Արդարադատության նախարարությունը հակախտրական օրինագծում չի հիշատակել սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը

Արդարադատության նախարարությունը փետրվարի 23֊ից մարտի 11-ը «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» (www.e-draft.am) զետեղել է հակախտրական օրենքի նախագիծը՝ վերնագրելով այն «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծ։ Ասպիսով՝ օրինագիծը դրված էր հանրային քննարկման։

Հիշեցնենք, որ դեռևս 2015-ին Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիր էր ստորագրել, որով եվրոպական կառույցը Հայաստանին մոտ 12 միլիոն եվրո բյուջետային աջակցություն էր պարտավորվել տրամադրել՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների համար։ Այս՝ «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում էլ Հայաստանն իր հերթին պարտավորվել էր հակախտրական օրենք ընդունել։

Հատկանշական է, որ Կառավարությունը վերոնշյալ օրինագիծը կայքում զետեղել է այլ՝ «Ազգային փոքրամասնությունների մասին» և «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի հետ համատեղ, այլ ոչ թե առանձին էջում։

«Քննարկվող օրենքների նախագծերն օրգանական կապի մեջ են միմյանց հետ և այդ պատճառով էլ նպատակահարմար է դրանք ներկայացնել մեկ փաթեթով»,֊ ասված է օրինագծերի հիմնավորման հատվածում։

Կառավարության ներկայացրած՝ «Իրավահավասարության ապահովման մասին» օրինագծի հակիրճ բնութագրում ասվում է, որ դրանով «նախատեսվում է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորությունները, կատարելագործել խտրականության դեմ պայքարի բնագավառի օրենսդրությունը, ապահովել խտրականության կանխարգելման, դրանից իրավական և դատական պաշտպանության իրավական հիմքերը»:

Օրինագծերի հիմնավորման հատվածում նաև գրված է, որ «Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով, խտրականության համընդհանուր արգելքի գործնական ապահովման և ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ իրականացման համար կազմակերպաիրավական հիմքերի նախատեսման պահանջով, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով։

«Նախագծերի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից»,- նաև նշված է հիմնավորումներում։

Թե՛ օրինագծի հակիրճ բնութագրում, թե՛ հիմնավորումների հատվածում և թե՛ բուն օրինագծի տեքստում սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության արգելքի մասին որևէ ուղիղ հիշատակում չկա, թեև, ինչպես տեսնում ենք վերը բերված մեջբերումում, այլ հիմքերը մանրամասնորեն թվարկված են։

Հատկանշական է, որ օրինագծի 6֊րդ հոդվածով ձևակերպված է օրենքի մեկնաբանությունը՝ հետևյալ կերպ․

«Սույն օրենքի դրույթները մեկնաբանվում են՝ հաշվի առնելով պետության հատուկ հոգածությունը ընտանիքի՝ որպես հասարակության բնական և հիմնական բջջի նկատմամբ, կրոնական կազմակերպությունների՝ դավանանքի ազատության հետ կապված իրավունքները, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առանձնահատուկ դերը»։

Օրինագիծը նախատեսում է այսպես կոչված «Իրավահավասարության խորհրդի» ստեղծում, որը Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդակցական մարմին է և նպատակ պետք է ունենա աջակցել Մարդու իրավունքների պաշտպանին անձանց իրավահավասարության և խտրականության բոլոր դրսևորումներից պաշտպանության ապահովման հարցում։ Նախատեսվում է, որ այն ունենալու է 7 անդամ, որոնց նշանակելու է ՄԻՊ֊ը և որոնք պետք է լինեն իրավապաշտպաններ և/կամ գիտնականներ։ Նշենք, որ Խորհրդի լիազորությունները խիստ սահմանափակ են և ունեն խորհրդատվական բնույթ։

Օրինագծերի վերաբերյալ կայքում տարբեր կազմակերպություններ ու անհատներ գրանցել են թվով 52 առաջարկ, 36-ը՝ հակախտրական օրինագծի վերաբերյալ։

Առաջարկներ են ներկայացրել Pink Armenia֊ն, «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան», «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը, «Իրավաբանների հայկական ասոցիացիան», «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ներկայացուցիչ Հովհաննես Մադոյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, նաև Անահիտ Սիմոնյանը։

Pink Armenia֊ն առաջարկել է օրինագծի վերնագիրը փոխարինել «Խտրականության բացառման մասին»֊ով, նախագծից ամբողջությամբ հեռացնել վերը բերված 6-րդ հոդվածը, պաշտպանված հատկանիշների շարքում ավելացնել սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը, օրինագծում կատարել լրացում և «ամրագրել խտրականության գործերով հանրային շահի պաշտպանության նպատակով հասարակական կազմակերպությունների, համայնքահեն կազմակերպությունների, այլ շահագրգիռ անձանց դատարան դիմելու իրավունքը՝ խտրականությունից տուժած անձանց համար արդարադատության մատչելիությունն ապահովելու նպատակով (actio popularis)»։

Համանման առաջարկներ է ներկայացրել «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան», որը նաև առաջարկել է ամբողջությամբ ձևափոխել «Իրավահավասարության խորհրդի» ձևավորման կարգը նախատեսող գլուխը՝ «դարձնելով այն ոչ թե միանձնյա նշանակովի խորհրդակցական մարմին, այլ առանձին աշխատակազմ և պետական ֆինանսավորում ունեցող ընտրովի մարմին, որն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություն կունենա»։ Կոալիցիան նաև առաջարկել է Խորհրդի լիազորությունների փոփոխություն՝ «խտրականության բողոքների/դեպքերի քննության և որոշումների կայացման (այդ թվում՝ վարչական պատասխանատվություն սահմանող), հետաքննության լիազորությունների, հանրային շահի պաշտպանության (actio popularis) հայցերով դատարան դիմելու և այլ»։ 

Ներկայացված բոլոր առաջարկներին ընթերցողը կարող է ծանոթանալ այստեղ։  

Այսպիսով, ինչպես արդեն նշեցինք, «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» օրինագծի 15֊օրյա քննարկումը ավարտվել է մարտի 11-ին։

Դեռևս 2017֊ի փետրվարին LGBTnewsհարցում էր ուղարկել Արդարադատության նախարարություն՝ ճշտելու, թե որ փուլում է գտնվում օրինագծի շուրջ գործընթացը և ինչպիսի ընթացակարգով է այն ընդունվելու։

Կառավարությունից հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ օրինագծի մշակումից հետո այն դրվելու է հանրային քննարկման, ապա քննարկման է դրվելու Կառավարությունում։ Հարցին, թե ինչ ժամկետներում է օրինագիծը քննարկվելու Կառավարությունում, երբ է այն ուղարկվելու Ազգային ժողով՝ Կառավարությունից պատասխանել էին, որ «ՀՀ կառավարությունն օրենքի նախագծի քննարկման և օրենքով սահմանված կարգով նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու հարցում կաշկանդված չէ որևէ ժամկետով»։

Արդյոք Կառավարությունը կսահմանափակվի՞ վերոնշյալ կայքում առաջարկների ստացմամբ, թե՞ այլ ֆորմատներով ևս հանրային քննարկումներ կկազմակերպի՝ LGBTnews-ը կփորձի Կառավարությունից ճշտել առաջիկայում։