի և որ ամեն անգամ պետք է մոռացության տալ ԼԳԲՏԻ մարդկանց խնդիրները կամ անուղղակի արդարացնել բռնությունը՝ ասելով, թե դա սրա կամ նրա սադրանքն էր։ Հեշտ է վարել դատարկ զրույցներ՝ խուսափելու համար բռնության դատապարտումից։ Ցավալի է, որ հերթական անգամ ականատեսը եղանք այսպես կոչված victim blaming-ի՝ զոհին մեղադրելու արատավոր սովորությանը, որը տեսնում ենք նաև կանանց հանդեպ ընտանեկան բռնության դեպքերում, երբ հարցնում են՝ ի՞նչ էր կինը արել, որ բռնության ենթարկվեց և իրենք էլ իրենց հարցին պատասխանում են՝ հաստատ մի բան արել է։

Տուժողին մեղավոր դարձնելու այս սովորությունը պետք է արմատախիլ արվի։ 

Զավեշտը գիտե՞ք որն է․ մի կողմից նախորդ Հանրապետական ռեժիմն ու դրա սպասարկուները ԼԳԲՏԻ համայնքին անընդհատ մեղադրում էին, թե իբր մեր գոյությունն ինքնին հակապետական է, մեր գործունեությունը խարխլում է պետության հիմքերը, ապականում է ազգային արժեքները և այլն, մյուս կողմից իբր թե ընդդիմադիր զանգվածը մեղադրում է, որ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցերը բարձրաձայնելով՝ մենք պառակտում ենք միասնականությունը և այլն։ Հիմա էլ նույն պատկերն է․ ազգայնական-պահպանողականներն ասում են՝ փչացնում ենք հայի գենը, իբր թե առաջադեմներն էլ՝ թե պրովոկացիա ենք անում, պառակտում ենք հեղափոխական միասնականությունը, հիմա ժամանակը չէ և այլն։ Այսպիսով ԼԳԲՏԻ մարդիկ, իրենց խնդիրներով ու իրավունքների հարցերով հանդերձ, լինելով ամենախոցելի խումբը երկրում, շարունակում են հարվածներ ստանալ թե՛ աջից, թե՛ ձախից, թե՛ վերևից ու ներքևից։

Իրենց իշխանությունը կորցրած Հանրապետականները փորձում են ԼԳԲՏԻ համայնքը նույնացնել, ասոցացնել նոր իշխանության հետ՝ ներկայացնելով, թե իբր նոր կառավարությունը սատարում է ԼԳԲՏԻ անձանց, մյուս կողմից էլ նոր իշխանությանը սատարող մարդիկ մեզ մեղադրում են, թե սադրում ենք՝ բարձրացնելով ԼԳԲՏԻ մարդկանց կյանքի ու առողջության խնդիրներ։ Այլ տարբերակ չի քննվում․ դաշտը բաժանվում է սևի ու սպիտակի, երկբևեռ մի հարթության, ու ԼԳԲՏԻ համայնքին էլ փորձում են խցկել այդ բևեռներից մեկում, այնինչ ԼԳԲՏԻ համայնքն ինքնին միատարր չէ, մարդիկ ունեն քաղաքական, աշխարհայացքային տարբերություններ և նրանց միավորում է ընդհանուր խնդիրների համախումբը։

Չի քննարկվում այն տարբերակը, որ մարդիկ ուղղակի սեփական երկրում ունեն իրենց տարրական ու հիմնարար իրավունքների պաշտպանության խնդիր, որոնց մասին բարձրաձայնում են։ Սա էժանագին մանիպուլյացիա է և տխուր է, որ մարդիկ կարող են լինել այնքան ոչ իրավագիտակից, որ մարդու իրավունքների ու ազատությունների խնդիրների բարձրաձայնումը փորձեն փաթեթավորել այլ կերպ՝ միայն թե չդատապարտեն բռնությունը։

– Ձեր կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որ դիմել եք իրավապահ մարմիններին՝ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ ատելության խոսք պարունակող ֆեյսբուքյան գրառումների հետ կապված։ Արդյոք կսահմանափակվե՞ք միայն այս դեպքով, թե՞ շատ ավելի ծավալուն հայցեր կլինեն նաև այլ հանրային դեմքերի ու ոչ միայն հանրային դեմքերի դեմ՝ նկատի ունենալով այն, որ նման հայցերը կարող են կանխարգելիչ օրինակ լինել ատելության քարոզչության առումով։

– Սա այս ընթացքում ատելության ու մահվան քարոզի առաջին դեպքն էր, որի առնչությամբ դիմեցինք իրավապահներին, քանի որ տվյալ դեպքում գործ ունենք Ազգային ժողովի պատգամավորի հետ։ Բայց չեմ կարծում, որ սրանով կանգ կառնենք․ մենք կշարունակենք նաև մյուս հանրային դեմքերի կամ ավելի սուր, վտանգավոր սպառնալիքների դեպքերով դիմել Ոստիկանություն՝ հույս ունենալով, որ դրանց ընթացք կտրվի և դատարանում որևէ արդար լուծում կունենանք:

Քանի որ նախկինում Ոստիկանությունը բավական թերի է աշխատել ու նման դեպքերում հանցակազմ, իբր, չի գտել, հուսանք, որ հիմա՝ հեղափոխությունից հետո, ավելի անկախ ու գիտակից քայլեր կարվեն, քանի որ հիմա դատարաններն ու իրավապահներն այլևս կախված չեն ավտորիտար ռեժիմից։ Հավատալով, որ հիմա ավելի ժողովրդավար մոդել ունենք, հուսով եմ, որ արդար քննություն կիրականացնեն ու իրոք հանցակազմը չեն անտեսի, այլ համապատասխան պատժի կենթարկեն այդ մարդկանց: Դա նաև նախադեպ կդառնա, որ հետագայում մարդիկ նման քայլի այլևս չգնան ու սոցցանցերը չողողեն ատելության քարոզով։

– Արդյոք այս պահին լուծվա՞ծ են տուժողների անվտանգության և իրավական պաշտպանվածության հարցերը:

– Մենք տուժողներին իրավական աջակցություն ենք տրամադրում լրիվ ծավալով, ինչպես նաև հոգեբանական աջակցություն, ֆիզիկական անվտանգության հարցերը ևս քննարկում ենք ու կան աջակցողներ, կա նաև նախաձեռնություն, որը փորձում է այդ հարցով զբաղվել։ Ամեն դեպքում, այս երկիրը դեռևս անվտանգ չէ, ինչքան էլ հոգանք ֆիզիկական անվտանգության մասին՝ այս ագրեսիայի մթնոլորտոմ դա ամենաբարդ հարցերից մեկն է: Մենք պետք է ջանքեր չխնայենք, որ այդ մարդիկ իրենց պաշտպանված զգան, իրենց առողջությունը վերականգնվի, ինչպես նաև այդ էմոցիոնալ ու դժվար վիճակից գոնե այս փուլում ինչ-որ չափով դուրս գան:

– Այնուամենայնիվ, եթե մեր իրավապահ համակարգը բավարար կամք չցուցաբերի, հնարավո՞ր է դատական բոլոր ատյաններ բողոքարկելուց հետո դիմեք նաև Եվրոպական դատարան:

– Մենք բոլոր մեխանիզմները պետք է օգտագործենք, որ մեր դատական համակարգը վերջապես սկսի աշխատել, որովհետև հիմա դեռևս բավական թերի է ու շատ վատ է աշխատում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ համակարգն աշխատի, մենք նախ և առաջ մեր բոլոր ուժերը պետք է ներդնենք, որ այդ համակարգն աշխատի Հայաստանում։ Հուսանք՝ կստացվի ու կարիք չենք ունենա դիմել այլ միջոցների, այսինքն՝ Եվրոպական դատարան ու նման կառույցներ, հուսանք, որ մեր համակարգն իսկապես կսկսի աշխատել ու ցույց կտա, որ Հայաստանում արդարության իրոք հնարավոր է հասնել: Մենք կանգ չենք առնելու և իրավունքի պաշտպանության համար ըստ անհրաժեշտության կիրառելու ենք բոլոր առկա մեխանիզմները։