Արիզոնայում օրինականացվեցին նույնասեռ ամուսնությունները. նահանգը տոնում է (ֆոտոշարք)

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում դաշնային դատավորը հակասահմանադրական է ճանաչել Արիզոնա նահանգում նույնասեռ ամուսնությունների արգելումը: Այդպիսով Արիզոնան դարձել է 31-րդ նահանգը, որտեղ նույնասեռ ամուսնություններն օրինականացված են, գրում է Arizona Public Media-ն: 

 

Նշենք, որ նահանգի օրենսդրության մեջ 2008-ին կատարված փոփոխությամբ ամուսնությունը ձևակերպվել էր իբրև բացառապես հետերոսեքսուալ միություն: Դատարանը համարել է, որ նման ձևակերպումը խախտում է ԱՄՆ Սահմանադրությամբ ամրագրված իրավահավասարության սկզբունքը: Այդ պատճառով դատավորը վճռել է, որ Արիզոնայի իշխանությունները պարտավոր են անհապաղ դադարեցնել այն դրույթների կիրառումը, որոնք դատարանի վճռով հակասահմանադրական են ճանաչվում: Հատկանշական է, որ դատարանը հրաժարվել է վճիռն ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել և որոշել է, որ այն գործում է հրապարակման պահից: Հատկանշական է, որ նահանգի գլխավոր դատախազը հայտարարել է, որ չի պատրաստվում բողոքարկել դատարանի վճիռը:

 

Դատարանի վճռի հրապարակումից անմիջապես հետո  Արիզոնայի երկու քաղաքներում՝ Թուսոնում (Tucson) և Փյունիկում (Phoneix), գրանցվել են առաջին նույնասեռ ամուսնությունները: Ջենիֆեր Շելթոնն ու Քեթրին Հարիսոնն առաջին զույգերից են, որ գրանցել են իրենց ամուսնությունը նահանգում: Կանայք իրենց ամուսնությունը պլանավորել են երկու տարի շարունակ: 

 

Ձենիֆերն ու Քեթրինը լրագրողներին պատմել են, որ միմյանց հետ ծանոթացել են քսան տարի առաջ: Տարիներ շարունակ նրանք միասին են ապրել՝ երազելով իրենց միությունն օրինականացնելու հնարավորության մասին: Եվ այժմ, երբ ամուսնությունն իրավաբանորեն գրանցված է, կանայք պատրաստվում են երեխա որդեգրել: 

 

Հատկանշական է, որ դատական նիստի ժամանակ դատարանի մոտ հավաքված են եղել մի խումբ հավատացյալներ՝ Ռինկոն քաղաքի Կոնգրեգացիոնալիստական Քրիստոսի Միացյալ եկեղեցու հոգևոր հովիվ Դել Մաքքորմիքի գլխավորությամբ: 

 

«Հիսուսը պաշտպանում էր բոլոր մարդկանց իրավունքները. և որպես եկեղեցի մենք էլ տևական ժամանակ պաշտպանում ենք մարդու իրավունքները՝ բոլոր մարդկանց համար, մենք օրհնում էինք թե՛ հետերոսեքսուալ, թե՛ նույնասեռ ամուսնությունները, բայց նույնասեռականներն իրենց միությունը գրանցելու իրավունք չունեին: Եվ այսօր մենք եկել ենք այստեղ՝ տոնելու նման հնարավորության ընձեռումը»,- ասել է կին հոգևոր հովիվը:  

 

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նույնասեռ ամուսնություններն օրինականացրած ԱՄՆ նահանգների թիվը 19-ից հասել է 31-ի: