Բոստոնում կայացել է հոբելյանական Հպարտության շքերթը (ֆոտոշարք)

Հունիսի 13-ին Բոստոնը գունագեղ ու ուրախ տրամադրության մեջ էր. հպարտության մեծ շքերթով ամփոփվում էր տարվա ամենամեծ իրադարձություններից մեկը` Բոստոն Փրայդը: Ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում տարբեր կազմակերպություններ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և քուիր անձանց հարցերին նվիրված իրազեկման արշավներ, ստորագրահավաքներ, համերգներ և այլ միջոցառումներ էին անցկացնում:

 

Հպարտության շքերթին մասնակցում էին հարյուրավոր կազմակերպություններ` ինչպես ԼԳԲՏՔ հարցերով զբաղվող հասարակական միավորումներ, այնպես էլ՝ ԼԳԲՏՔ անձանց աջակցող, խտրականությունից զերծ կազմակերպություններ և բիզնեսներ:

 

Հոբելյանական` 45-րդ հպարտության շքերթը վայելում էր քաղաքային և նահանգային իշխանությունների աջակցությունը: Այս օրը քաղաքի բազմաթիվ հաստատություններ բարձրացրել էին ծիածանի դրոշը` ի ոգեկոչում մարդկային բազմազանության և հարգանքի բոլոր անձանց նկատմամբ: Ծիածանի դրոշը Բոստոն Փրայդի տասնօրյակի ընթացքում ծածանվում էր նաև Մասաչուսեթս նահանգի վարչական կենտրոնի շենքի առջև, իսկ շթերթին մասնակցում էին բազմաթիվ պետական պաշտոնյաներ`Բոստոնի քաղաքապետ Մարթին Ուոլշը, Մասաչուսեթս նահանգի սենատոր Էլիզաբեթ Ուորենը, նահանգի գլխավոր դատախազ Մաուրա Հիլին և շատ ուրիշներ, որոնցից շատերը չեն թաքցնում իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշումը և հպարտ են իրենց անձով: Ի դեպ, Բոստոնում ծիածանի շատ դրոշներ տարվա ընթացքում չեն իջեցվում, բազմաթիվ ռեստորաններ, առողջապահական հաստատություններ, նույնիսկ բանկեր հպարտ են, որ հավասար հնարավորություններ են տրամադրում ԼԳԲՏՔ անձանց, ունեն ԼԳԲՏՔ աշխատողներ, սպասարկում են հպարտությամբ և հարգանքով: Մասաչուսեթսը Միացյալ Նահանգներում առաջին նահանգն է, որտեղ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությունը երկար պատմություն ունի և որտեղ նույնասեռական զույգերի սերն օրինականացված է:

 

2015-ի բոստոնյան հպարտության շքերթին մասնակցում էին բազմաթիվ միություններ`սկսած աշակերտական և ուսուցչական կոլեկտիվներից, մինչև Վիետնամի պատերազմի վետերաններ, ոստիկաններ, կանանց կազմակերպություններ, նույնասեռական ընտանիքներ, սևամորթ ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ ռասիզմի առանձնահատուկ դրսևորումներ դեմ պայքարող կազմակերպություններ: Ի դեպ, նման կազմակերպություններից մեկը շքերթի ժամանակ բողոքի ակցիա անցկացրեց` շքերթի կազմակերպիչներից պահանջելով համաչափ հնարավորություններ ստեղծել, որպեսզի ԼԳԲՏՔ համայնքում առավել մարգինալացված խմբերը` ոչ սպիտակամորթ և սոցիալապես անապահով խավերը, կարողանան մասնակցել շքերթին: Շքերթը ուրախ էր ու բազմերանգ, բազմաթիվ երաժշտական խմբեր փոխանցում էին տոնական տրամադրություն, շքերթին հետևող հազարավոր հանդիսատեսներ վայելում էին շքերթիփայլն ու գույները:

 

2015-ի հունիսի առաջին շաբաթը Բոստոնը հպարտ էր, բայց ինչպես իրենք են ասում, բոստոնցիները միշտ էլ “wicked proud” են, հայերեն թարգմանած` հպարտ` ի հեճուկ բոլորի:

 

Աննա Շահնազարյան

 

Ֆոտոշարքը՝ Աննա Շահնազարյանի