Արմեն Ամիրյանը, Ռալֆ Յիրիկյանը և Հարություն Խաչատրյանը խուսափեցին հարցերից

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ժամանակ այսօր փառատոնի հիմնադիր և տնօրեն Հարություն Խաչատրյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փառատոնի հովանավորներից Ռալֆ Յիրիկյանը LGBTnews-ի հետ զրույցում խուսափեցին պատշաճ կերպով մեկնաբանել փառատոնի շրջանակներում ցուցադրվելու նախատեսված ԼԳԲՏ համայնքին առնչվող երկու ֆիլմերի՝ «Ծիրանի այգիների» ու «Լսի՛ր ինձ»-ի գրաքննությունը և «Հայեր. ծայացք ներսից և դրսից» ծրագիրի չեղարումը:

Նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ ինքն առհասարակ ծանոթ չէ այդ ֆիլմերի սյուժեին:

«Ինչ վերաբերում է ծրագրին, ապա այն հանվել է Կինոմիության ցանկությամբ և կապված է մեր սիրելի Ռուբեն Գևորգյանցի սգի և հիշատակի հետ»,- ասաց Ամիրյանը:

Հիշեցնենք, որ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Կինոմիությունը հրաժարվել է սգի պայմաններում ցուցադրել «Ոսկե Ծիրանի» ոչ մրցութային ֆիլմերի ամբողջ ցանկը, քանի որ ԼԳԲՏ համայնքին վերաբերող երկու ֆիլմերի պատճառով հասարակական աղմում է բարձրացել:

Մշակույթի նախարարից հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքը համաձայն է, թե այդ ֆիլմերի ցուցադրության կապակցությամբ մի փոքր ծայրահեղական խմբի բարձրացրած արհեստական աղմուկը կարելի է բնութագրել իբրև «հասարակական աղմուկ», և եթե անգամ այդպես է, ապա կարո՞ղ է դա որևէ ֆիլմի արժեքը գնահատելու չափանիշ դառնալ:

«ես չեմ կարծում, որ այս գեղեցիկ տոնը պետք է վերածել այսպիսի բանավեճի»,-ասաց Ամիրյանը: Մեր պատասխան հարցին, թե մշակույթի նախարարը չի՞ կարևորում ԼԳԲՏ մարդկանց իրավունքների խնդիրը, վերջինս նշեց, թե ինքն արդեն պատասխանել է հարցին:

«Ես ասացի, որ հարթակը հանվել է Կինոմիության ցանկությամբ, փառատոնում մի քանի հարթակներ կան, և պետք չէ կենտրոնանալ միայն մեկ հարթակի վրա»,-ասաց Արմեն Ամիրյանը:

Նշենք, որ այսօր փառատոնի բացմանը զուգահեռ ԼԳԲՏ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ և աջակիցներ ակցիա էին իրականացնում`քաղաքացիներին բաժանելով տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկող գրություններ ու պահանջ՝ դադարեցնելու գրաքննությունն ու վերականգնելու փառատոնի  ոչ մրցութային ֆիլմերի  ցուցադրությունը: Զուգահեռաբար մի այլ խումբ մարդիկ «Ո՛չ այլասերման քարոզին» գրությամբ պաստառներով հավաքվել էին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ:

Փառատենի տնօրեն Հարություն Խաչատրյանն, անդրադառնալով թեմային, ասաց, որ տեղի է ունենում «ոչնչից մեծ աղմուկ» խորագրով ակցիա:

«Կինոն այս տարի առաջին անգամ փորձեցին վերածել թատրոնի, և դա կարծես մի քիչ ստացվեց, բայց ոչի՛նչ, քանի որ բոլոր մարդիկ իրենց թատերական ընդունակություններն ու ցանկություններն ունեն: Ազատ մարդիկ են, դա իրենց իրավունքն է, աստված իրենց հետ»,- ասաց Խաչատրյանը:

Նա մի քանի անգամ խոսափեց ուղիղ պատասխանել հարցին՝ արդյոք այդ ֆիլմերը երբևէ կցուցադրվե՞ն «Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում:

Վերջինս նշում էր, թե աշխարհի բոլոր լավ ֆիլմերը կցուցադրվեն:

«Աշխարհի բոլոր հաղթող ֆիլմերը պետք փորձենք ցուցադրել. հիմա դրանք ինչպիսին կլինեն, ով կհավանի դրանք և ով չի հավանի՝ աստված իրենց հետ»,- ասաց Խաչատրյանն ու այդպես էլ հստակ պատասխան չտվեց հարցին՝ նշելով միայն, որ այս պահին դա պարզ չէ, ամեն ինչ պարզ կլինի մյուս տարվա ծրագրից:

Մեր դիտարկմանը, որ ԼԳԲՏ մարդիկ վստահ են, որ փառատոնի ոչ մրցութային ֆիլմերը հանվել են բացառապես ԼԳԲՏ թեմայով ֆիլմերի պատճառով, ինչը գրաքննություն է, Խաչատրյանը նշեց, թե դա առանձին թեմա է, որը փառատոնից հետո կարելի է քննարկել:

Փառատոնի հովանավորներից Ռալֆ Յիրիկյանը նշեց, թե իրենք գլխավոր հովանավոր են, բայց չեն խառնվում փառատոնի աշխատանքներին:

«Փառատոնի պատասխանատուներն ազատ են»,- ասաց Յիրիկյանը: Հարցին՝ իրեն հետաքրքիր չէ՞,  թե ինչի վրա են օգտագործվում այն գումարը, որն ինքը տրամադրում է փառատոնին, արդյոք կշարունակի՞ հովանավորել փառատոնը, եթե դրա ընթացքում խտրականության դրսևորումներ են նկատվում, Յիրիկյանը պատասխանեց, թե ինքը փառատոնի միակ հովանավորը չէ:

«Չենք կարող այսպես բերել ու թիրախավորել և ասել, որ գումարները ճիշտ չեն օգտագործվում. փառատոնն անում է այն, ինչ կարողանում է»,- ասաց Յիրիկյանը:

Հարցին`ինքն անձամբ դե՞մ կլիներ, եթե ցուցադրվեին այդ ֆիլմերը, Յիրիկյանն ասաց, որ  ինքը, որպես «Վիվասել»-ի տնօրեն, չի կարող դրան դեմ լինել, սակայն որպես անհատ իր կարծիքը չասաց՝ նշելով, թե մեկ այլ տեղում կարելի է քննարկել այս հարցը:

Նշենք, որ այսօր տեղի ունեցածի վերաբերյալ LGBTnews-ին մեկնաբանություն էր խոստացել տալ նաև Կինոգործիչների միության վարչության անդամ Միքայել Դովլաթյանը, սակայն հակառակ խոստմանը՝ նա լռեց՝ այս անգամ էլ խոստանալով թեմային անդրադառնալ փառատոնի ավարտից հետո: