Գագիկ Ջհանգիրյանն իրեն «այդքան լայն պրոֆիլի պատգամավոր» չի համարում

LGBTnews-ը շարունակում է Ազգային ժողովի պատգամավորների հետ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ հարցազրույցների շարքը, և այս անգամ մեր զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

– Պարո՛ն Ջհանգիրյան, ձեր կարծիքով՝ Հայաստանում որևէ խմբի նկատմամբ խտրական վերաբերմունք կա՞, դուք տեսնո՞ւմ եք հակախտրական օրենքի անհրաժեշտություն:

– Ես այդ մասնավոր օրենքների ընդունմանը դեմ եմ, քանի որ եթե մենք ապահովենք օրենքի առաջ բոլորի հավասարության իրավունքն, ապա խտրականության դեմ օրենքի անհրաժեշտություն չենք ունենա: Դրա համար ոչ թե պիտի ընտանեկան բռնության դեմ օրենք ընդունենք, հետո՝ խտրականության դեմ, և այդպես շարունակ, այլ ապահովենք օրենքի և դատարանի առաջ բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը: Եթե մենք այս երկու սկզբունքները լիարժեք բացենք, արտացոլենք մեր բոլոր օրենսգրքերում, եթե դրանք կիրառենք, ապա խտրականության դեմ հատուկ օրենքի կարիք չենք ունենա:

– Դուք նշում եք, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար չեն և որ…

– Իհարկե հավասար չեն: Դրա համար ես ասում եմ, որ մենք ոչ թե պիտի մասնավոր օրենքներ ընդունենք, այլ սահմանադրական սկզբունքները պաշտպանենք: Նեղ օրենքների ընդունման ճանապարհը միջազգային կառույցների լոբբինգի արդյունք է, իրենք մեր օրենսդրական համակարգից տեղյակ չեն և փորձում են իրենց նպատակներն իրականցնել առանձին օրենքների միջոցով: Բայց այդ առանձին օրենքները շատ դժվարությամբ կինտեգրվեն մեր իրավական համակարգի մեջ: Ես ծանոթացել եմ, օրինակ, ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծին, և դրա տասնյակ դրույթներ աշխատանքային, ամուսնաընտանեկան, քրեական, քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսված են: Ի՞նչ իմաստ ունի այդ բոլորից հանել ու լցնել մի զամբյուղի մեջ:

– Պարո՛ն Ջհանգիրյան, սահմանադրական սկզբունքների պաշտպանությունը, որի մասին դուք խոսեցիք, ներառո՞ւմ է, օրինակ, ԼԳԲՏԻ անձանց՝ միմյանց հետ ամուսնանալու իրավունքի իրացման պաշտպանություն:

– Մենք սահմանադրությամբ նախատեսված իրավունքների և ազատությունների մասին ենք խոսում: Հիմա հարցն այն է, թե արդյոք այդ իրավունքը, որի մասին դուք խոսում եք, չեմ էլ ուզում կրկնել, մեր քաղաքացիներին տրված է:

– Սահմանադրությունն իր այսօրվա ձևակերպումներով չի պարունակում ԼԳԲՏԻ անձանց ամուսնությունների արգելք, բայց եթե դուք, այնուամենայիվ, այլ կերպ եք մեկնաբանում ամուսնության վերաբերյալ սահմանադրական դրույթները ու ամուսնությունը համարում եք բացառապես կնոջ և տղամարդու միություն, ապա չե՞ք կարծում, որ սահմանադրության դրույթի նման մեկնաբանությունը խտրական է:

– Ես ձեր ասած նեղ ոլորտի մասնագետը չեմ:

– Պարո՛ն Ջհանգիրյան, Ազգային ժողովում քիչ են իրավաբան պատգամավորները, և դուք նրանցից մեկն եք:

– Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ թե իրավական է, այլ բարոյաէթնիկական, ազգային-սովորութային, քանի որ իրավական խնդիրների պարագայում միշտ կարելի է լուծումներ գտնել:

– ԼԳԲՏԻ անձինք Հայաստանում ամենաշատն են խտրական վերաբերմունքի արժանանում:

– Ես այդպիսի մարդկանց չեմ ճանաչում, ծանոթ չեմ նրանց հետ ու նրանց հետ հարցազրույց, նամակագրություն չունեմ, չգիտեմ՝ նրանց ճնշում են, չեն չնշում, խտրական են վերաբերում, թե ոչ: Մենք Հայաստանում հազարավոր խնդիրներ ունենք՝ արտագաղթ, տնտեսական աղետալի վիճակ, սահմանային լարվածություն, պարբերաբար զոհեր և այլն: Հիմա դուք ինձ ուզում եք ասել, որ ամենակարևոր խնդիրը դա՞ է:

– Ես չեմ զանազանում որևէ քաղաքացու իրավունքի խնդիրը մեկ այլ քաղաքացու իրավունքի խնդրից: Պարզապես այս պահին ձեզ հարցեր եմ հղում ա՛յս խնդրի մասին:

– Ես այս թեմային մոտիկից ծանոթ չեմ:

– Դուք պատգամավոր եք, ձեզ հետաքրքիր չե՞ն ՀՀ քաղաքացիների խնդիրները:

– Եթե պատգամավոր եմ՝ բոլոր խնդիրներով պիտի հետաքրքվե՞մ: Ես այդքան լայն պրոֆիլի պատգամավոր չեմ:

– Պարո՛ն Ջհանգիրյան, պատրա՞ստ եք պաշտպանել ԼԳԲՏԻ անձի իրավունքները, եթե նա ձեզ դիմի:

– Ես ասացի, որ ես պատրաստ եմ պաշտպանել մեր բոլոր քաղաքացիների`օրենքի ու դատարանի առաջ հավասարության իրավունքը:

– Եթե ԼԳԲՏԻ անձը ցանկանա ամուսնանալ, բայց սահմանադրության այսօրվա ձևակերպումը մեկնաբանվի այնպես, ինչպես դուք եք մեկնաբանում`նրան զրկելով ամուսնության իրավունքից, դուք քայլեր կձեռնարկե՞ք իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարելու ուղղությամբ:

– Նոր ենք սահմանադրություն ընդունել: Իբր այս սահմանադրության հետ կապված անհրաժեշտ օրենքների ընդունումն ավարտվել է, արդեն ինչ-որ նոր բա՞ն փոխենք: Չենք կարող ամեն 3-4 տարին մեկ ինչ-որ բան փոխել: Ես այդ խնդրին պատրաստ չեմ արձագանքել: Պատրաստ չեմ: