Գնա՛, ԼԳԲՏԻ անձանց գովքն այլ վայրում արա. Արմեն Ռուստամյան

Ազգային ժողովի ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը LGBTnews.am-ի լրագրողին թույլ չէր տալիս ավարտել հարցերն ու  պարբերաբար ընդհատելով՝ իր դիրքորոշումն էր հայտնում ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ:

– Պարո՛ն Ռուստամյան, ամռանը Դաշնակցությունը Եվրախորհրդարանի «Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ ալյանս» պատգամավորական խմբակցության հետ հուշագիր է ստորագրել` պարտավորություն ստանձնելով նպաստել Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան հակախտրական օրենքի ընդունմանը: Միջազգային չափանիշները ենթադրում են ի թիվս այլ խմբերի նաև ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության բացառում…

– Մեր համագործակցության մեջ նման բան չկա: Խտրականության հարցը կա. այն, որ մենք չպիտի թույլ տանք, որ խտրականություն տեղի ունենա, բայց նման բան չկա:

 – Ձեր կարծիքով` ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ…

– Մենք ազգային նկարագիր ունեցող ազգ ենք: Մենք ունենք Սահմանադրություն, որում պարզ գրել ենք, որ կինն ու տղամարդը… Եթե ձեր ասածով շարունակենք՝  տղամարդը տղամարդու հետ պիտի ամուսնանա… Իմ կարծիքով՝ սեռերը երկուսն են, ոչ թե վեցը:

– Ձեր այսպիսի դիրքորոշումն ինքնին խտրկան չէ՞ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ:

– Ո՛չ, իսկ այ երկուսը վեց սարքելը խտրականություն է: Սեռերը երկուսն են, 6-ը չեն, էդպես 16 էլ կդառնան, 32 էլ:

– Միայն այն հանգամանքը, որ հասարակության մի մասն, այդ թվում, փաստորեն, դուք,  կարծում եք, որ «սեռերը երկուսն են», պետությանն իրավունք կարո՞ղ է տալ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերել ու նրանց զրկել  այլոց հետ համահավասար իրենց իրավունքներն իրացնելու, օրինակ՝ միմյանց հետ ամուսնանալու իրավունքից:

– Մենք Սահմանադրությամբ սահմանել ենք, որ կինը և տղամարդը միմյա՛նց հետ պիտի ամուսնանան:

– Ամուսնության վերաբերյալ Սահմանադրության ձևակերպումը նույնասեռական անձանց չի արգելում ամուսնանալ, իսկ այն, ինչ արգելված չէ օրենքով՝ թույլատրելի է:

– Ո՛չ, հստակ է գրված Սահմանդրության մեջ, թե ում հետ են ամուսնանում:

– Պարո՛ն Ռուստամյան, DIY ակումբի պայթեցումից հետո Դաշնակցությունում գնահատականները երկու մասի էին բաժանվել…

– Դաշնակցությունը ոչ մի մասի էլ չի բաժանվել: Դաշնակցությունը միշտ հստակ է գործել, մենք մարդու իրավունքները հարգում ենք, բայց մեզ չպետք է պարտադրեն իրենց սեփական համոզմունքները: Մարդու ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլ անձանց իրավունքները:

– Ինչո՞վ է, օրինակ, ԼԳԲՏԻ անձանց ամուսնությունը սահմանափակելու ձեր իրավունքը:

– Գնա՛, ԼԳԲՏԻ անձանց գովքն այլ վայրում արա:

– Ես որևէ մեկի գովքն անելու խնդիր չեմ դրել իմ առջև, ցանկանում եմ պարզել Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավարի դիրքորոշումը հասարակության մի խմբի` ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ:

– Ի՞նչն եք ուզում հասկանալ:

– Թե ինչով է ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ճանաչումը խանգարում ձեր իրավունքների իրացմանը:

– Իմ իրավունքը չի սահմանափակում: Ես իմ արժեհամակարգն ունեմ և իմ արժեհամակարգի մեջ ապրում եմ, մեկ այլ անձ ունի մեկ այլ արժեհամակարգ և նա էլ ապրում է իր արժեհամակարգում: Իրենք ինձ իրենց արժեհամակարգը չպիտի պարտադրեն:

– Չեն պարտադրում: Ընդամենն ուզում են, որ իրենց էլ, ՀՀ այլ քաղաքացիներին հավասար, ամուսնանալու և այլ իրավունքներ տրվեն, խտրական չվերաբերվեն: Իրավահավասարությունը չե՞ք կարևորում:

– Ընտանիքը նշանակում է պրոդուկտ տալ:

– Այն ընտանիքներին, որոնք երեխա չեն ցանկանում կամ չեն կարող ունենալ, ընտանիք չե՞նք կարող համարել:

– Ընտանիքում պիտի սերունդներ առաջանան, աճեն, բազմանան, իսկ այդպիսի ընտանիքը բազմացմանը չի նպաստում: Ինչ վերաբերում է չբերությանը, դա հիվանդություն է: Իսկ ԼԳԲՏԻ անձինք ընտանիք կազմելու բնական հատկանիշը չունեն, որովհետև իրենցով մարդկությունը չի բազմանում:

– Պարո՛ն Ռուստամյան, Հայաստանը միջազգային բազմաթիվ պարտավորություններ է ստանձնել ԼԳԲՏԻ անձանց իրավունքները պաշտպանելու վերաբերյալ…

– Դու հարցաքննության չես եկել, այլ հարցազրույցի, հարցաքննությունն ու հարցազրույցը մի՛ խառնի: Եթե նպատակադրված եկել ես ինչ-որ բան կորզելու, ապա նման բան չկա, ես հարգում եմ բոլորի իրավունքները:

– Հարցազրույցներն արվում են բոլոր պատգամավորների հետ՝ ճշտելու համար նրանց դիրքորոշումն ու քայլերը՝ կապված ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հետ

– Հարցազրույցն ավարտվեց:

– Ի՞նչ եք կարծում, պետք է անտեսե՞լ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները:

– Ասացի ավարտվե՛ց, հարցազրույցն ավարտվե՛ց, ա-վարտ-վե՛ց…