Արդյոք անհրաժե՞շտ է ունենալ խտրականության արգելման մասին առանձին օրենք. փաստաբաններ Վահե Գրիգորյանի և Արա Ղազարյանի ուսումնասիրությունը

Արդյոք անհրաժե՞շտ է ունենալ խտրականության արգելման մասին առանձին օրենք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունն արդեն իսկ ունի այս կամ այն հիմքով խտրականությունն արգելող օրենսդրական դրույթներ: Այսօր փաստաբան Արա Ղազարյանը Եվրոպա համագործակցության հիմադրամի կողմից կազամակերպված «Խտրականության արգելմանը նվիրված հետազոտությունների» հանրային քննարկման ժամանակ ներկայացրեց իր և փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից համատեղ մշակված ձեռնարկ, որում ներկայացված են խտրանության մասին առանձին օրենքի առկայության վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները, գրում է Newsline.am-ը: 

Ուսումնասիրության մեջ այն իրականացնողները ներկայացրել են խտրականության բացառման վերաբերյալ ներպետական օրենսդրության ավելի քան 4 տասնակ ակտեր:

Սակայն, ըստ ուսումասիրության հեղինակների, այդ 4 տասնայկից ավելի օրենսդրական ակտերի առկայության և խտրականության մասին առանձին օրենքի բացակայության պայմաններում բազմաթիվ իրավիճակներում քաղաքացիները զրկվում են արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներից:

«Գոյություն ուեցող իրավանորմերը, որոնք ցրված են տարբեր օրենսդրական ակտերում, չեն կարող իրավական պաշտպանության արդյունավետ հնարավորություններ տրամադրել: Դրանք, որպես կանոն, ընդհանրացված կերպով սահմանում են խտրականության բացառման տեսությամբ ամենահայտնի և լայնորեն ընդունված նյութաիրավական հիքմերը՝ սեռ, տարիք, ռասա, հայացքներ և այլն, մինչդեռ չեն տրամադրում դրանցից օգտվելու մեխանիզմները: Արդյունքում նմանատիպ նորմերի կիրառումը դեկլարատիվ բնույթ է կրում: Մինչդեռ հասարակական հարաբերություններում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք պահանջում են գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքացիներին խտրական վերաբերմունքից պաշտպանելու համար: Անհրաժեշտ է օգտվել միջազգային փորձից և նոր մոտեցումներ մշակել՝ հաշվի առնելով խտրականության առանձնահատկությունները»,- նման եզրահանգման են եկել ուսումնասիրության հեղինակները:

Ուսումնասիրոթյան մեջ Վահե Գրիգորյանն ու Արա Ղազարյանը մի քանի առաջարկություններ են ներկայացրել: Մասնավորապես՝ ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ Հայաստանի Հանրապետության խտրականության բացառման սահմանադրական իրավունքի իրականացման և պաշտպանության արդյունավետ ապահովումը ենթադրում է այդ իրավունքի իրացման մեխանիզմներ, դրանցում ներառված տարրերը պարզաբանող և սահմանող նորմեր պարունակող մեկ համապարփակ ակտի ընդունում, որն, օրինակ, պայմանականորեն կարելի է անվանել «Հավասարության մասին օրենք»: Սակայն, ըստ ուսումասիրության հեղինակների, դա դեռ խտրակության վերաբերյալ հարցի լիարժեք լուծում համարել չի կարելի, և անհրաժեշտություն կա դրան փոխկապակցված օրենքներում և օրենսդրական ակտերում նույնպես փոփոխություններ կատարել:

Ըստ ուսումնասիրության հեղինակների՝ անհրաժեշտություն կա նաև հստակ սահմանել «խտրականություն» հասկացությունը, քանի որ այդ հասկանցութունն է այն հիմնաքարը, որից սկսվում է իրավական պաշտպանության իրականցումը:

Մասնավորապես՝ ըստ ուսումնասիրության հեղինակների՝ անհրաժեշտ է հստակորեն տարանջատել ու սահմանել «անուղղակի խտրականություն», «ասոցացված» խտրականություն», «հետապնդում»,  «խտրականության հրահրում կամ դրդում» և «վիկտիմիզացիա» հասկացությունները:

Ուսումնասիրության հեղինակները տեսնում են նաև հավասարության մարմնի ստեղծման կամ ՄԻՊ-ին  հավասարության մարմնի իրավասություներով օժտելու հիմնադրություներ ստեղծելու անհրաժեշտություն:

«Առաջավոր և հաջողված փորձի ուսումնասիրությունը հանգեցրել է այն եզրահանգման, որ արդյունավետության տեսանկյունից առավել նպատակահարմարն առանձին հավասարության մարմնի ստեղծումն է, որի կազմում պետք է ընդգրկվեն բարձր բարոյական հատկանիշներ ունեցող անձինք»,- նշեց Արա Ղազարյանը:

Նա նշեց նաև, որ իրենց ուսումասիրության մեջ առաջարկ են ներկայացրել խտրականության վերաբերյալ վեճերում որոշակիացնել «ապացույց» հասկացությունը, ապացուցման բեռի բաշխումը և ապացուցման ստանդարտը: