Գեյերի և Լեսբուհիների Թագավորություն. քաղաքական բողոքի յուրօրինակ դրսևորում

Ավստրալիայի խորհրդարանի կողմից նույնասեռ ամուսնությունների չօրինականացվելուց հետո 2004-ի հունիսի 14-ին ավստրալացի մի խումբ ԼԳԲՏ ակտիվիստներ ավստրալական անմարդաբնակ կղզիներից մեկում «նույնասեռական» պետություն հռչակեցին՝ Գեյերի ու լեսբուհիների թագավորությունը, և անգամ կայսր ընտրեցին: Մի քանի օր անց նորահայտ կայսրը կղզիներից մեկի վրա ամրացրեց ԼԳԲՏ դրոշը: 

 

Թագավորության հիմնը Գլորիա Գայնորի հայտնի «Ես այն եմ, ինչ կամ» երգն է, դրոշը՝ ԼԳԲՏ ծիածանագույնը: Պետական կառավարման համակարգը՝ սահմանադրական միապետություն: 

 

Ավստրալիայի կառավարությունը մինչ օրս չի ճանաչում ինքնահռչակ թագավորության ինքնիշխանությունը և կղզին  համարում է պետության անքակտելի մասը: 

 

Թագավորության պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, պետության ֆինանսական միջոցները գոյանում են տուրիզմից և կառավարության կողմից թողարկվող դրոշմանիշների վաճառքից:

 

 Գեյերի ու լեսբուհիների թագավորության հռչակումն, այսպիսով, սիմվոլիկ քաղաքական բողոքի և այսպես կոչված «գեյ ազգայնականության» դրսևորում է:

 

Հիշեցնենք, որ 2012-ին Ավստրալիայի խորհրդարանը կրկին մերժել է նույնասեռ ամուսնությունների օրինականացում նախատեսող օրինագծի ընդունումը, սակայն 2013-ի հոկտեմբերի 22-ին Ավստրալական մայրաքաղաքային տերիտորիայի օրենսդիր ասամբլեան ընդունել է իր տարածքում նույնասեռ ամուսնություններն օրինականացնող փաստաթութղ: Սակայն Ավստրալիայի Գերագույն դատարանը մոտ մեկուկես ամիս անց՝ 2013-ի դեկտեմբերի 12-ին կայացած նիստի ընթացքում դաշնային օրենսդրությանը հակասող է ճանաչել օրենսդիր ասամբլեայի ընդունած օրենքը և չեղյալ է հայտարարել այդ կարճ ժամանակահատվածում գրանցված 30 նույնասեռ ամուսնությունները: Գերագույն դատարանը կարծիք է հայտնել, որ նույնասեռ ամուսնությունների օրինականացման իրավասությունը պատկանում է բացառապես Ավստրալիայի դաշնային խորհրդարանին:

 

plaque-lg