Բրիտանական ֆիլմերի փառատոնը կմեկնարկի Ալան Թյուրինգի մասին «Նմանակման խաղ» ֆիլմի ցուցադրությամբ

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի մեկնարկելու է փետրվարի 14-ին և նվիրված է լինելու սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Փառատոնը Երևանում անցկացվելու է փետրվարի 14-ից 20-ը: 

 

Այս տարի հանդիսատեսին է ներկայացվելու 2014 թվականի արտադրության յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: Լսարանին հնարավորություն կտրվի դիտելու բոլոր հնարավոր ժանրերի ֆիլմեր` կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա, որոնց հիմքում ընկած են տարբեր բովանդակություններ` ընտանեկան հարաբերություններ, սուցիալական խնդիրներ, սեր: 

 

Հատկանշական է, որ փառատոնի բացմանը ցուցադրվելու է «Նմանակման խաղ» (անգլ. The Imitation Game) ֆիլմը, որը հայտնի մաթեմատիկոս, ինֆորմատիկայի ու գաղտնագրերի մասնագետ, տրամաբանող Ալան Թյուրինգի մասին է: Նշենք, որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական «Էնիգմա» ռազմական գաղտնագրման էլեկտրամեխանիկական մեքենայի ապակոդավորումը հայտնաբերած և դրանով նացիստական Գերմանիայի պարտությանը մեծապես նպաստած Թյուրինգը նույնասեռական է եղել: 

 

1952-ին Ալան Թյուրինգը մեղավոր է ճանաչվել «կոպիտ անպարկեշտության» մեղադրանքով (այսպես կոչված «Լաբուշերի օրենսդրական լրացումը», որով Մեծ Բրիտանիայում նույնասեռականների նկատմամբ քրեական հետապնդում էր ենթադրվում), և նրան առաջարկել են ընտրություն կատարել ազատազրկման և հորմոնալ թերապիայի միջև (իբր նույնասեռականությունից բուժվելու նպատակով): Խուսափելով կալանավայրում հայտնվելուց՝ Թյուրինգն ընտրում է երկրորդը: Մեկ տարի անց գիտնականին իր տանը մահացած են հայտնաբերում: Ըստ պաշտոնական վարկածի՝ Թյուրինգն ինքնասպան է եղել ցիանիդի միջոցով՝ չդիմանալով հորմոնալ թերապիայի բացասական հետևանքներին:

 

2009-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունն իշխանության անունից հրապարակավ ներողություն է խնդրել այն բանի համար, որ Ալան Թյուրինգը ժամանակին հետապնդման է ենթարկվել իր սեռական կողմնորոշման պատճառով: 

 

2013-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հետմահու ներում է շնորհել Ալան Թյուրինգին:

 

Ալան Թյուրինգի պատվին է անվանակոչված ինֆորմատիկայի ոլորտի միջազգային ամենահեղինակավոր մրցանակը. գիտնականը համարվում է ժամանակակից համակարգիչների նախատիպերի ստեղծողը, ինֆորմատիկայի հայրը: 

 

2002-ին Թյուրինգը ճանաչվել է պատմության մեջ մեծագույն 100 բրիտանացիներից մեկը: 

 

«Նմանակման խաղ» ֆիլմում Թյուրինգի դերակատարն է բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը: Ֆիլմում նկարահանվել է նաև հանրահայտ դերասան Քիրա Նայթլին: Ֆիլմը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի 2014-ի գլխավոր մրցանակակիրն է: Այն Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի ու ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի կողմից ճանաչվել է 2014-ի 10 լավագույն ֆիլմերից մեկը: 

 

«Նմանակման խաղ»-ը ութ անվանակարգերում ներկայացված է 2015-ին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխությանը: Այն պայքարում է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական գործ», «Տղամարդու լավագույն դերակատար», «Երկրորդ պլանում կնոջ լավագույն դերակատար», «Ադապտացված լավագույն սցենար», «Ֆիլմի լավագույն երաժշտություն», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն բեմադրող նկարիչ» մրցանակների համար: