Բանակում տրանսգենդերների ծառայության արգելքը չի կարող կիրառվել. ԱՄՆ դատարան

ԱՄՆ դաշնային դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփի առաջարկած՝ զինված ուժերում տրանսգենդերների ծառայության արգելքը չի կարող ուժի մեջ մտնել, գրում է Gaystarnews.com-ը:
 
Դատարանը որոշել է, որ արգելքի մասին փաստաթղթի՝ մարտին առաջարկված տարբերակը շատ չէր տարբերվում փաստաթղթի՝ հուլիսին առաջարկված առաջին տարբերակից: Վաշինգտոնի Արևմտյան շրջանի դատավոր Մարշա Փեչմանը նշել է, որ տրանսգենդեր մարդիկ պաշտպանված խումբ են համարվում:
 
Որոշման մեջ Փեչմանը գրել է տրանսգենդեր անձանց դեմ խտրականության «երկար ու բոլորին հայտնի» պատմության մասին: Նա նշել է, որ այդ ճնշումները «կապ չեն ունեցել հասարակության մեջ ապրելու և իրենց նպաստն ունենալու ունակության հետ»: «Տրանսգենդեր մարդիկ երկար ժամանակ ստիպված են եղել ապրել լռության մեջ կամ քամինգ աութ անել ու կանգնել անհաղթահարելի խտրականության առաջ»,- գրել է Փեչմանը՝ հավելելով, որ տրանս մարդիկ շատ փոքր քաղաքական ազդեցություն ունեն:
 
«Դատարանը որոշում է նաև, որ քանի որ տրանսգենդեր մարդիկ երկար ժամանակ ենթարկվել են համակարգային ճնշման ու ստիպված են եղել ապրել լռության մեջ, նրանք պաշտպանված խումբ պետք է լինեն: Հետևաբար զինված ուժերում ծառայելու հնարավորությունից նրանց զրկելու ցանկացած փորձ կուսումնասիրվի հոգածության ամենաբարձր մակարդակով և ենթակա կլինի դատարանի «խիստ ուսումնասիրության»: Սա նշանակում է, որ մինչև պատասխանող կողմը կարողանա գործարկել ծառայության արգելքը՝ նախ պետք է ապացուցի, որ անկեղծորեն դրդված է համոզիչ շահերով, ոչ թե նախապաշարումներով կամ կարծրատիպերով»,- ասված է որոշման մեջ:
 
Չնայած Թրամփը պնդում էր, որ ինքն արգելքի մասին խորհրդակցել է ռազմական փորձագետների հետ՝ Փեչմանը նշել է, որ կառավարությունը «չի կարողացել ներկայացնել նույնիսկ մեկ գեներալի կամ ռազմական փորձագետի տվյալներ, որի հետ նախագահը խորհրդակցել է, թեև նախագահին բազմիցս հանձնարարվել է անել դա»: