Գեյ պրոֆեսորի մահը կարող է Թայվանը դարձնել նույնասեռ ամուսնություններն օրինականացրած առաջին ասիական երկիրը

Նույնասեռական պրոֆեսորի մահը կարող է նպաստել, որ Թայվանը դառնա նույնասեռ ամուսնություններն օրինականացրած առաջին ասիական պետությունը, գրում է The Guardian-ը:

Հոկտեմբերի 16-ին ծագումով ֆրանսիացի Ժակ Պիքյուն 9-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից դուրս էր նետվել: Համալսարանում ֆրանսերեն դասավանդող 67-ամյա պրոֆեսորի մահն ընկերները որակել են դեպրեսիայի հողի վրա ինքնասպանություն: Նրանք պատմել են, որ պրոֆեսորի դեպրեսիայի պատճառն իր զուգընկերոջ՝ Ցզեն Չինգ- Ջաոյի մահն է: Ցզենը, որի հետ պրոֆեսորն ապրել է 35 տարի, 2015-ին մահացել էր քաղցկեղից: Իշխանությունները Պիքյուին թույլ չեն տվել զուգընկերոջ կյանքի վերջին օրերին մասնակցել բժշկական որոշումների կայացմանը և չեն ընդունել Ցզենի ունեցվածքի վերաբերյալ նրա իրավունքները, քանի որ պետությունում նույնասեռ ամուսնությունների բացակայության հետևանքով զուգընկերների միությունն իրավաբանորեն գրանցված չի եղել:

Երկրի ԼԳԲՏԻ համայնքն ուժեղացրել է ճնշումները կառավարության և նախագահ Ցայ Ինվենի վրա. վերջինս հունվարին ընտրվելիս խոստացել  էր պաշտպանել ԼԳԲՏԻ անձանց իրավունքները:

«Դեռ որքա՞ն մարդկային կյանքեր մենք պետք է կորցնենք կառավարության անգործության պատճառով»,- ասված է ԼԳԲՏԻ ասոցիացիայի հայտարարությունում:

Պիքյուի մահը հասարակության շրջանում այնպիսի ապրումակցում և քննարկումներ է հրահրել, որ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հարցերով  զբաղվող Pride Watch Taiwan լոբբիստական խումբը դեպքը որակել է Թայվանում գեյ շարժման պատմության առանցքային պահ:  

Երկրի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել նույնասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ օրինագիծ, որի հեղինակ, Թայվանի Դեմոկրատական պրոգրեսիվ կուսակցության անդամ Յու Մեին խոստովանում է, որ ինքն այդքան ուժեղ աջակցություն չէր ունենա, եթե Պիքյուի մահվան դեպքը չլիներ:

«Այս դեպքը հուզել է մարդկանց»,- ասել է նա,- «ԼԳԲՏԻ համայնքը շատ զայրացած էր: Դա մեծ ճնշում եղավ մեր կուսակցության և այլոց վրա»:

Թայվանի առաջին ԼԳԲՏԻ մրցանակաբաշխության կազմակերպիչ Ջեյ Լինը նշել է, որ դեռևս շատ անելիքներ կան հասարակության շրջանում նույնասեռ հարաբերությունների վերաբերյալ տաբուները կոտրելու համար, բայց հաստատել է, որ Պիքյուի մահը մեղմացրել է հասարակության դիրքորոշումն այս հարցով:

Օրինագծի հրապարակումից մեկ օր անց Պիքյուի ու Ցզենի մասունքները միասին Թայվանի հարավ-արևելյան ափից ծով են բաց թողնվել: