Բռնություն չկիրառելու պատրաստակամությունը դեռևս հոմոֆոբ չլինելու մասին չի վկայում. Արմինե Դանիելյան

Տարիների ընթացքում ԼԳԲՏԻ անձինք ավելի տեսանելի են դառնում, ավելի շատ են բարձրաձայնում իրենց խնդիրների մասին, հասարակության շրջանում էլ ավելի մեծ թվով մարդիկ են հայտարարում իրենց`հոմոֆոբ չլինելու մասին: Այդուհանդերձ, թարգմանիչ Արմինե Դանիելյանի կարծիքով, ԼԳԲՏԻ ու ոչ ԼԳԲՏԻ համայնքների միջև կապը ոչ մի կերպ չի սերտանում:

Բավական է իրենց ոչ հոմոֆոբ համարող անձանց ներկայությամբ խոսել ԼԳԲՏԻ համայնքի անդամների կյանքի շատ սովորական ու մարդկային երևույթների մասին, ու «ոչ հոմոֆոբները», երբեմն գուցե իրենց կամքից անկախ, հոմոֆոբիա են դրսևորում:

ԼԳԲՏԻ անձին «չվառելու», նրա նկատմամբ բռնություն չկիրառելու պատրաստակամությունն, ըստ Արմինե Դանիելյանի,  դեռևս հոմոֆոբ չլինելու մասին չի վկայում:

Արմինեն  իրավապաշտպան Միքայել Դանիելյանի դուստրն է: Խոստովանում է, եթե հայրն ու եղբայրն իրավապաշտպան չլինեին, հավանաբար երբեք էլ չէր հետաքրքրվի ԼԳԲՏԻ անձանցով ու չէր իմանա նրանց խնդիրների մասին:

Այժմ Արմինեն փորձում է ԼԳԲՏԻ ու ոչ ԼԳԲՏԻ համայնքների միջև կապը գրականության միջոցով սերտացնել:

«Փորձեցի գտնել ինչ-որ ընդհանուր ոլորտ ԼԳԲՏԻ ու ոչ ԼԳԲՏԻ անձանց միջև ու մտածեցի, որ գրականությունը կարող է լինել այդ «ընդհանուրը»: Առաջին գիրքը, որ ձեռքս ընկավ ու որով պատկերացրի որոշակի ծրագրի իրականացում,  Ջեֆրի Յուջենիդեսի «Միդլսեքս»-ն էր»,-  LGBTnews-ի հետ զրույցում ասաց Արմինե Դանիելյանը:

Ապա Արմինեի ծրագիրն ի կատար է ածվել, ստեղծվել է «Բազմերանգ գրականություն» նախագիծը, որը նպատակ ունի հայերեն լեզվով ներկայացնել ԼԳԲՏԻ խնդիրներին առնչվող օտարալեզու գրականություն:

Երեկ Երևանում «Բազմերանգ գրականության» առաջին ընթերցումն էր, որի ժամանակ ներկայացվեցին հատվածներ «Միդլսեքս»-ից, Ջեյմս Բոլդուինի «Ջիովանիի սենյակը» ստեղծագործությունից:

Երբ Արմինե Դանիելյանը սկսել է թարգմանել Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր «Միդլսեքս»-ը, այն ընթերցելու համար տվել է նաև իր ընկերներին, որոնք, ըստ Արմինեի, որոշակի առումով համապատասխանել են «հոմոֆոբ» սահմանմանը:

«Եվ  հրաշք տեղի ունեցավ.  նրանց հետաքրքրեց, թե ինչ է լինելու հերոսի հետ, ինչու այդպես եղավ…»,- պատմում  է Արմինեն:

«Միդլսեքս»-ի գլխավոր հերոսը` Կալիոպեն (որ հետագայում վերածվում է Կալի) վերջապես հասկանում է,  թե ինչու է ինքը տարբերվում մյուս աղջիկներից:

Հետո ծնողներն ուզում են «բուժել» իրենց երեխային, ինչպես իրենք են ասում, փոքրիկ բժշկական միջամտությամբ, ինչը, սակայն, տեղի չի  ունենում:

«…Վերցրեցի միայն մուգ գույնի շորերս, բաց վզով կապույտ բլուզս, ալիգատոր վերնաշապիկներս և իմ վելվետից տաբատը: Մի կողմ գցեցի նաև կրծկալս: Հագիս միայն կիսագուլպա ու վարտիք` ամբողջությամբ դատարկեցի հիգիենայի պարագաների պայուսակը: Երբ ավարտեցի, սկսեցի Միլտոնի իրերի մեջ փնտրել փողերը, որ նա թաքցնում էր այնտեղ: Խուրձը բավականին հաստ էր և մոտավորապես կազմում էր երեք հարյուր դոլար:

Ամբողջը բժիշկ Լյուսի մեղքը չէր: Ես շատ բաների մասին էի խաբել: Նրա որոշումը կեղծ փաստերի վրա էր հիմնված: Բայց նա էլ իր հերթին էր սխալ: Թղթի մի կտորի վրա ծնողներիս համար երկտող թողեցի:

Սիրելի՛ Մամա և Պապա, 

Գիտեմ՝ փորձում եք անել ինձ համար միայն ամենալավը, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը հաստատ գիտի` որն է ամենալավը: Ես ձեզ սիրում եմ և չեմ ուզում հոգս լինել, և այդ պատճառով որոշեցի հեռանալ: Գիտեմ` կասեք, որ ես հոգս չեմ, բայց գիտեմ՝ այդպես է: Եթե ուզում եք իմանալ՝ ինչու եմ այսպես վարվում, ավելի լավ է հարցնեք բժիշկ Լյուսին, ով մեծ խաբեբա է: Ես աղջիկ չեմ: Ես տղա եմ: Ահա, թե ինչ ես այսօր հայտնաբերեցի: Եվ ես գնում եմ այնտեղ, ուր ինձ ոչ ոք չի ճանաչում: Երբ ամեն ինչ պարզվի, Գրոսս Փոյնթում բոլորը կսկսեն խոսել:

Պա՛պ, կներես, որ վերցրեցի փողերդ, բայց խոստանում եմ մի օր տոկոսով հետ վերադարձնել:

 Խնդրո՛ւմ եմ, ինձ համար մի՛ անհանգստացեք: Ամեն ինչ ԼԱՎ ԿԼԻՆԻ:

Չնայած բովանդակությանը` ծնողներիս ուղղված այս հայտարարագիրը ստորագրեցի որպես Կալի: Վերջին անգամն էր, որ ես երբևէ նրանց դուստրն էի»,- վեպից մի հատված ընթերցեց Արմինե Դանիելյանը:

«Միդլսեքս»-ն ամենայն հավանականությամբ մյուս տարի կպագրվի ու անվճար հասանելի կլինի:   

«Բազերանգ ընթերցում»-ի հաջորդ ստեղծագործությունը Բոլդուինի «Ջիովանիի սենյակ»-ն էր: Վեպը տղամարդու սեռականությունը քննող համաշխարհային ամենածանրակշիռ գործերից մեկն է. այն մի ամերիկացու մասին է, ով, փորձելով հասկանալ իր սեռական ինքնությունը, «երկատվում» է հարսնացուի և իտալացի մի բարմենի միջև։

«Բազմերանգ ընթերցումը» շարունակական կլինի. հետագայում կկազմակերպվեն ԼԳԲՏԻ գրականության այլ ընթերումներ ևս:

Արմինե Դանիելյանի խոսքով՝ իրենց դեռ փորձում են հասկանալ, թե որ ժանրի ստեղծագործություններն ավելի ազդեցիկ կլինեն ու կդիպչեն ընթերողի սրտին: 

«ԱևՄ» հրատարակչության մշակած «Բազմերանգ գրականություն» նախագիծը պատրաստվել է Եվրամիության կողմից ֆինանսավորված և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ու «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի համագործակցությամբ իրականցվող «Համերաշխության ցանց Հայաստանի և Վրաստանի ԼԳԲՏԻ անձանց համար» ծրագրի շրջանակներում: