Բրիտանիայում հիշում են Ֆրեդի Մերկուրիին

Քսանչորս տարի առաջ այս օրը Լոնդոնում մահացել է Queen ռոք խմբի վոկալիստ, մի շարք երգերի հեղինակ, երգիչ Ֆրեդի Մերկուրին: Փարսական ծագումով երգիչն այնպիսի հիթային երգերի հեղինակն է, ինչպիսիք են “Bohemian Rhapsody”, “We Are the Champions”, “Somebody to Love” և այլ երգերը: 

 

Կան փաստեր, որ տաղանդավոր երգչի ձայնը 4-6 օկտավա էր: 2005-ին Blender ամսագրի անցկացրած հարցումների տվյալներով Մերկուրին տղամարդ վոկալիստների ցանկի առաջին հորիզոնականն է զբաղեցրել, իսկ “Rolling Stone” ամսագիրը նրա անունը ներառել է բոլոր ժամանակների մեծագույն երգիչների ցանկում՝ 18-րդ հորիզոնականում:  

 

Զանզիբարում (ներկայումս՝ ինքնավարություն Տանզանիայում) ծնված և մեծացած, ապա Մեծ Բրիտանիա արտագաղթած ու մեծ հաջողությունների հասած Մերկուրին իր սեռական կողմնորոշման մասին հարցերից խուսափում էր. թեև Մեծ Բրիտանիայում նույնասեռ հարաբերությունները ապաքրեականացվել էին 1967 թվականին ընդունված «Սեռական հանցագործությունների մասին» նոր ակտի ընդունմամբ, այնուամենայնիվ այդպիսի կապերը չէին ողջունվում հասարակության և պետության կողմից: Այսպես, օրինակ, 1988-ին բրիտանական խորհրդարանն ընդունում է տեղական ինքնակառավարման մասին այսպես կոչված «28-րդ հոդվածը», որով արգելվում է «նույնասեռականության պրոպագանդան», և միայն 2003-ին է այդ օրենքը չեղարկվում: Այնուամենայնիվ, բրիտանական մամուլը բազմիցս է անդրադարձել Մերկուրիի անձնական սեռական կյանքին՝ բացասական լույսի ներքո ներկայացնելով այն:  

 

Մերկուրին մահացել է թոքաբորբից, որն ի հայտ է եկել ՁԻԱՀ-ի ֆոնին: