Արփինե Հովհաննիսյանը պատշաճ և սպառիչ է համարում նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ ՔԿԱԳԳ պետի պատասխանը

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ավելացնելու բան չունի նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Արգամ Ստեփանյանի՝ LGBTnews-ի թղթակից Ա.Մ. Մանուկյանի հարցմանն ի պատասխան տրված բացատրություններին:

«Գործակալության պետի կողմից և՛ ընդունելություն է կազմակերպվել, և՛ պատշաճ ու սպառիչ պատասխան է տրվել սահմանադրական իրավակարգավորման շրջանակներում: Ես այս հարցով շատ բան չունեմ ավելացնելու»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ասել է Արփինե Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ LGBTnews-ի թղթակիցն ավելի վաղ հարցումով դիմել էր արդարադատության նախարարին՝ հետաքրքրվելով, թե ինչ ընթացակարգով կարող է իր զուգընկերոջ հետ նույնասեռ ամուսնություն գրանցել Հայաստանում: 

Հարցմանն արձագանքել էր ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանը՝ սահմանափակվելով Սահմանադրության 35-րդ հոդվածը մեջբերելով: Թղթակցի երկրորդ հարցմանն ի պատասխան՝ Ստեփանյանը վերջինիս հրավիրել էր նախարարություն՝ պարզաբանումներ ստանալու: 

Ա.Մ. Մանուկյանի և Արգամ Ստեփանյանի հանդիպման և զրույցի մանրամասները LGBTnews-ը հրապարակել է ավելի վաղ: