Բուլղարական դատարանը պատմական որոշմամբ ճանաչել է նույնասեռ զույգի ամուսնությունը

Սոֆիայի քաղաքային վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ ավստրալա-ֆրանսիական զույգի, որը ամուսնացել է Ֆրանսիայում 2016-ին և ցանկանում է ապրել Բուլղարիայում, գրում է Gaystarnews-ը:

Քրիստինա Պալման Ավստրալիայից է, իսկ նրա կինը՝ Մարիամա Դիալոն, Ֆրանսիայի քաղաքացի է: 2017-ին նրանց մերժել են ընտանեկան վերամիավորման վիզա տրամադրել: Բուլղարիայի միգրացիոն նախարարությունը մերժել էր Քրիստինայի վիզան՝ չնայած այն բանին, որ նրա կինը Եվրոպական Միության քաղաքացի է:

Նախարարությունը պնդել էր, որ այդ հանգամանքը չի կարող Քրիստինային վիզա տրամադրելու երաշխիք լինել, քանի որ Բուլղարիայի սահմանադրությունը չի ճանաչում նույնասեռ ամուսնությունները: Բուլղարիան ԵՄ կազմի մեջ մտնող պետություն է: ԵՄ-ը որոշում է ընդունել, ըստ որի՝ Եվրոպական Միության յուրաքանչյուր քաղաքացի ԵՄ անդամ պետությունների ներսում օժտված է ընտանեկան վերամիավորման վիզա ստանալու իրավունքով:

Օրենքը գործում է նույնիսկ այն դեպքում, երբ քաղաքացու զույգը ԵՄ անդամ երկրի քաղաքացի չէ, որը հենց Քրիստինայի դեպքն է: Այսպիսով, զույգը դատի է տվել նախարարությանը, և դատարանը որոշում է կայացրել ի օգուտ նրանց:

«Ես ուրախ եմ տոնել ոչ միայն Բուլղարիայում ապրելու իմ իրավունքի վերահաստատումը, այլև յուրաքանչյուր նույնասեռ զույգի՝ ԵՄ տարածքում տեղաշարժման իրավունքից օգտվելու վերահաստատումը»,- դատարանի որոշումից հետո ասել է Քրիստինան:

ԵՄ-ը և նույնասեռ զույգերը

Սոֆիայի դատարանն իր որոշման մեջ նշել է, որ այն պետք է համապատասխանի Եվրոպական դատարանի՝ Ռումինիայում նմանատիպ գործով որոշմանը:

Եվրոպական դատարանը որոշել էր, որ ԵՄ երկրները չեն կարող սահմանափակել ԵՄ քաղաքացիների բնակության ազատությունը՝ հրաժարվելով նրանց նույնասեռ զույգին, որը ԵՄ քաղաքացի չէ, բնակության իրավունք տալ:

Բուլղարայում նույնասեռ զույգերի ամուսնություններ կնքելու կամ երեխաներ որդեգրելու օրենսդրական կարգավորումներ դեռևս չկան: Բուլղարիայի քրեական օրենսգիրքը հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի հիման վրա կատարված հանցագործությունները որպես ատելության հողի վրա հանցագործություններ չի ճանաչում: