Արդարադատության նախարարության արձագանքը ԼԳԲՏԻ ամուսնության մասին հարցմանը

Ինչպե՞ս կարձագանքեն հայաստանյան պետական իրավասու կառույցները, եթե նույնասեռ զույգը ամուսնանալու ցանկություն հայտնի: LGBTnews-ը վերջերս հրապարակել է ծավալուն մի հոդված, որում հիմնավորվում է՝ Հայաստանի Սահմանադրությունը չի արգելում քաղաքացիների նույնասեռ ամուսնությունները:

Եվ ահա, LGBTnews-ի արտահաստիքային թղթակից Ա.Մ. Մանուկյանը, որ լեսբի է և երազանք ունի ամուսնանալու իր զուգընկերուհու հետ, հարցում է ուղարկել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին.

«Ի՞նչ ընթացակարգով կարող եմ ես՝  ՀՀ քաղաքացի Ա.Մ. Մանուկյանս, ՀՀ քաղաքացի հանդիսացող իմ զուգընկերուհու հետ գրանցել նույնասեռ ամուսնություն և/կամ միություն Հայաստանի Հանրապետությունում»:

Այս հարցմանն ի պատասխան Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳԳ) պետ Արգամ Ստեփանյանը գրել է.

a115

Հարցման այս պատասխանը ստանալուց հետո Ա.Մ. Մանուկյանը երկրորդ հարցումն է ուղարկում Արդարադատության նախարարություն՝ կրկին այն հասցեագրելով նախարար Արփինե Հովհաննիսյանին:

«Ես Արդարադատության նախարարություն Ձեր անունով տեղեկություն ստանալու հարցում էի ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել, թե ի՞նչ ընթացակարգով կարող եմ ես՝ ՀՀ քաղաքացի Ա.Մ. Մանուկյանս, ՀՀ քաղաքացի հանդիսացող իմ զուգընկերուհու հետ գրանցել նույնասեռ ամուսնություն և/կամ միություն Հայաստանի Հանրապետությունում:

Հարցմանս ի պատասխան ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ պարոն Արգամ Ստեփանյանի անունից նամակ եմ ստացել, որում միայն ներկայացված են ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի և ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասից մեջբերումներ:

Իմ հարցման մեջ ներկայացված հարցադրման պատասխանը, այն է՝ թե ի՞նչ ընթացակարգով ես ու իմ զուգընկերուհին կարող ենք ՀՀ-ում գրանցել նույնասեռ ամուսնություն և/կամ միություն, պարոն Ստեփանյանի պատասխան նամակում առկա չէ:

Սույն հարցմամբ խնդրում եմ տեղեկացնել,

  1. Կարո՞ղ է նույնասեռ զույգը Հայաստանի Հանրապետությունում գրանցել նույնասեռ ամուսնություն և/կամ միություն:
  2. Եթե այո, ապա ի՞նչ ընթացակարգով, ո՞ր մարմիններում:
  3. Եթե ոչ, ապա ՀՀ Սահմանադրության և/կամ օրենսդրության ո՞ր դրույթներն են արգելում նույնասեռ ամուսնությունների և/կամ միությունների գրանցումը Հայաստանի Հանրապետությունում»,- գրված էր Ա.Մ. Մանուկյանի՝ նախարարություն ուղարկված երկրորդ հարցման մեջ:

Ի պատասխան այս երկրորդ հարցմանը՝ կրկին ՔԿԱԳԳ պետ Արգամ Ստեփանյանի անունից երկրորդ նամակն է ուղարկվել Ա.Մ. Մանուկյանին:

«ՀՀ Արդարադատության նախարարին հասցեագրված Ձեր դիմումների կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Դուք հրավիրվում եք ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալություն: Խնդրում եմ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով»,- գրված է Արգամ Ստեփանյանի պատասխան նամակում:

Նշանակված օրը Ա.Մ. Մանուկյանը հանդիպել է ՔԿԱԳ պետ Արգամ Ստեփանյանի հետ: Վերջինս իր աշխատասենյակ է հրավիրել նաև ՔԿԱԳ գործակալության կատարող Ալբերտ Վիրաբյանին ու ևս մեկ աշխատակցի, որոնք պարբերաբար միջամտել են Ստեփանյանի ու Մանուկյանի զրույցին: Հատկանշական է, որ ՔԿԱԳ պետ Արգամ Ստեփանյանը հանդիպումից առաջ տեղեկություններ է հավաքել Մանուկյանի՝ հարցման մեջ նշված բնակության վայրի, բնակարանի սեփականատիրոջ մասին, ինչի վերաբերյալ էլ եղել է Մանուկյանին ուղղված նրա առաջին հարցը: Քանի որ Ա.Մ. Մանուկյանը ձայնագրել է Ստեփանյանի հետ խոսակցությունը, սղագրությունը ներկայացնում ենք ստորև:

– Դուք այդ հասցեի բնակիչ ե՞ք, որ մեզ նամակներ եք ուղարկում:

– Ես այժմ բնակվում եմ այնտեղ:

– Վարձո՞վ եք ապրում:

– Ոչ, Հայաստանում չգտնվող իմ բարեկամի բնակարանն է:

– Որ մենք տվել ենք ձեզ պարզաբանումները, ի՞նչը ձեզ չի բավարարում:

– Նախ խնդրում եմ, որ նոր սենյակ մտած անձինք ներկայանան, որ ես տեղյակ լինեմ՝ ովքեր են ներկա մեր զրույցին:

– Եթե դուք ուզում եք, որ ներկայանան՝ կներկայացնենք: Ալիկ Վիրաբյան և (ձայնագրության մեջ անունը չի լսվում – խմբ.), մեր աշխատակիցներն են: Մենք ուզում ենք հասկանալ՝ ձեզ ինչ է պետք: Մենք կարծում էինք, որ մեր պարզաբանումը ձեզ կբավարարի:

– Եվ ինչո՞վ պետք է ձեր պատասխանն ինձ բավարարի:

– Դուք ուզում եք գրանցել ամուսնություն, մենք էլ ասում ենք, որ դա հնարավոր չէ:

– Ի՞նչ պատճառներով: Որքան ես գիտեմ՝ նույնասեռ ամուսնությունները որևէ օրենքով արգելված չեն, իսկ այն, ինչ քաղաքացուն արգելված չէ՝ թույլատրված է: Թե՞ ես սխալ եմ:

– Օրենքում հստակ գրված է՝ տղամարդը և կինը… Էլ ի՞նչ ասեմ ձեզ:

– Կա՞ այդպիսի օրենք, այդպիսի դրույթ, որ նույնասեռ զույգերին արգելում է ամուսնանալ:

– Դուրս է գալիս, որ երկու տղամարդու մեջ ու երկու կնոջ մեջ, եթե գրված չի, որ չի կարելի, ուրեմն կարելի՞ է: Դուք տենց ե՞ք մտածում:

– Ես ձեզ եմ հարցնում:

– Եթե մենք լիազորված չենք էտ գործողությունը կատարել, ուրեմն չենք կարող կատարել: Սահմանադրությամբ պաշտոնյաները, պետական մարմինները կարող են անել այնպիսի գործողություններ, որոնք անելու համար օրենքով լիազորված են: Մենք օրենքով լիազորված չենք:

– Կներկայացնե՞ք ինձ գրավոր ձեր հիմնավորումները:

– Եթե ես մի գործողություն եմ կատարում, ես օրենքի շրջանակներում եմ դա անում: Ես օրենքով լիազորություն պիտի ունենամ դա անելու: Հիմա ես լիազորություն չունեմ դա անելու: Ասենք, օրինակ, ես չեմ կարող նույն ամուսնությունը չորս անգամ գրանցել, չեմ կարող անչափահասների ամուսնություն գրանցել, չեմ կարող արդեն ամուսնացած մարդու ամուսնություն երրորդ անձի հետ գրանցել, և այլն: Ինչո՞ւ չեմ կարող: Որովհետև լիազորված չեմ:

– Շատ լավ, ներկայացրեք, խնդրեմ, գրավոր այդ հիմնավորումը:

– Ես որքան հասկացա՝ հիմա ինչ էլ ցույց տամ՝ ձեզ միևնույնն է՝ գրավոր է պետք: Մենք դա էինք ուզում հասկանալ՝ դուք ինչ եք ուզում, ինչն է ձեզ անհասկանալի: Հիմա պարզ է. դուք ասում եք՝ մեզ ոչինչ չի արգելում գրանցել նույնասեռ ամուսնություններ, ինչո՞ւ չեք գրանցում: Ես էլ ասում եմ՝ լիազորված չեմ: Մենք գրավոր պատասխանն այնպես կպատրաստենք, որ դուք, կարծում եմ, բավարարված կլինեք: 

Մի քանի օր անց ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանի անունից գրավոր պատասխան է ուղարկվել Ա.Մ. Մանուկյանին, որում նշված է. «Ի պատասխան ՔԿԱԳ գործակալությունում հանդիպման ընթացքում Ձեր հարցադրմանը, թե միասեռ ամուսնություններ գրանցելն արգելված չէ օրենսդրությամբ, որը ենթադրում է դրանց գրանցման հնարավորություն, տեղեկացնում եմ, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետևաբար ՔԿԱԳ մարմինը չի կարող կատարել այնպիսի գործողություն, այդ թվում նաև միասեռ ամուսնությունների գրանցում, որի համար օրենսդրությամբ իրավասու չէ»

Այսպիսով՝ ՔԿԱԳ գործակալության պետի հիմնավորումը գալիս է ապացուցելու մեր կայքում ավելի վաղ հրապարակված հոդվածում հեղինակի կողմից արված այն պնդումը, որ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց ամուսնության իրավունքի իրացման մասով առկա է օրենսդրական բաց, բայց ո՛չ արգելք: