Բրիտանացի ուսանողները լեսբուհիների զույգին դուրս հրավիրած սուպերմարկետում համբուրվելու ֆլեշմոբ են արել

Անգլիայում գտնվող Sainsbury’s սուպերմարկետում, որտեղ մի քանի օր առաջ անվտանգության աշխատակիցը համբերուվելու համար դուրս էր հրավիրել լեսբուհի զույգին, հարյուրավոր ուսանողներ և իրավահավասարության կողմնակիցներ հոկտեմբերի 15-ին ֆլեշմոբ են կազմակերպել, գրում է Lesbi.ru-ն:

 

Սասեքսի համալսարանի 22-ամյա ուսանողուհի Անաբել Փեյջը պատմել է, որ Քամինգ-աութի միջազգային օրը՝ սեպտեմբերի 11-ին, Բրայթոնի Sainsbury’s սուպերմարկետում իր ընկերուհուն «փոքր համբույր է նվիրել», ինչից հետո զույգին է մոտեցել սուպերմարկերտի անվտանգության աշխատակիցը և ասել, որ կամ նրանք դադարեն միմյանց նկատմամբ մտերմության նշաններ ցույց տալ, կամ լքեն խանութը:

 

«Ես ահավոր ցնցված էի: Ես հասկանում եմ, որ մյուս հաճախորդները կարող էին իմ արարքից իրենց անհարմար զգալ… Սակայն խնդիրն այն է, որ նրանք այդ դեպքում, փաստորեն, հոմոֆոբներ են: Անվտանգության աշխատակիցը չի հասկանում, թե ինչ ուժեղ է ինձ ստորացրել»,- The Times պարբերականին ասել է Անաբելը:

 

Sainsbury’s-ը Փեյջից ներողություն է խնդրել և հայտարարել, որ որպես բարի կամքի դրսևորման քայլ մտադիր է 100 ֆունտ սթերլինգ բարեգործություն կատարել: Սակայն Սասեքսի համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին դա չի բավարարել. նրանք կարծում են, որ այդ քայլն ապացույց չէ, որ սուպերմարկետի ղեկավարությունը պատրաստ է պայքարել հոմոֆոբիայի դեմ:

 

Հոկտեմբերի 15-ին ուսանողները «համբուրվելու ֆլեշմոբ» էին կազմակերպել և լուսանկարել այն: Իրավահավասարության համար համբուրվում էին և՛ նույնասեռ, և՛ տարբեր սեռեր ունեցող զույգերը: