Բրիտանիայում ծնված պակիստանցի տրանսգենդերը պայքարում է «Եվրատեսիլ 2015»-ում Մոլդովան ներկայացնելու համար

Մոլդովայում «Եվրատեսիլ 2015»-ի նախընտրական փուլին է մասնակցել Մեծ Բրիտանիայում ծնված տրանսգենդեր պակիստանցի Ասիֆա Լահորը, գրում է The Guardian-ը:

 

Լահորը հայտնի է իբրև ԼԳԲՏ շարժման ջատագով, նա բրիտանական ԼԳԲՏ հանրության մուսուլմանական հատվածի շրջանում սիրված և հայտնի է:

 

«Եվրատեսիլին» մասնակցելու մտադրության մասին Լահորը հայտնել էր դեռևս 2014-ի աշնանը: Մոլդովայում նախընտրական փուլի առաջին էտապը տեղի է ունեցել նախորդ շաբաթ: ԶԼՄ-ները սկզբում ուշադրություն չէին դարձրել, որ մրցույթին մասնակցում է նաև Լահորը, սակայն վերջինիս կյանքի մանրամասների հրապարակումից հետո արևմտյան մամուլը հեղեղվել է երգի մրցույթում մոլդովական Կոնչիտա Վուրստի հայտնվելու հավանականության մասին նյութերով:

 

Լահորը 31 տարեկան է, նա իր գենդերային ինքնության մասին ընտանիքին հայտնել է հինգ տարի առաջ:

 

«Ասիայի Հարավում այնքա՜ն բան կա անելու ԼԳԲՏ անձանց իրավունքների մասով… Որպեսզի մարդկանց կյանքերը չվտանգվեն սիրո պատճառով… Երբեմն ես ուզում եմ լքել հրապարակային կյանքն ու հանգիստ ապրել ամուսնուս հետ, սակայն իրողություններն այնպիսին են, որ ես չեմ կարող այդկերպ վարվել»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է երգչուհին Մոլդովայում «Եվրատեսիլի» նախընտրական փուլի շրջանակներում բեմ բարձրանալուց հետո:

 

Կհաջողվի՞ Լահորին Մոլդովան ներկայացնել «Եվրատեսիլ 2015»-ի երգի մրցույթում, պարզ կդառնա նախընտրական փուլի ավարտից հետո: