Արամ Մանուկյանը հարցերից խուսափեց՝ «հարցին պատասխանեցի» կրկնելով

LGBTnews-ը շարունակում է Ազգային ժողովի պատգամավորների հետ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների մասին հարցազրույցների շարքը: Այս անգամ մենք հարցեր հղեցինք Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, ով, սակայն, հիմնականում խուսափեց պատասխանել հնչեցված հարցերին:

– Պարո՛ն Մանուկյան, ձեր կարծիքով Հայաստանում հակախտրական օրենքի ընդունման անհրաժեշտություն կա՞:

– Ես լիբերալ կուսակցության անդամ եմ և բոլոր տեսակի խտրականությունները մերժում եմ:

– Հայաստանում մշակվում է հակախտրական օրինագիծ: Ձեր կարծիքով՝ դրանում ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության վերաբերյալ դրույթ, ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ որևէ հիշատակման անհրաժեշտություն կա՞:

– Շատ դժվար հարց եք տալիս. պետք է օրենքն ընդունել այնպես, որ միջազգային պարտավորություններն ու կոնվենցիաները հարգես, բայց ամենակարևորը քո ազգային կերպարը պահպանես: Այսինքն՝ սա երկու բաղադրիչից է կազմված՝ ավանդույթ, ընտանիք, ազգային կերպար և միջազգային պայմանավորվածություններ: Եթե այդ երկուսը համատեղես, ապա, կարծում եմ, նորմալ լուծում կգտնվի:

– Օրինակ այդ նորմալ լուծումն, ըստ ձեզ, պե՞տք է ներառի ԼԳԲՏԻ անձանց՝ միմյանց հետ միություն կազմելու իրավունքը:

– Ես արդեն հարցին պատասխանեցի:

– Իմ նախորդ հարցն այլ էր: Այժմ հարցնում եմ՝ձեր կարծիքով` Հայաստանում ԼԳԲՏԻ անձինք պե՞տք է ունենան միություններ կազմելու իրավունք:

– Հարցին պատասխանեցի:

– Դուք Ազգային ժողովի պատգամավոր եք: Պատրա՞ստ եք պաշտպանել ԼԳԲՏԻ անձանց իրավունքները, դուք ինչպե՞ս կքվեարկեք:

– Հարցին պատասխանեցի: