Բռնության որևէ դրսևորում անընդունելի է․ փոխվարչապետը՝ Շուռնուխի դեպքի մասին

Բռնության որևէ դրսևորում անընդունելի է, լինի դա փոքրամասնության, եկեղեցականների, թե այլազգիների նկատմամբ։ Երեկ՝ «Ազատություն» ռադիոկայանի Facebook-ի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով  Շուռնուխում տեղի ունեցած միջադեպին, նման կարծիք հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Պատասխանելով Facebook-ի օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք ժամանակը չէ, որ իշխանությունը ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության, իրավահավասարության և խտրականության դեմ հստակ ու քաղաքական դիրքորոշում հայտնի՝ փոխվարչապետն ասաց․ «Ես չէի ուզենա առանձնացնել որևէ խումբ, որովհետև երբ խոսում ես առանձին որևէ խմբի մասին, ստացվում է, որ այդ խմբի շահերը որոշակիորեն ավելի կարևորվում են մնացածի շահերից։ Սա շատ կարևոր է մարդու իրավունքների տրամաբանության շրջանակներում։ Բռնությունն անընդունելի է, բռնության որևէ դրսևորում անընդունելի է, լինի դա փոքրամասնության, եկեղեցականների, այլազգիների նկատմամբ։ Հետևապես կոնկրետ այս միջադեպի հետքերով պետք է գնան իրավապահ մարմինները, իրավապահ մարմինների իրավասությունների շրջանակներում է գտնվում այս գործը»։

Թեմայով մեկ այլ հարցին, թե կոնկրետ իրավաքաղաքական ինչ բնորոշում կտա Շուռնուխի դեպքերին, համացանցում ատելության կոչերի, տվյալ սոցիալական խմբին ուղղված սպառնալիքների տարածմանը, համարում է արդյոք դա սադրանք, թե արդյոք իշխանություններն արդեն զբաղվում են տվյալ խնդրի լուծմամբ, ինչպես նաև թե ԵՄ կամ ԵԽԽՎ հետ հարաբերությունների վրա բացասական ազդեցության որևէ վտանգ չի՞ տեսնում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Ժնևյան կոնվենցիայի, Մարդու իրավունքների տեսանկյունից, փոխվարչապետը պատասխանեց․ 

«Անկեղծ ասած, մեր գործընկերների հետ համագործակցության որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև ամենաբարդ հարցերում մենք փորձում ենք հնարավորինս անկեղծ գտնվել և բարձրաձայնել այն խնդիրները, որոնք ունենք մեր հասակարակության մեջ։ Ինչ վերաբերում է որպես սադրանք վերաբերվելուն, ապա ես որևէ գնահատական չեմ ուզենա տալ, որովհետև այս հարցով ինձ համար մի բանն է, որ անընդունելի է՝ կիրառված բռնությունը, այսինքն՝ թեմայի բովանդակության մեջ ես նույնիսկ չեմ ուզում շատ խորանալ և դրա մասին խոսել, որովհետև այստեղ կա մի շատ պարզ ճշմարտություն՝ որպես հարցի լուծում բռնությունն անընդունելի է՝ անկախ պատճառից, անկախ այն բանից, թե ում դեմ է արվել, անկախ նրանից, թե ինչ հիմքեր կային այդ բռնությունը կիրառելու համար։ Մենք այս երկրում ամենաբարդ խնդիրը գնացինք ու լուծեցինք առանց բռնության։ Արդյո՞ք կան ավելի բարդ խնդիրներ, որոնք ունեն բռնությամբ լուծվելու կարիք․ ես կարծում եմ, որ չկան»։