Գերմանիայում կչեղարկվեն 50 հազար նույնասեռականների դեմ դատավճիռները

Նացիզմի կողմից հետապնդված նույնասեռականների հուշարձան, Բեռլին

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել Արդարադատության նախարար Հայկո Մաասի օրինագծին, որը նախատեսում է չեղարկել նույնասեռական լինելու համար նացիստների կայացրած դատավճիռները, գրում է Newsru.com-ը:

Ըստ օրինագծի՝ մեղադրանքները կհանվեն շուրջ 50 հազար տղամարդկանց վրայից: Նրանք բոլորը դատվել էին դեռևս 1871-ին ընդունված «Պարագրաֆ 175»-ով: Նացիստներն այն զգալիորեն խստացրել էին: Օրենքը պատժի ժամկետներ չէր նախատեսում՝ այդ որոշումը թողնելով դատավորին:

Դատապարտվածներին նախատեսվում է որպես փոխհատուցում վճարել 3000 եվրո՝ պատժի համար և 1500-ական եվրո՝ բանտում անցկացրած յուրաքանչյուր տարվա համար: Նոր օրինագիծը դեռևս պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: Գերմանիայում նույնասեռական լինելու պատճառով դատապարտված մոտ հինգ հազար տղամարդ դեռևս կենդանի է:

Համաձայն գերմանացի սեքսոլոգ Գյունտեր Գրաուի կողմից 2004-ին հրապարակած տվյալների՝ նույնասեռական լինելու համար դատապարտված տղամարդկանց թիվը Բուխենվալդում ամեն տարի աճում էր: 1938-ին 11 հազար բանտարկյալներից 27-ը նույնասեռականներ էին, իսկ 1945-ին 80 հազարից գրեթե 200-ն էին գեյեր: