Գերմանիայում ինտերսեքսուալների համար կավելացվի «երրորդ սեռ» սյունյակը

Գերմանիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ ծննդյան վկայականներում պետք է ավելանա «երրորդ սեռ» սյունյակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այսպիսով՝ Գերմանիան դառնում է առաջին եվրոպական երկիրը, որտեղ ինտերսեքսուալները հնարավորություն կունենան իրենց իդենտիֆիկացնել կին կամ տղամարդ սեռային դասակարգումից դուրս:

Դատարան էր դիմել մի աղջիկ, սակայն նրա քրոմոսոմների ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ կենսաբանորեն նրան անհնար է որևէ սեռի դասակարգել:

Ինտերսեքսուալների իրավունքների համար պայքարող ակտիվիստները դատարանի այս որոշումը «փոքրիկ հեղափոխություն» են անվանել:

Կառլսրուեի սահմանադրական դատարանը որոշել է, որ մինչև 2018-ի վերջը կառավարությունը պետք է լրացուցիչ գենդերային կատեգորիա ավելացնող օրենք ընդունի:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ գոյություն ունեցող համակարգը խտրականության է ենթարկում ինտերսեքսուալներին: Ենթադրվում է, որ երրորդ սեռը փաստաթղթերում նշվելու է կամ որպես «ինտեր» կամ որպես «այլ»:

Ինչպես հայտնել է Գերմանիայի խորհրդարանի ներկայացուցիչը, Բունդեսթագը մտադիր է իրականացնել դատարանի պահանջը:

«Երրորդ ընտրություն» խմբի ակտիվիստները, որոնք ակտիվորեն պաշտպանում էին նախաձեռնությունը, իրենց Twitter-ի պաշտոնական էջում գրել են, որ «ապշած են և կորցրել են խոսելու ունակությունը»:

Ինտերսեքսուալ են համարվում մարդիկ, որոնք ունեն և՛ իգական, և՛ արական սեռական հատկանիշներ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ աշխարհի բնակչության մոտ 1.7 տոկոսն ինտերսեքսուալ է: Պաշտոնական մակարդակով ինտերսեքսուալները որպես առանձին գենդերային դասակարգ ընդունված են Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հնդկաստանում, Նեպալում և Միացյալ Նահանգներում:

Գերմանիայում սկսած 2013-ից ինտերսեքս անձիք կարող էին չլրացնել սեռական պատկանելության մասին սյունյակը: Մինչ այդ, նույնիսկ վիճելի իրավիճակում իշխանությունները նշում էին կամ իգական, կամ արական սեռը:

Հունվարին բելգիացի մոդել Հաննա Գաբի Օդիլը հայտարարել էր, որ ինտերսեքսուալ է՝ հույս ունենալով, որ դա կօգնի «վերացնել տաբուն»:

Մայիսին Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը մերժել էր «չեզոք սեռի» գրանցման հայցը: Դատարան դիմած անձը 66-ամյա հոգեթերապևտ էր, որը գրանցված էր որպես տղամարդ, սակայն ծնվել էր առանց հեշտոցի կամ առնանդամի: Դատարանը որոշել էր, որ սեռական դասակարգումն ընկած է սոցիալական ու իրավական համակարգերի հիմքում, ուստի երրորդ սեռի ընդունումն իր հետ կբերի «մասշտաբային օրենսդրական փոփոխություններ»: